Բաժիններ՝

Պարտադիր կուտակայինին ավելի շատ դեմ են Երևանում. հարցում

Հայաստանում կենսաթոշակային բաեփոխումների մասին հանրային իրազեկվածության և վերաբերմունքի վերաբերյալ USAID PRIP ծրագիրն անցած տարի դեկտեմբերին իրականացրել է հետազոտություն Երևան քաղաքի, Արարատի և Կոտայքի մարզերի ընդհանուր 1200 տնային տնտեսություններում, դեմ առ դեմ հարցման սկզբունքով: Ինչպես այսօր հետազոտության ադյունքների ներկայացման ժամանակ հայտնեց այն իրականացրած AP Partners ընկերության ներկայացուցիչ Վարդան Աղբալյանը, կենսաթոշակային բարեփոխումների մասին տեղյակ են հարցվածների 86%-ը: Ըստ նրա՝ այդ ցուցանիշը կարելի է համարել բավականին բարձր, եթե նկատի առնվի այն, որ 2010 թ. Այն կազմում էր 36%. «Միևնույն ժամանակ, հարցվածների գրեթե կեսը, ովքեր դեմ են արտահայտվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, դրականորեն փոխել են իրենց վերաբերմունքը, երբ ծանոթացել են համակարգի մանրամասներին և հատկապես, երբ տեղեկացել են կենսաթոշակային կուտակումներից սպասվող եկամուտների մասին»:

Վ. Աղբալյանը նշեց, որ մարդիկ առավել տեղյակ են կենսաթոշակային բարեփոխումների ընդհանուր դրույթներին (օրինակ՝ ներդրման ժամկետ, մասնակիցների տարիքային սահմանափակումներ և այլն), քան բուն բովանդակային խնդիրներին, ինչպես օրինակ, կենսաթոշակային ֆոնդերի տեսակները, ակտիվների կառավարման սկզբունքները և այլն:

Տղամարդկանց և կանանց տեղեկացվածության մակարդակները հիմնականում նույնն են՝ 85% և 86%, բայց, ըստ Վ. Աղբալյանի, կենսաթոշակային բարեփոխումների մասին տեղեկացվածության և վերաբերմունքի ցուցանիշները նկատելիորեն տարբերվում են ըստ տարիքի և բնակավայրի (քաղաք և գյուղ): Նա նշեց, որ իրազեկվածության մակարդակը համեմատաբար բարձր է քաղաքային բնակավայրերում՝ 89%, իսկ գյուղական բնակավայրերում՝ ընդամենը 80%:

Ըստ հետազոտության՝ բարեփոխումների անհրաժեշտության ընկալումը բարձր է երիտասարդ բնակչության շրջանում (32%), 40-ից բարձր տարիքի բնակչության համեմատ (13%): Մարզերում բնակվող հարցվածների մոտ 40%-ը կողմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի ներդրմանը, մինչդեռ՝ Երևանում պարտադիր կուտակային բաղադրիչին կողմ են հարցվածների միյան 21%-ը: Ընդհանուր առմամբ, երիտասարդների համեմատ՝ 40-ից բարձր տարիքի բնակչությունն ավելի իրազեկված է:

Հարցվածների 63%-ը կենսաթոշակային բարեփոխումներն արդարացված չեն համարում: Այս դիրքորոշումը հիմնականում բացատրվում է պետության և իշխանությունների նկատմամբ վստահության բացակայությամբ, ինչպես նաև բարձր գործազրկության և աշխատանքի ցածր վարձատրության հիմնավորումներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս