
Գազայի հատվածում 50-ից ավելի մարդ է զոհվել իսրայելական հարվածներից

Սեպտեմբերի 17-ի լուսաբացից ի վեր, ըստ Գազայի հատվածի առողջապահական իշխանությունների, իսրայելական ուժերի կողմից սպանվել է 51 պաղեստինցի, այդ թվում 38 -ը՝ Գազա քաղաքում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Տեղեկություններ են հաղորդվում, որ իսրայելական բանակի կողմից ինտենսիվ ռազմական էսկալացիայի ֆոնին Գազա քաղաքի մեծ մասում անջատվել են հեռահաղորդակցության և ինտերնետային ծառայությունները։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական ուժերը դիտավորյալ խափանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձերը՝ վառելիք մատակարարել Գազայի հիվանդանոցներ։
«Օկուպացիայի կողմից հիվանդանոցային գեներատորների շահագործման համար անհրաժեշտ վառելիքի մատակարարման խափանումը նշանակում է առողջապահական ծառայությունների լիակատար դադարեցում։ Վառելիքի ճգնաժամը սպառնում է փակել կենտրոնական թթվածնային կայանը և դադարեցնել շտապօգնության մեքենաների աշխատանքը, ինչը լուրջ առողջապահական և հումանիտար աղետ է», – նշվել է հայտարարության մեջ։
Նախարարությունը նաև դատապարտել է Իսրայելի կողմից առ-Ռանտիսիի մանկական հիվանդանոցի թիրախավորումը։ Հիվանդանոցում բուժում են ստանում քաղցկեղով, երիկամների հիվանդությամբ, շնչառական հիվանդություններով և մարսողական խանգարումներով երեխաներ, այդ թվում՝ նորածիններ: Հաղորդվում է, որ հարձակումը հիվանդների գրեթե կեսին ստիպել է ընդհատել բուժումը և լքել հիվանդանոցը:
Իսրայելական բանակը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում պաղեստինյան անկլավում շարունակվող ռազմական գործողությունների շրջանակներում թիրախավորել են 140 նպատակակետ։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 64 964-ի, վիրավորվել է 165 312 մարդ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։