Այընտրանքն՝ ընդդեմ այլընտրանքի
«Եթե կա վստահության պակաս, ապա դա ոչ թե Կառավարության նկատմամբ է, այլ պետության»,- երեկ խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նմատմամբ հասարակական դժգոհության մասին` ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Վերջինս իշխանության այն եզակի կրթված ներկայացուցիչներից է, ով վստահաբար գիտի պետության և իշխանության, պետության և կառավարության՝ ինչպես տեսական սահմանումներն ու գործնական տարբերությունները, այնպես էլ պատմական այն օրինակները, թե ինչ ավարտ են ունենում այն գործիչները կամ խմբերը, ովքեր իրենց նույնացնում են պետության հետ:
Պարոն Մինասյանը հաստատ գիտի նաև, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարում են բավականաչափ կրթված երիտասարդներ, ովքեր իրենց հերթին` տարբերակում են պետություն ու կառավարություն հասկացությունները և դրա համար իրենց բողոքն արտահայտում են ոչ թե Հայաստանի անկախության հռչակագրի տեքստի, այլ կառավարության դեմ:
Ու եթե այսքանից հետո Գագիկ Մինասյանը նման պատասխանատու հայտարարություն է անում, նշանակում է՝ նա գիտի նաև, որ իրականում իշխանություն ունեցող մարդիկ իրենց նույնացնում են պետության հետ: Գիտի ու որպես պարկեշտ մարդ` հասարակությունից չի թաքցնում իրականությունը՝ միևնույն ժամանակ չնշելով այդ մարդու կամ մարդկանց անունները: Այլապես պետք է արձանագրել, որ ըստ Գագիկ Մինասյանի` ո՛չ պետություն ունենք՝ այդ երևույթի` մարդկությանը հայտնի իմաստով, ոչ էլ կառավարություն:
Եվ քանի որ հակված չենք կարծելու, որ Գագիկ Մինասյանը ցանկացել է ասել, թե Հայաստանում կան իշխանությունն ուզուրպացրած ու իրենց պետության հետ նույնացնող մարդիկ (ինչպես դա, այնպես էլ այդ մասին իմանալ-չհայտնելը քրեական հանցագործություններ են), մնում է ենթադրել, որ նա նկատի է ունեցել պետության ու կառավարության բացակայությունը:
Հենց այդ տրամաբանության մեջ է տեղավորվում նրա մեկ այլ՝ ոչ պակաս ուշագրավ հայտարարություն: «Ենթադրում եմ, որ մեր ընդդիմադիր ուժերն այլընտրանք քաղաքական ուժին կտեղափոխեն ընդդիմադիր դաշտ կամ հակառակը՝ այլընտրանքն ընդդիմադիր ուժերին կտեղափոխի այլընտրանք։ Այդպիսով` կստացվի, որ ընդդիմություն չենք ունենա։ Իսկ այլընտրանքային ուժի ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ ինքն ընդդիմություն չի դառնա»,- ասել է նա: Ամեն ինչ շատ ճիշտ է՝ եթե չկա պետություն և նորմալ իշխանություն, երկրում չի կարող լինել նաև ընդդիմություն: Հայաստանում իրականում իշխանության անվան տակ գործում է համակարգ, որի ներկայացուցիչների մեծամասնության համար պետությունը մեծ փող աշխատելու հնարավորություն է: Այդ համակարգի դեմ պայքարող համակարգն էլ ոչ թե ընդդիմություն է, այլ մարդկանց մեկ այլ խումբ, որը ցանկանում է վերականգնել պետության անվան տակ փող աշխատելու հնարավորությունը:
Դե ֆակտո իշխանություն ունեցող ՀՀԿ-ն իրականում իշխանության այլընտրանքն է, որը զբաղեցրել է իշխանությունը, ԲՀԿ-ն էլ` այդ այլընտրանքի դեմ պայքարող այլընտրանքը: Հետևաբար` իշխանություն է նաև ԲՀԿ-ն: Խուճո՞ւճ է ստացվում: Այո: Բայց դա է Հայաստանում քաղաքականություն կոչվող երևույթի իրական վիճակը: Այնպես որ, առաջ` դեպի բարգավաճ, ապահով Հայաստան: