Վաշխառուական տոկոսադրույքները Հայաստանում
Վերջին տարիներին մեր մամուլում պարբերաբար տեղեկատվություն է հրապարակվում նախկին ու ներկա պաշտոնատար անձանց վաշխառուական գործունեության մասին: Դրանցից մեկը նույնիսկ մամուլում ստացել է «ՀՀ բարձրաստիճան ոստիկանների վաշխառուական գործունեություն» անունը: Լուրջ պաշտոնյաների անուններ էին հոլովվում՝ Երևանի և Շիրակի մարզի նախկին ոստիկանապետերի և այլոց մասին էր խոսքը:
Նույնիսկ դատարան հասած քրեական գործ կա: Իհարկե, միայն անուղղելի լավատեսն է հույսեր կապում մեր արդարադատության համակարգի հետ: Բայց այս քրեական գործերի հարցաքննությունների ու ցուցմունքների հրապարակումից կարելի է որոշակի պատկերացնում կազմել ՀՀ-ում գործող վաշխառության մասին:
Այն, պարզվում է, նաև բավական մեծ մասշտաբներ ունի և վերածվել է նորօրյա բիզնես ոլորտի: «168 Ժամը» 2014թ. հունվարի 20-ի համարում քաղաքացու բաց նամակ հրապարակեց, ուր քաղաքացին բողոքում էր, որ վաշխառությամբ իրենից գույք ու գումարներ է «յուրացրել» ՀՀ Քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը: Մոտ մեկ ամիս անց՝ փետրվարի 27-ին, «168 ժամի» հրապարակած նոր բաց նամակում մեկ այլ քաղաքացի էր բողոքում նույն նախկին պաշտոնյայից ու նրա «գործընկերների» խմբից:
Ու կրկին խոսքը վաշխառության մասին է: Ոլորտ, որի մասին հրապարակավ բաց քննարկում երբեք չի եղել: Տարիներ շարունակ քաղաքացիները տուժել են, արտագաղթել կամ ինքնասպանություն գործել` նման պատմությունների մեջ հայտնվելու արդյունքում: Հիմա կարծես պատկերը փոխվում է. քաղաքացիները բողոքում են, դատարան դիմում, մամուլում բաց նամակներ հրապարակում: Իսկ այդ ամենի արդյունքում բացահայտվում են հայաստանյան վաշխառության տոկոսադրույքները, ծավալներն ու հետևանքները:
«ՀՀ քրեական օրենսգիրքն» աշխարհի բոլոր երկրների քրեական օրենսգրքերի նման ունի «վաշխառության» ձևակերպումը: Այն նկարագրված է «Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների» և «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների» բաժնի 213-րդ հոդվածում:
Մի փոքր խրթին է (մեր իրավաբանների գրած համարյա բոլոր տեքստերի նման), բայց կարելի է հասկանալ. «Վաշխառությունը՝ պարտք տրված դրամի, կամ տնտեսական հատկանիշներով որոշվող գույքի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվում է մյուս կողմը»։ Ահա այսպես է ձևակերպված: Այս պահին ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային հաշվարկային դրույքը, կարծեմ, տարեկան 12 տոկոս է:
Այսինքն` վաշխառուական կճանաչվի 24 տոկոսից ավելի բարձր չափով տրված պարտքը: բայց եթե ընթերցեք քաղաքացիների բողոք-բաց նամակները, կտեսնեք, որ մեր վաշխառուները պարտք տալիս են տարեկան 60-120 տոկոսով: Նրանք սովորաբար իրենց թակարդում հայտնվող զոհին տարեկան տոկոսադրույք չեն ասում, այլ խոսում են ամսական 5-10 տոկոսի մասին:
Սրան գումարած` գոյություն ունի նաև 10 տոկոսանոց «ստանդարտ» միջնորդավճար: Իսկապես գումարի կարիք ունեցող պարզ քաղաքացին կամ մանր գործարարը պիտի որ ծանոթ չլինի բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Թեկուզ և՝ նախկին պաշտոնյայի: Ինչ-որ մեկի միջնորդությամբ է պարզ քաղաքացին արժանանում վաշխառուի հետ շփվելու երջանկությանը: Այդ ինչ-որ մեկն էլ հետագայում ստանում է պարտք ակնկալված գումարի 10 տոկոսը: Մեր դատական համակարգը, որպես կանոն, մերժում է համարյա բոլոր քաղաքացիների դիմում-բողոքները: Որովհետև վաշխառու նախկին ու ներկա չինովնիկներն ավելի գրագետ են գործում:
Նախ` նրանք այդ գործում ընդգրկում են փաստաբանների, որոնք իրենց հսկա բաժինն են ունենում: Մի քանի տարի հետո, երբ քաղաքացին խրվում է պարտքերի մեջ, նրա անշարժ գույքը առքուվաճառքի պայմանագրով իբր գրավադրում են, հետո նոր խլում: Բայց սա, իհարկե, լուրջ հիմնավորում չի կարելի համարել: Մեր «Քրեական օրենսգիրքը», հարկավ, մեր իրավաբանները չեն հորինել:
Այդ կարգի փաստաթղթերը, որպես կանոն, արտագրվում են միջազգային հեղինակավոր փաստաթղթերից: Հետևաբար` մեր օրենսգրքում էլ հայտնվել է այն հատվածը, որը կարող էր հստակ պաշտպանել ձախողակ վարկառուներին: Օրենսգրքում վաշխառուական է հայտարարվում «Անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվում է մյուս կողմը»:
Այսինքն` օրենքը պաշտպանում է նույնիսկ հիմար ձախողակ վարկառուին և հնարավորություն է տալիս չեղյալ հայտարարել 200 հազար դոլարանոց շուկայական արժեք ունեցող անշարժ գույքի առքուվաճառքի 60 հազար դոլարանոց պայմանագիրը: Որովհետև դա «Ծայրահեղ ոչ ձեռնտու պայման է», պայման, «որից օգտվում է մյուս կողմը»:
Բայց ստիպված եմ կրկնվել, որ մեր արդարադատության համակարգի հետ հույս կարող է կապել միայն անուղղելի լավատեսը: Կարդացեք վաշխառության մասին քրեական գործերն ու տուժող քաղաքացիների բաց նամակները: Կարդացեք և ինքներդ կհամոզվեք:
Հ.Գ. Առաջիկայում «168 Ժամը» հետևողական կանդրադառնա նման վաշխառուական գործունեություն ծավալող նախկին ու ներկա պաշտոնյաների, խմբավորումների գործունեությանը, ինչպես նաև կհրապարակի նման խմբավորումներից տուժած քաղաքացիների նամակները: Ինչպես նաև կներկայացնենք այդ գործերի կապակցությամբ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների անգործության պատճառներն ու հետևանքները, որոնք բազմաթիվ մարդկանց կյանք են խլում, բազմաթիվ ընտանիքների փողոց նետում: