Տեր Արամը չի կարողանում զանազանել հարգանքն ու վախը, իսկ անթույլատրելի բամբասանքը, որ երեկ հնչեցրեց Հանրայինի եթերում, որևէ աղերս չունի քրիստոնյայի կերպարի հետ. Տեր Նարեկ

Տեր Նարեկ քահանա Սարգսյանն արձագանքել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի կողմից Հանրային հեռուստաընկերության եթերում հչեցված հայտարարություններին․

«Ցավոք, երեկ Հանրային Հեռուստաընկերությունը եթեր է տրամադրել Արագածոտնի թեմում սպասավորող Տեր Արամ քահանա Ասատրյանին, որտեղ վերջինս իր անձնական նեղսրտվածությունն ու որոշ բամբասանքներ ներկայացնում էր որպես մեր Սուրբ Եկեղեցում առաջացած լուրջ խնդիր՝ սույնով հող բացելով իշխանության կողմից նախաձեռնված հակաեկեղեցական արշավին:

Ակնհայտ է, որ Տեր Հայրը զուրկ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգուկանոնից, նվիրապետական կարգից, եկեղեցաբանությունից և հովվական ծառայության գիտակցությունից։ Նրա խոսքից պարզ է դառնում, որ վերջինս իր անձնական հարցերը լուծելու համար փորձում է ներքաշել նաև իր համայնքի ազնիվ հավատացյալներին, իսկ որ ավելի զազրելի է՝ առանց վարանելու իրեն իրավունք է վերապահում մեկ այլ թեմի առաջնորդին բնութագրել խիստ վիրավորական ձևակերպումներով և իրեն համեմատել Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ։

Ցավում ենք նաև, որ Տեր Արամը չի կարողանում զանազանել հարգանքն ու վախը, իսկ անթույլատրելի բամբասանքը, որ երեկ հնչեցրեց Հանրայինի եթերում, որևէ աղերս չունի քրիստոնյայի կերպարի հետ։ Եկեղեցականը պետք է քաջ գիտակցի, որ իր անձնական հայացքներն ու պատկերացումները, որոնք կտրված են իրականությունից և չեն նույնանում եկեղեցական կյանքի հետ, չպետք է դառնան մարդկանց գայթակղության պատճառ։

Նորից գալով Տեր Հոր անթույլատրելի արարքին՝ կոչ ենք անում մեր հավատավոր ժողովրդին զերծ մնալ բամբասանքների վրա հիմնված որևէ պնդումից։ Սույն արարքը խաթարում է մեր Սուրբ Եկեղեցու միասնականությունը և հող նախապատրաստում տարաբնույթ աղանդներին ու հակաեկեղեցական որոշ շրջանակներին՝ պղտոր ջրում ձկնորսությամբ զբաղվելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս