Բաժիններ՝

«Դողագործների» դժբախտությունները. Ո՞վ կվճարի աշխատավարձի գծով 345 միլիոնի պարտքը

«Բասկետբոլի գնդակ ենք դարձել, մեկ այստեղ, մեկ այնտեղ են ուղարկում մեզ: 1600 մարդու մասին է խոսքը, իրենք ասում են՝ միայն 78 հիմնական պարտատերերին կվճարենք»,- 168.am-ի հետ զրույցում «Դողագործ» գործարանի աշխատակիցներին աշխատավարձի պարտքի մասին ասաց գործարանի նախկին աշխատակից Փարիզ Կասմանյանը:

«Դողագործի» դժբախտությունների շարանը սկսվել է դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանում: 2001թ. ավտոդողերի գործարանը ՀՀ կառավարության միջնորդությամբ և անմիջական ներկայությամբ վաճառվեց ամերիկյան «ԹիԷս Ինվեսթմենթ Քորփորեյշն» ընկերությանը, որի տերը Սարգիս Խրիմյանն էր: 2007թ. Խրիմյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց՝ որպես ոչ բարեխիղճ սեփականատիրոջ, և նա փախավ Հայաստանից:

2007թ. եռակողմ պայմանագրի հիման վրա, ՀՀ կառավարության թիվ 689 որոշման կից պայմանագրի համաձայն, «Դողագործ» ԲԲԸ-ն փոխանցվեց Ավտոդողերի գործարանի փաստացի սեփականատեր «Ջեներալ Տրանսուորլդ» ՄՔ ՓԲԸ-ին: Այդ ժամանակ ընկերության՝ աշխատակիցներին չվճարված աշխատավարձի պարտավորությունը 198.2 մլն դրամ էր, դրանից բխող սոցապ հատկացումները՝ 65 մլն դրամ, եկամտահարկի գծով՝ 17.3 մլն դրամ: 2008 թ-ից «ՋՏ» ՄՔ ՓԲԸ-ի նկատմամբ սկսվեց սնանկության գործընթաց:

2011թ. դեկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարությունը, մասնակցելով սնանկության գործընթացում հայտարարված հրապարակային սակարկություններին ձեռք բերեց ավտոդողերի գործարանի ամբողջ անշարժ գույքը՝ 27 հա հողատարածք և 130 քմ մակերեսով շինություններ՝ ընդամենը 1 մլրդ 310 մլն ՀՀ դրամով: Կնքված առուվաճառքի պայմանագրերի համաձայն՝ ՊՆ-ն պարտավորվել էր ամբողջ գումարը վճարել մինչև 01.06.2012 թ.: Սակայն այս ժամկետը դեռ չլրացած, գնման գործարքից ընդամենը մոտ 2 ամիս անց՝ 2012 թ. փետրվարի 2-ի կառավարության որոշմամբ, մասնակի կատարելով իր վճարային պարտավորությունը, ՊՆ-ն ձեռք բերած անշարժ գույքը 8.5 մլրդ դրամով վերավաճառում է «Նայթս Բրիջ Քոմունիքէյշն Էյ-Էմ» ընկերությանը: Այսինքն, ՊՆ-ն ձեռներեցության հոյակապ ունակություններ է դրսևորում և 2 ամսում ապահովում մոտ 7.2 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ: Գնորդին պարտավորեցնում են անշարժ գույքի ամբողջ գինը վճարել մինչև 2017 թ. դեկտեմբերի 25-ը՝ առաջին վճարումը` 1 մլրդ 310 մլն դրամի չափով` առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում (այնքան, որքան պետք է ՊՆ-ն վճարեր), երկրորդ վճարումը` 2 մլրդ դրամի չափով` մինչև 2012 թ-ի նոյեմբերի 1-ը, սկսած 2013 թ-ից յուրաքանչյուր տարի` 1 միլիարդ դրամի չափով, իսկ վերջին տարում վճարում է մնացյալ գումարը: Նաև գնորդին պարտավորեցնում են իրականացնել ոչ պակաս, քան 10 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրումներ՝ համաձայն ներդրումային ծրագրի համաձայնեցված վաճառողի հետ առուվաճառքի պայմանագիրը կնքելուց 1 ամսվա ընթացքում, իսկ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում ապահովել 300 աշխատատեղ:

Կարդացեք նաև

2008 թ. ստեղծված «Նայթս Բրիջ Քոմունիքէյշն Էյ-Էմ» ընկերության հիմնադիրը, ըստ պետռեգիստրի կայքի, Միքայել Ներսիսյանն է, սակայն տարածված տեղեկությունների համաձայն իրական սեփականատերը «Գլենդել Հիլզ» ընկերության սեփականատեր Վահե Յաղուբյանն է:

«Մեր աշխատավարձերը վճարելու խնդիրը ՊՆ-ում կապում են «Նայթս Բրիջ Քոմունիքէյշն Էյ-Էմ» ընկերության կողմից իր պարտավորությունները չկատարելու հետ: Այսինքն, ստեղծվել է նույն 2001 թ-ի իրավիճակը, երբ ՀՀ կառավարության միջնորդությամբ հանդես է գալիս ավտոդողերի գործարանի ոչ հայաստանցի սեփականատեր ու մեր կառավարությունն անզոր է դառնում ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու գործընթացում»,- նշում են գործարանի աշխատակիցները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին, զինդատախազ Գևորգ Կոստանյանին ուղղված իրենց դիմումներում:

Աշխատակիցների աշխատավարձի պարտքի չափը շուրջ 345 մլն դրամ է: Թե ով է վճարելու այս գումարը՝ մինչ այժմ անորոշ է: Ընդ որում՝ դատարանի որոշմամբ 1600 աշխատողներից պարտատեր է ճանաչվել միայն 78-ը: Ըստ Փ. Կասմանյանի՝ մնացածը մեկնել են Հայաստանից, շատերն այլևս կենդանի չեն, բայց կան նրանց իրավահաջորդները, որոնց վճարել հրաժարվում են: Մասնավորապես, «Նայթս Բրիջ Քոմունիքէյշն Էյ-Էմ»-ի տնօրեն Աշոտ Գոմցյանը գործարանի նախկին աշխատակիցներին բանավոր հաղորդել է, որ պատրաստ է վճարել 78-ի պարտքը:

Փ. Կասմանյանը նաև տեղեկացրեց, որ հերթական անգամ ՊՆ-ին ուղղված իրենց դիմումին խոստացել են պատասխանել մարտի 4-ին, որից հետո աշխատակիցները կորոշեն իրենց հետագա անելիքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս