«Ցանկացած սցենարի» բեմադրությունը հետաձգվում է
Խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունները հերթական անգամ չեն կարողացել համաձայնության գալ կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը խորհրդարանի օրակարգ մտցնելու հարցի շուրջ: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ այս ուժերը որոշել են ընդառաջ գնալ ՀԱԿ խմբակցությանը և օրակարգ մտցնել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը:
Այս նախագիծը հրատապ է այնքանով, որ առջևում մարտի 1-ն է, և ՀԱԿ-ը պետք է ցույց տա, որ ինքը հետևողական է այդ իրադարձությունների և դրա հեղինակների բացահայտման գործում: Բայց կառավարության հրաժարականի հարցը կարող էր քննարկվել Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկումից հետո. քառօրյան նման հնարավորություն տալիս է: Իրականում ոչ իշխանական ուժերը հասկանում են, որ եթե կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը դրվի քվեարկության, ապա այն կարող է հավաքել լավագույն դեպքում` 20 կողմ ձայն:
ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների անդամ գործարար պատգամավորները պատրաստ չեն վտանգել իրենց բիզնեսը և հարաբերություններ փչացնել կառավարության հետ: Եթե այդպիսի քվեարկություն տեղի ունենա, ապա կստացվի, որ չորս խմբակցությունները խորհրդարանում ունեն ոչ թե 53, այլ ընդամենը` 20 կամ 25 պատգամավոր: Իսկ նման բացահայտումը ոչ մի կերպ չի բխում այս ուժերի քաղաքական շահերից: Սա, իհարկե, չի նշանակում, թե կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը վերջնականապես դուրս է եկել ոչ իշխանական ուժերի օրակարգից:
Այն հերթական անգամ կարող է բարձրացվել, թեժացվել ու կրկին հետաձգվել որևէ պատճառաբանությամբ, որը միշտ էլ կարելի է գտնել կամ հորինել:
Այսպիսով, կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը դառնում է ոչ իշխանական ուժերի քարոզչության սեզոնային թեման: Ժամանակին այդ նպատակին ծառայում էր նախագահին անվստահություն հայտնելու, անհապաղ հրաժարական պահանջելու հարցը: Բայց փոխվել են ոչ միայն ժամանակները, այլև ոչ իշխանական ուժերի «օրակարգ» ձևավորողները, ովքեր ոչ մեծ ջանքերով կարողացան ընդդիմության պահանջների նշաձողն իջեցնել վարչապետի հրաժարականի պահանջի մակարդակին: