ԲՀԿ-ն ցանկություն չունի ղեկավարել նոր կառավարությունը. ԲՀԿ-ական պատգամավոր

ԲՀԿ-ն ցանկություն չունի ղեկավարել նոր կառավարությունը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն է ուզում ղեկավարել նոր կառավարությունը, պատգամավորը նշեց. «Ոչ, ոչ… ԲՀԿ ուզում է Հայաստանում տեսնել այնպիսի կառավարություն, որը համապատասխանում է այն չափորոշիչներին, ինչը մենք կհայտարարենք։ Այսինքն՝ չափորոշիչներ կհայտարարենք ու կասենք, թե այսպիսի կառավարություն ենք ուզում տեսնել, իսկ թե ո՞վ կղեկավարի՝ դա առաձին հարց է, քննարկման հարց է, չորսից որևէ մեկը անձերի խնդիր չի դնում»:

Հարցին, թե օրինակ հանաձայն կլինե՞ն, որ կառավարությունը ղեկավարի ՕԵԿ-ը,  Ստեփան Մարգարյանն այսպես արձագանքեց. «Պետք է քննարկենք դա»։ Ի պատասխան այն հարցի, թե արդյոք ԲՀԿ-ն կդադարի՞ իշխանափոխության հարցը բարձրացնել, եթե կառավարության փոփոխություն տեղի ունենա, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ իրենք ցանկություն ունեն ունենալ մի կառավարություն, որը ադեկվատ է լինում հասարակական պահանջներին, այն խնդիրներին, որոնց առաջ կանգնած է երկիրը։ «Եթե այս կառավարությունը կաշխատի և մենք վստահ ենք, որ հնարավոր է դա անել, որ երկրի ազգային անվտանգություն դարձած խնդիրներն ինչ-որ չափով լուծվեն, դա նորմալ ենք գնահատում, իսկ ինչպիսին կլինի հետագայում, դա ժամանակը ցույց կտա, որևէ պայման, որևէ խնդիր ու չլուծված արգելք մենք չենք տեսնում։ Մենք ուզում ենք երկիրը գնա այն հունով, ինչը որ բերելու է զարգացման»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: Նա նաև հայտնեց, որ իրենք շուտով հանրությանը կներկայացնեն այն հիմքերը, տեսակետը, թե ինչպիսի, ինչ փիլիսոփայությամբ աշխատող  կառավարություն են ուզում ունենալ: Եթե այդ հրապարակումից հետո էլ իշխանությունը, նրա խոսքով, «չգնա, մենք արդեն կորոշենք ինչ անել, մենք շարունակելու ենք մեր գործողություները, կհրապարակենք ճանապարհային քարտեզը, որը վերջնական կլինի՝ ցանկացած հարց չորսի համաձայնությամբ»: Իսկ «Ժառանգություն» կուսակցության հետ սպասվող հանդիպմանն անդրադառնալով՝ Ստեփան Մարգարյանն ասաց, որ հանդիպումը նախատեսված է, այն կլինի կամ այսօր կամ վաղը: «Որևէ խնդիր չկա, տեխնիկական հարցեր են, կարող է լինել այսօր, կարող է լինել վաղը, մենք կհայտարենք դա»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս