Կգա մի օր, երբ Հայաստանը չի լինի ՄԱԿ-ի անդամ. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը «Վերլուծական» խորագրի ներքո գրում է.

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձևին Հայաստանը երեկ դեմ է քվեարկել: Այս նախադասությունից հետո, ուկրաինական իրադարձություններին, այդ իրադարձությունների հանդեպ համաշխարհային արձագանքներին, Ռուսաստանի գործողություններին ազդեցիկ տերությունների տված գնահատականներին քիչ թե շատ ծանոթ մարդու համար շարունակություն արդեն պետք չէ: Այդ մարդը կպատկերացնի, թե ինչ ասել է Հայաստանը դեմ է քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին:

Եթե կան մարդիկ, ովքեր այդուհանդերձ չեն պատկերացնում, թե դա ինչ է, ապա թվարկենք, թե Հայաստանից բացի այդ դեմ քվեարկողների, կամ այլ կերպ ասած Ռուսաստանին կողմ քվեարկողների շարքում որ պետություններն են՝ Բելառուս, Հյուսիսային Կորեա, Զիմբաբվե, Կուբա, Սիրիա, Բոլիվիա, Նիկարագուա, Սուդան: Հիմա երևի թե արդեն չկա մարդ, որի համար պարզ չէ, թե ինչ է կատարվել ՄԱԿ-ում:

Նախօրեին, Հայաստանի ԱԳՆ-ի խոսնակը կամ իրականում Հայաստանում Ռուսաստանի ԱԳՆ-ի մասնաճյուղի խոսնակը հայտարարել էր, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու բանաձևին: Սա թվում էր բավական հավասարակշռված և օպտիմալ որոշում էր, որը և պետք է աներ Հայաստանը: Սակայն, պարզվում է, որ Հայաստանի, այսպես կոչված, արտաքին քաղաքականության ասպարեզում սուտ խոսելը միայն նախագահի կամ վարչապետի, կամ հենց արտգործնախարարի պաշտոնները զբաղեցնող մարդկանց զբաղմունքը չէ, որոնք կարող են չորս տարի շարունակ Եվրամիությանը, աշխարհին, սեփական հանրությանը մի բան ասել, հետո մի գիշերում անել մեկ այլ բան:

Փաստորեն, սուտ խոսելը արդեն ուղղակի աշխատակարգ է, որ կիրառվում է Հայաստանի իշխանության բոլոր մակարդակներում: Սակայն, պետք է ասել, որ սուտն այստեղ ամենամեղմն է, որ առկա է:

Հայաստանը հայտնվել է պետությունների մի շարքում, որոնք, մեղմ ասած, հանդիսանում են հետադիմության խորհրդանիշներ, որոնք մերժված են առաջատար աշխարհի մոտ, որոնց հետ ոչ ոք չի ուզում գործ ունենալ՝ անհաջողակ Ռուսաստանից բացի իհարկե, որոնք ընդունված չեն ոչ միայն Արևմուտքում, այլ նաև Արևմուտքի հետ առանձնապես սերտ հարաբերություններ չունեցող Չինաստանում, Իրանում անգամ: Այս երկրները, այսպես ասած, Ռուսաստանի հաճախորդներն են, որ պետք են, ենթադրենք, Աբխազիան կամ Օսիան ճանաչելու համար, որոնց ճանաչածը սակայն չճանաչած ունեն աշխարհի բոլոր երկրները:

Հայաստանը հայտնվել է լուսանցքում, հայտնվել է լուսանցքում` չունենալով նավթ ու գազ, ինչպես այդ լուսանցքի որոշ երկրներ, սակայն ունենալով բավական լուրջ խնդիրներ՝ հայ-թուրքական, ղարաբաղյան: Խնդիրներ, որոնց պարագայում, մեղմ ասած, էական է համաշխարհային հանրության դրական վերաբերմունքը, դրական գնահատականները երկրի քաղաքակրթական դիմագծին, երկրի վարկանիշը, միջազգային իմիջն է չափազանց կարևոր, կարևոր է, թե տվյալ երկրի անունն արտաբերելիս աշխարհում ինչ են հասկանում, ինչ են պատկերացնում, ինչ են զգում: Քաղաքակրթական իմիջը, քաղաքական նկարագիրը, արժանապատվությունը, գործընկերային բնութագիրը Հայաստանի անփոխարինելի զենքերը պետք է լինեին ադրբեջանական նավթագազային զինանոցի դեմ, Հայաստանն այդ զենքերը մեկը մյուսի հետևից գցում է մի կողմ, Հայաստանի իշխանությունները հանուն իրենց դիրքերի մեկը մյուսի հետևից դեն են նետում Հայաստանի համար կենսական այդ զենքերը և խոնարհվում Ռուսաստանի առաջ, վերածվում Ռուսաստանի կամակատարի, Հայաստանը դարձնում Ռուսաստանի կցորդ:

Եվ իրերի այս դրվածքի արդյունքն ակնհայտ է: Եվ ակնհայտ է նաև, որ քանի իրերի այս դրվածքն է, այլ արդյունք սպասելը արդեն իսկապես միամտություն է, ինչպես որ միամտություն է ավելի ու ավելի հպատակային որոշումներ չսպասելը: Եվ այդպես կլինի, քանի դեռ Հայաստանում կայսրության ֆավորիտ ուժի համար առկա այս մրցակցությանը զուգահեռ չձևավորվի քաղաքացիական, հասարակական կամ քաղաքական մի շարժում, մի ուժ, որը հանդես կգա Հայաստանի ռուսահպատակացման այս տոտալ քաղաքականության դեմ, որը հանդես կգա Հայաստանի ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքի օգտին, որը իշխանությունների հետ մրցակցության մեջ չի մտնի Ռուսաստանին կամ որևէ մեկին ծառայություններ մատուցելու հարցում, որը իր ծառայությունները կառաջարկի բացառապես հասարակությանը և կստիպի իր հետ հաշվի նստել և՛ մետրոպոլիային, և՛ նրա տեղապահներին:

Հակառակ դեպքում կգա մի օր, երբ ՄԱԿ-ում Հայաստանը դեմ չի քվեարկի, չի քվեարկի ընդհանրապես, որովհետև Հայաստանը չի լինի ՄԱԿ-ի անդամ:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս