Ուկրաինայում Եվրոպան չի հաղթել. Առաջացած վակուումը լցնելու է պուտինյան Ռուսաստանը. «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է Մոսկովյան «Կարնեգի» փորձագիտական կենտրոնի «Ռուսական ներքին քաղաքականությունն ու ինստիտուտները» ծրագրի ղեկավար, Միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի (Վաշինգտոն) առաջատար աշխատակից Լիլյա Շևցովան:

-Տիկին Շևցովա, մինչ ուկրաինական իրադարձությունները տպավորություն կար, որ Եվրոպան խուսափում է հետխորհրդային տարածքի համար պայքարը տեղափոխել աշխարհաքաղաքական հարթություն, այս մասին Դուք ևս խոսում էիք Ձեր հարցազրույցներում: Կարելի՞ է այսօր ենթադրել, որ Արևմուտքը մտել է աշխարհաքաղաքական պայքարի մեջ՝ վերանայելով իր քաղաքականությունը հետխորհրդային տարածքի հանդեպ:

-Եվ մինչ ուկրաինական զարգացումները և այդ զարգացումների ողջ ընթացքում, նաև ներկայիս փուլում՝ Յանուկովիչի ընկնելուց հետո, չկան հիմքեր ասելու համար, որ Եվրոպան՝ ի դեմս ԵՄ-ի և ԵՄ հիմնական մայրաքաղաքների, հանկարծ որոշել է պայքարել հետխորհրդային տարածաշրջանի համար ցանկացած ձևաչափով՝ և արժեքների ներդրման համար, և շահերի առաջ մղման համար: Ողջ ուկրաինական պատմությունը՝ սկսած Վիլնյուսից և Ուկրաինա-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման տապալումից վերջացրած 2014 թ. փետրվարյան իրադարձություններով վառ ապացույցն էր այն բանի, որ ԵՄ-ն չունի համակարգված քաղաքականություն և կամքի ուժ, ինչպես և ցանկություն խառնվելու իրադարձությունների, որոնք տեղի են ունենում ԵՄ սահմաններից դուրս:
Ինչ վերաբերում է Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ԱԳ նախարարների միջնորդական առաքելությանը, որի արդյունքում փետրվարի 21-ին Յանուկովիչի և ընդդիմության միջև համաձայնագիր ստորագրվեց, որը տալիս էր հնարավորություն Յանուկովիչին մնալ իշխանության մինչև 2014 թ. ավարտը, ապա դա հանդիսանում է տապալված քաղաքականության վառ օրինակ: Եվրոպան փորձում էր ստիպել ուկրաինացիներին ևս մեկ տարի ապրել մսագործ նախագահի իշխանության ներքո: Ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ Մայդանը տապալեց այդ համաձայնագիրը: Այս համաձայնագիրն ինքնին օրինակ էր այն բանի, որ Եվրոպայում չէին հասկանում այն տրամադրությունները, որոնք առկա էին Ուկրաինայում և նույնիսկ փոփոխությունների արգելափակումը:

-Ի՞նչ քայլեր եք ակնկալում ԵՄ-ից, որպեսզի գոնե այն, ինչ կոչում են հաղթանակ, Ուկրաինայում պահպանվի:

-Առաջին հերթին ես չեմ համարում, թե կան հիմքեր՝ ենթադրություններ անելու Ուկրաինայում Եվրոպայի հաղթանակի մասին: Մայդանը կործանեց դիկտատորին հակառակ այն ցանկությունների և ջանքերի, որոնք կային ԵՄ-ում: Եվրոպական երկրների քաղաքականությունը ներկայումս ուկրաինացիների շրջանում հարուցում է հիմնավորված նյարդայնություն և հիասթափություն: Երկրորդ՝ չեմ ցանկանում խորհուրդներ տալ, որոնց ոչ ոք չի հետևում: Կարող եմ միայն ընդգծել, որ Ուկրաինայի նկատմամբ ԵՄ-ի անտարբեր քաղաքականությունն ու հռետորաբանությունն էլ ավելի են բարդացնելու երկրի՝ ճգնաժամից դուրս գալու գործընթացը և երկրում ստեղծելու են վակուում, որը սկսելու են լցնել այլ ուժեր, առաջին հերթին՝ պուտինյան Ռուսաստանը: Իսկ ուկրաինական ճգնաժամը ԵՄ-ի սահմաններին և մասնավորապես Եվրոպայի նյարդային կետում կայունության սպառնալիք է: Չէ՞ որ Ուկրաինան եվրոպական երկիր է, ժողովուրդը ցանկանում է ընտրել եվրոպական վեկտոր:

-Այնուամենայնիվ, հաճախ ուկրաինական զարգացումների նմանօրինակ սցենարը դիտարկում են՝ որպես հետխորհրդային տարածքում ՌԴ-ին այլընտրանք՝ փորձելով քննարկել այս զարգացումների պրոյեկտման հնարավորությունները հետսովետական առանձին երկրներում, որոնք ձգտում են դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց: Համաձա՞յն եք, որ Ուկրաինան կարող է այլընտրանք դառնալ ՌԴ-ին, և եթե այո, ապա ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:

-Ուկրաինայում տեղի ունեցավ հետխորհրդային զարգացման մոդելի ճգնաժամ, որը տարբեր ձևաչափերով գոյություն ունի բոլոր նոր անկախացած երկրներում՝ բացառությամբ Բալթյան երկրների: Այս մոդելը անկայուն ու դատապարտված է: Ուկրաինան պարզապես հետխորհրդային տարածաշրջանի ամենաթույլ օղակը դուրս եկավ: Թե երբ կսկսվեն հետխորհրդային գոտու այլ երկրներում նման երևույթներ՝ ժամանակի հարց է: Ինչպես տեղի կունենա նրանց ճգնաժամն ու ինչի կհանգեցնի այն՝ դժվար է ասել: Պարզ չէ, թե ինչով կավարտվի Ուկրաինայի ճգնաժամը. այնտեղ զարգացման շատ ավելի բարդ փուլ է սկսվում:

-Տիկին Շևցովա, տեսակետներ են շրջանառվում, որ Ուկրաինան Մոլդովային և Վրաստանին էլ ավելի մոտեցրեց ԵՄ-ին, ըստ Ձեզ, ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի պարագայում, որը, լինելով ԱլԳ երկիր, միանում է Մաքսային միությանը: Ձեր կարծիքով, ուկրաինական զարգացումներից հետո Ռուսաստանը կվերանայի՞ իր հարաբերությունները Հայաստանի հետ՝ գուցե ավելի արժևորելով դրանք:

-Վստահ չեմ, թե որքան նրանք մոտեցան Եվրոպային: Երևի թե Մոլդովայի հնարավորությունները՝ միանալու Եվրոպային, ավելի մեծ են: Բայց Մոլդովայի վզից էլ քար է կախված Մերձդնեստրի տեսքով: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ես Ռուսաստան- Հայաստան հարաբերությունների մասնագետ չեմ, ուստի այն, ինչ կասեմ, գուցե միամիտ հնչի: Բայց դիտարկելով Պուտինի քաղաքական դոկտրինը, որի իմաստը Ռուսաստանի գլխավորությամբ գալակտիկան է հետխորհրդային տարածքում՝ չեմ տեսնում որևէ պատճառ, որ որևէ բան փոխվի: Կցանկանայի սխալվել:

-Տիկին Շևցովա, 1994 թ. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված պայմանագիրը, ըստ Ձեզ, կգործի՞ Ղրիմի պարագայում, և եթե ոչ, ապա ինչպիսի՞ նախադեպ կարող է դառնալ Ղրիմի անջատումն Ուկրաինայից հետխորհրդային տարածքի համար:

-1994 թ. դեկտեմբեր ամսին ԱՄՆ-ն, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը ստորագրեցին հուշագիր Կիևին անվտանգության երաշխիքների տալու մասին, որով կողմերը պարտավորվել են ձեռնպահ մնալ Ուկրաինայի դեմ ուժի կիրառումից և տնտեսական բռնություններից: Դա անվանվել էր Բուդապեշտյան հուշագիր: Ղրիմի ցանկացած բաժանում լինելու է այդ համաձայնագրի խախտում: Չեմ կարծում, որ Մոսկվան կշտապի Ղրիմի նկատմամբ ճնշումների և իր ուղեծիր մտցնելու փորձերի հարցում: Կրեմլում պրագմատիկներ են նստած, և նրանք, չեմ կարծում, որ հատուկ «վառվում» են վրացական սցենարը կրկնելու ցանկությունից: Ի դեպ, մշտական բնույթ կրող խմորումները Ղրիմում Ուկրաինայում Մոսկվայի ազդեցության ընդլայնման գրավականն են: Թեև ամբողջապես Ղրիմի անջատումն Ուկրաինայից հնարավոր չէ բացառել: Դա անկասկած կառաջացնի ճգնաժամ Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերություններում:

Մանրամասները  կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս