«Դ!եմ եմ» շարժման ակտիվիստներին հաջողվեց անցկացնել ակցիան (լուսանկարներ, տեսանյութեր)
Այսօր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում «Դ!եմ եմ»՝ ընդդեմ կենսաթոշակների նոր օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառման շարժման ակցիայի ակտիվիստները հանդիպում էին կազմակերպել բուհի ուսանողների և դասախոսների հետ: Հանդիպումը նախատեսված էր իրականացնել համալսարանի բակում՝ ժամը 12:30-ին, երկար դասամիջոցի ժամանակ:
Ակտիվիստների խոսքերով՝ հանդիպումը նպատակ ուներ երիտասարդ սերնդին իրազեկելու երկրում կատարվող անօրինությունների, մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային նոր համակարգի մասին: Նշենք, որ հանդիպումից մոտ 10 րոպե առաջ բուհի ռեկտոր Արա Ավետիսյանը սկսեց շրջել բակով և երիտասարդներին հորդորել դասի գնալ: Տեսնելով ակտիվիստներին՝ ռեկտորը մոտեցավ նրանց և խնդրեց դասապրոցեսը չխանգարել:
Լրագրողների հարցին, թե արդյոք բուհում պահումներ կատարվո՞ւմ են աշխատավարձերից, ռեկտորը պատասխանեց. «Բուհը երիտասարդացման խնդիր ունի, և բուհի 460 երիտասարդներ փոխհատուցում են ստացել սոցիալական աջակցության ձևով: Մարդիկ լրացուցիչ գումար են ստացել, որպեսզի իրենց փաստացի ստացածը որևէ լումայով չպակասի: Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության ամեն մի քաղաքացի պարտադիր պետք է ենթարկվի օրենքին, օրենքի կիրառմանը»:
Հանդիպման ժամանակ ակտիվիստները, որոնք ներկայացան՝ որպես Պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին ուսանողներ, նշում էին, որ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին անցնելը շատ վատ հետևանքներ է ունենալու բոլորի համար: Նրանք ուսանողներին հորդորում էին մասնակցել «Դ!եմ եմ» շարժման հետագա հանդիպումներին և պայքարել իրենց իրավունքների համար: Նշենք, որ չնայած բուհի ռեկտորի` հանդիպումը կանխելու ջանքերին, ուսանողներից, ինչպես նաև դասախոսներից շատերը մասնակցեցին հավաքին: Ակտիվիստները նշեցին, որ բոլոր ներկաներին շաբաթ օրը հրավիրում են «Մաշտոցի պուրակ», և յուրաքանչյուր ոք կարող է գալ իր առաջարկներով:
Հանդիպման ավարտին ակտիվիստները նշեցին, որ իրենց սպասելիքները բավարարված են, քանի որ ուսանողները շատ ակտիվ էին ու շահագրգռված: Համալսարանի ուսանողներից շատերը նշեցին, որ կողմ են «Դ!եմ եմ» շարժման պայքարին, քանի որ իրենք էլ են դեմ կեսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին: «Կարծում եմ, որ այսօր դեռ մարդիկ ապրելու խնդիր ունեն և որքան էլ ասում են, որ այդ գումարները չնչին են կամ ապագայի համար են, այսօր կարևորը ներկան է, ու ներկայով պետք է կառուցեն ապագան: Այդ 5-13 տոկոսները վերցնելով՝ մարդկանց համար շատ կործանարար կարող է լինել»,- նշեց բուհի ուսանողներից մեկը:
Մեկ ուրիշ ուսանողի խոսքերով էլ՝ «Դ!եմ եմ» ակցիան շատ ճիշտ գործունեություն է ծավալում, քանի որ որևէ մեկը երաշխիք չունի, թե ապագայում որքան կենսաթոշակ կստանա. «Որովհետև տեսնում եմ անցած 20 տարին ու ես հիմա ապագայի վերաբերյալ ոչ մի հույս չունեմ: Իրենք էլ չեն կարող երաշխավորել, քանի որ դրա համար երկար տարիներ են պահանջվում: Պարզ երևում ա՝ ինչի համար են անում, որ իրենց բյուջեն լցնեն»:
Ակտիվիստ Արսեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել բուհի ղեկավարության կեցվածքը, քանի որ այսօր բոլոր բուհերը կուսակցական են` մասնավորապես՝ Հանրապետական կուսակցության անդամներ են. «Այստեղ ես ավելի շատ կարևորում եմ ուսանողության և դասախոսական կազմի կեցվածքը, որը շատ ողջունելի է»: