8 տարեկան երեխան ինքնակամ շինություններ է կառուցել. հարուցվել է քրեական գործ. hetq.am
hetq.am –ի փոխանցմամբ` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի 19-րդ շենքին հարող կանաչապատ պուրակի ու հանգստի գոտու սեփականաշնորհման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դրա համար հիմք է հանդիսացել 19-րդ շենքի բնակիչ Միհրան Մելիքյանի և նրա ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի դիմումը՝ Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: «Թեև հողամասերի օտարման փոխհարաբերություններն ինքնին վերաբերում են վարչաիրավական ոլորտին, սակայն այդ ամենը չի բացառում, որ այդ գործընթացում հանցագործության հնարավոր դեպքերի առկայությունը…»,- նշված է դատարանի` բնակիչների բողոքը բավարարելու և քրեական գործ հարուցելու որոշման մեջ: Դատարանի նման եզրահանգման համար հիմք են հանդիսացել բնակչների բերած բողոքի հիմքերը:
Ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներն օտարվել են` նախկին քաղաքապետեր Երվանդ Զախարյանի և Գագիկ Բեգլարյանի որոշումներով
Սեփականաշնորհված կանաչապատ հողատարածքները գտնվում են 19 շենքի դիմաց՝ 5-7 մետր հեռավորությամբ: Այդ տարածքները` երկու առանձին հողակտորներ, օտարվել է ոմն Դմիտրի Անդրիասյանի: Դմիտրին այդ տարածքի բնակիչ չէ: Հողամասերից մեկը` 308,07քմ ընդհանուր մակերեսով, օտարվել է նրան` Երվանդ Զախարյանի 2009թ. որոշմամբ, իսկ մյուսը` 93,54քմ մակերեսով, Գագիկ Բեգլարյանի 2010թ. որոշմամբ: Համաձայն վիճելի տարածքների օտարման որոշումների՝ կանաչապատ պուրակում Դմիտրի Անդրիասյանը ունեցել է երկու ինքնակամ քարե շինություն և երկար տարիներ տիրապետել է դրանց:
Բնակիչները վկայում են, որ իրենք այդ տարածքներն օգտագործել են որպես կանաչապատ խաղահրապարակ, հանգստի և զբոսանքի վայր:
Միհրան Մելիքյանի` դատարանին ուղղված բողոքում նշված է, որ այդտեղ երբևէ երկու քարե շինություն չի եղել: Վիճելի հողատարածքներում եղել է ընդամենը մեկ մետաղյա կրպակ:
Ինքնակամ կառույցներն օրինականցնելու և օտարելու համար հստակ օրենսդրություն չկա, դրա հիմքը կարող է լինել կառույցների հասարակական նշանակությունը` նշում է բնակիչների փաստաբանը` Տիգրան Հայրապետյանը: Այսինքն` ինքնակամ կառույցներն օրինականցվում են այն դեպքում, երբ դրանց քանդելը վնաս կտա համայնքին: Այս դեպքում նախկին քաղաքապետերի որոշումներով օտարված շինություններից մեկը, բնակիչների վկայությամբ, ընդհանարապես գոյություն չի ունեցել, իսկ մյուսը՝ վերոնշյալ մետաղյա կրպակը, սեփականաշնորհվելուց անմիջապես հետո հանվել է: Սա, ըստ Տիգրան Հայրապետյանի, հուշում է, որ այդ «բուտկան» չի ունեցել հասարակական նշանակություն:
Ինքնակամ քարե կառույցները, որոնք, բնակիչների վկայությամբ, գոյություն չեն ունեցել, քաղաքապետարանի որոշումներով օտարվել, ապա որպես սեփականություն հանձնվել են Դմիտրի Անդրիասյանին: Որպես այդ կառույցների սպասարկման տարածք` օտարվել է նաև հարակից հողամասերը և, ընդհանուր առմամբ, Դմիտրի Անդրիասյանը սեփականաշնորհել է 400քմ մակերեսով հողամաս:
«Եթե նույնիսկ ինքնակամ կառույցը տալիս են անձին, այդ կառույցի սպասարկման համար պետք է տրամադրեն զբաղեցրած հողամասի երկու անգամ ավել չափով հողամաս, իսկ այս դեպքում տվել են մոտ 20 անգամ ավել հողամաս` իբրև սպասարկման տարածք»,- ասում է փաստաբանը:
18,7 քմ տարածքով ինքնակամ կառույցն ու դրա 308,07 քմ սպասարկման հողամասը Դմիտրի Անդրիասյանը գնել է 1 միլիոն 831 հազար 289 դրամ, իսկ մյուսը` 7 քմ ընդհանուր մաեկերեսով կառույցն ու 93,54 քմ սպասարկման հողամասը, 586 հազար 975 դրամ կադաստրային արժեքներով:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասում է, որ մինչև դատարան դիմել բնակիչները դիմել էին նաև ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանին` օտարված, ապա սեփականաշնորհված հողամասերն ընդհանուր օգտագործման տարածք ճանաչելու համար` համաձայն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի: Սակայն դիմումին ընթացք չի տրվել: Ձեռք բերված հողատարածքների վրա, քաղաքապետարանի թույլտվություններով, կառուցապատող Դմիտրի Անդրիասյանը պատրաստվում էր կառուցել հասարակական նշանակության օբյեկտ (հավանաբար՝ առևտրի կենտրոն), որի շինարարությունը բնակիչների պայքարի շնորհիվ չի սկսվել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: