Ռոբերտ Քոչարյան, Հովիկ Աբրահամյան, Կարեն Կարապետյան… Հրաշալի քառյակի վարչապետի թեկնածուները

Ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիոն գործընթացում դոմինանտ դերակատարություն ունեցող ԲՀԿ-ում վերջերս նույնպիսի դերակատարություն ստացած ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարել է, որ կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո ԲՀԿ-ն ցանկություն չունի ղեկավարել նոր կառավարությունը: «Ոչ, ոչ… ԲՀԿ ուզում է Հայաստանում տեսնել այնպիսի կառավարություն, որը համապատասխանում է այն չափորոշիչներին, ինչը մենք կհայտարարենք։ Այսինքն՝ չափորոշիչներ կհայտարարենք ու կասենք, թե՝ այսպիսի կառավարություն ենք ուզում տեսնել, իսկ թե ո՞վ կղեկավարի՝ դա առանձին հարց է, քննարկման հարց է, չորսից որևէ մեկն անձերի խնդիր չի դնում»,- ԱԺ վերջին ճեպազրույցների ժամանակ ասել է Մարգարյանը:

Այն, որ նմանատիպ հայտարարություններ, ապագա կառավարությանը մաս չկազմելու պատրաստակամություն են հայտնում հրաշալի քառյակի մյուս ուժերը, նորություն չէ: Սակայն, երբ նման բան է հայտարարում ԲՀԿ-ն, մեղմ ասած՝ զարմանալի է: Առաջին հայացքից աբսուրդային իրավիճակ է ստացվում. Շուրջ 2 տարի ԲՀԿ-ն քննադատում է կառավարությանը, վերջին երկու ամսում գործնական քայլեր է անում նրան անվստահություն հայտնելու ուղղությամբ՝ միաժամանակ հայտարարելով, թե ցանկություն չունի ղեկավարել նոր կառավարությունը: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞ւմ համար է ԲՀԿ-ն ցանկանում «վերցնել» կառավարությունը:

Հասկանալի է, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի նպատակը Տիգրան Սարգսյանին Առաքել Մովսիսյանով կամ Հրայր Թովմասյանով փոխարինելը չէ, եթե անգամ նրանք մի գիշերվա մեջ տրանսֆորմացվեն ու բավարարեն ԲՀԿ-ի ներկայացրած չափանիշներին:

Պարզ է, որ կառավարության փոփոխությամբ ԲՀԿ-ն ցանկանում է իշխանության մաս ստանալ: Ընդ որում, ուշադրություն դարձրեք, ո՛չ Ստեփան Մարգարյանը, ո՛չ էլ որևէ այլ ԲՀԿ-ական չեն հայտարարում, թե ԲՀԿ-ն չի ցանկանում մաս կազմել կառավարությանը, խոսքն այն ղեկավարելու, այսինքն՝ վարչապետի պաշտոնի մասին է:

Հետևաբար՝ արդյո՞ք ԲՀԿ-ն ցանկանում է հասնել միայն Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությանը և մաս կազմել նրան փոխարինած ցանկացած մեկի ղեկավարած կառավարությանը: Հազիվ թե: Դա կլիներ չափազանց պարզունակ՝ անգամ ԲՀԿ-ի ու նրա ամպլուայի մեջ գործող քաղաքական ուժերի անլրջության աստիճանը հաշվի առնելով: Հետևաբար՝ կա մեկը, ում անունը ԲՀԿ-ն չի հնչեցնում, սակայն  ում համար մտել է այս «խաղի մեջ»:

Բնականաբար, այս կուսակցության ցանկացած նախաձեռնության հետ ասոցիացվող առաջին անունը Ռոբերտ Քոչարյանն է, ով հրապարակավ ոգևորվում է  ԲՀԿ-ի քաղաքական հաջողություններով և կիսում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համագումարյան ելույթում հնչած գնահատականները (այս մասին հայտարարել էր նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը):

Սակայն Ռ. Քոչարյանի նշանակումը վարչապետի պաշտոնում ԲՀԿ-ի համար, ամենայն հավանականությամբ, մաքսիմում պլանն է: ԲՀԿ-ն, թերևս, «իր չափանիշներին բավարարող» կհամարի նաև վարչապետի այլ թեկնածուի, որը կարող է ֆորմալ առումով լինել անգամ ՀՀԿ-ական, սակայն խորքային իմաստով՝ համարվել քոչարյանական: Այդպիսի գործիչների պակաս ՀՀԿ-ի շարքերում չկա: Սկսած՝ ԱԺ նախագահ և վարչապետական անհաս իղձեր ունեցող Հովիկ Աբրահամյանից, վերջացրած՝ կրկին ՀՀԿ-ական, սակայն Հայաստանի հետ ֆորմալ առումով ներկայումս կապ չունեցող ու «Գազպրոմում» աշխատող Երևանի նախկին քաղաքապետ  Կարեն Կարապետյանով:

Կարող է հարց առաջանալ՝ եթե թեկուզ տեսականորեն պատկերացնենք, որ նշված սցենարը հնարավոր է, մի՞թե քառյակի հրաշալի եռյակը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», կհամաձայնեն նշված կամ նշված չափանիշներին բավարարող որևէ այլ թեկնածուի: Գուցե և չհամաձայնեն: Սակայն ո՞վ է հարցնելու նրանց կարծիքը: Նրանք արդեն իսկ համաձայնել են դառնալ մեծ խաղի փոքր զինվորները, իսկ զինվորները, ինչպես հայտնի է, չեն վիճարկում հրամանատարների հրամանները: Եթե անգամ ու առավել ևս՝ հրամանատարը Ռոբերտ  Քոչարյանն է:

Տեսանյութեր

Լրահոս