Ճակատագրի՞, թե՞ քաղաքականության հեգնանք. Տեր-Պետրոսյանն իշխանության է բերում «պատերազմի կուսակցությանը»

Ոչ իշխանական ուժերի համախմբումը՝ հաջողության հասնելու դեպքում, կարող է հանգեցնել Հայաստանում ամբողջական իշխանափոխության: Համենայնդեպս, այդպես են վստահեցնում այդ ուժերից առնվազն երկուսը՝ «Ժառանգությունը» և հատկապես Հայ ազգային կոնգրես կուսակցությունը: Կոնսոլիդացիայի գործընթացում առանցքային դերակատարում ստացած ԲՀԿ-ն խուսափում է (գուցե՝ առայժմ) ամբողջական իշխանափոխության մասին հրապարակային հայտարարություններից, սակայն հասկանալի է, որ Գագիկ Ծառուկյանը չէր մտնի այս գործընթացի մեջ, եթե նպատակակետն ավելի խոստումնալից չլիներ: Բացառված չէ, իհարկե, որ Ծառուկյանը գերադասեր ընդհանրապես զերծ մնալ որևէ հակաիշխանական գործընթացում ընդգրկվելու՝ նաև վտանգավոր հեռանկարից:

Սակայն բացառված չէ նաև, որ իրեն այլընտրանք հռչակած այդ ուժի ղեկավարը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական երկարաժամկետ ծրագրերը սպասարկելուց հրաժարվելու այլընտրանք չի ունեցել: Բայց դա այս պահին չի փոխում իրերի դրությունը: Փաստն այն է, որ գործընթացը սկսվել է, ու բացառված չէ, որ հաջողության հասնի: Իսկ ո՞րը կարող է լինել դրա վերջնարդյունքը: Ամբողջական իշխանափոխությունը, ինչպես խոստանում է ՀԱԿ-ը: Այսինքն՝ ոչ միայն կառավարության, այլ նաև նախագահ Սերժ Սարգսյանի փոփոխությունը:

Ընդունենք, որ ԲՀԿ-ն կգնա մինչև վերջ, ճանապարհի կեսից հետ չի քաշվի ու ամբողջությամբ կծառայի ամբողջական իշխանափոխության նպատակին: Սակայն արդյո՞ք դա լինելու է այն հանգրվանը, որը, ինչպես հայտարարում են ոչ իշխանական ուժերը և ինչպես ցանկանում և կարծում է հասարակության զգալի հատվածը, կարող է դառնալ Հայաստանի ներկայիս վիճակի փրկությունը: Այն, որ իշխանափոխությունն անհրաժեշտություն է, քննարկման ու վիճարկման ենթակա չէ: Սակայն հայաստանյան նախկին փորձն  ու ներկայիս իրողությունները հաշվի առնելով՝ չափազանց կարևոր է «ինչպե՞ս» հարցի պատասխանը:

Այս հարցին պատասխանելու համար, թերևս, պետք է հասկանալ հնարավոր իշխանափոխության տեսանելի սխեման՝ հիմնվելով այն «ճանապարհային քարտեզի» վրա, որը հրապարակավ ներկայացվում է ոչ իշխանական ուժերի կողմից:
«Հրաշալի քառյակի» հայտարարած նպատակը կառավարության և նրա ղեկավարի փոփոխությունն է: Քառյակի անդամների առնվազն մի մասը վստահեցնում է, որ դա միջանկյալ նպատակ է: Այսինքն՝ նրանց միջանկյալ նպատակն է՝ վարչապետի պաշտոնում տեսնել քառյակի թեկնածուին: Թե ինչ անուն-ազգանունով, ըստ էության, քիչ էական է ընդհանուր գործընթացի տրամաբանության տեսանկյունից: Հասկանալի է, այդուհանդերձ, որ եթե ոչ՝ քառյակի բոլոր անդամների, ապա դրա հիմնական անդամի՝ ԲՀԿ-ի համար  ամենացանկալի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է: Այսպիսով, եթե ոչ իշխանական ուժերը միջանկյալ հաջողություն արձանագրեն, ապա վարչապետ կարող է դառնալ Ռոբերտ Քոչարյանը կամ քառյակի երաշխավորությամբ՝ Պողոս Պողոսյանը: Իսկ ի՞նչ կլինի դրանից հետո:

Այս սխեմայի իրագործման դեպքում «հրաշալի քառյակը», ըստ էության, կվերցնի իշխանության նաև գործադիր թևը: Նաև՝ որովհետև օրենսդիրը՝ Ազգային ժողովը,  գոնե ղեկավարության մասով կարելի է վերցված համարել. ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն է: Ոչ իշխանական ուժերը հույս ունեն, որ իրենց կմիանան նաև հանրապետական այլ պատգամավորներ:

Ուշադրություն դարձրեք, վերջին օրերին հայաստանյան քաղաքական լեքսիկոնում կրկին ակտուալ է դարձել «առնետավազք» արտահայտությունը՝ Հայաստանի քաղաքական համակարգի աղճատմանը, դեգրադացմանը նպաստած ամենաարատավոր երևույթը:

Այսպիսով, կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում  հաջողություն արձանագրելու դեպքում քառյակը կարող է ունենալ կառավարություն՝ սեփական վարչապետով, և խորհրդարան՝ արդեն իսկ սեփական ղեկավարությամբ ու ՀՀԿ-ական պատգամավորներին դավանափոխ անելու հաշվարկով: Դրանից հետո նախագահին իմպիչմենթ հայտնելը կամ որևէ այլ տարբերակով նրան հրաժարական պարտադրելը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:

Այսինքն՝ ոչ իշխանական ուժերի ծրագրերի հիմքում լայն իմաստով ընկած է պալատական հեղաշրջման գաղափարը: Դրա իրագործման դեպքում, անկախ նրանից՝ այդ պահին ով կլինի վարչապետը, արտահերթ ընտրությունների արդյունքում, մեծ հավանականությամբ, նախագահ կդառնա Ռոբերտ Քոչարյանը: Դժվար է պատկերացնել, որ նրա թեկնածության դեպքում, ասենք, Հովիկ Աբրահամյանը կամ Գագիկ Ծառուկյանը կառաջադրեն իրենց թեկնածությունը: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է, դեռ անցած տարի չմասնակցեց ընտրություններին՝ տարիքի պատճառով:

Ի դեպ, ամենևին պարտադիր չէ, որ նշված սցենարով պալատական հեղաշրջումը տեղի ունենա միայն խորհրդարանական ու նախագահական աշխատասենյակներում: Հնարավոր է՝ դա ուղեկցվի նաև զանգվածային միջոցառումներով՝ հանրահավաքներով, փողոցային հանդիպումներով, ինչպես իր կուսակիցներին հորդորում էր Գագիկ Ծառուկյանը, և այլն: Բայց արդյունքը դրանից չի փոխվի:

Տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ 1998 թվականի փետրվարի 3-ին: Այսինքն՝ հեղաշրջման միջոցով մեկ անգամ արդեն իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը նույնը կանի նաև երկրորդ անգամ: Ընդ որում, այս անգամ դա կանի այն գործչի միջոցով կամ աջակցությամբ, ում իշխանությունից հեռացրեց 1998 թվականի հեղաշրջմամբ: Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ներքաշվել է մի գործընթացի մեջ (կամ գուցե ինքն է հրահրել այդ գործընթացը), որի արդյունքը կարող է լինել այն, ինչը 16 տարի առաջ իր և իր քաղաքական թիմի կողմից որակվեց՝ որպես Հայաստանի զարգացման դեմ ուղղված, այդ զարգացումը տասնամյակներով հետ գցող հակապետական ակտ:

1998 թվականին՝ թողնելով նախագահի պաշտոնը, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իշխանության է գալիս «պատերազմի կուսակցությունը»: 16 տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանը դարձել է մի քաղաքական նախագծի գաղափարախոսը, որի իրագործման դեպքում նույն այդ ուժը կարող է վերադառնալ իշխանության՝ արդեն «փողի կուսակցության» տեսքով: Ճակատագրի՞, թե՞ քաղաքականության հեգնանք է, դժվար է ասել:

Րաֆֆին ասում էր, որ պատմությունը ոչ միայն անցյալի հայելին է, այլև ներկայի խորհրդատուն: Ասում են նաև, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Պատմության վերաբերյալ հայտնի են բազմաթիվ այլ դատողություններ: Թե հատկապես դրանցից որն է ընկած մասնագիտությամբ պատմաբան, Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության կերտման մեջ անուրանալի ավանդ ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանի  գործնական քաղաքականության հիմքում, դժվար է ասել: Ակնհայտ է միայն, որ նրա այդ  գործողությունների արդյունքում պատմությունը կարող է կրկնվել: Անձամբ իր ու Հայաստանի Հանրապետության համար տխուր հետևանքներ ունեցած պատմությունը:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս