Բաժիններ՝

«Արցախի հարցը կսրվի նորովի». Նախախորհրդարան

Նախախորհրդարանի հայտարարությունը Արցախյան շարժման 26-ամյակի առթիվ

26 տարի առաջ այս օրը` 1988 թ. փետրվարի 12-ին, Հադրութ ավանում Արցախի հերոսական ժողովուրդն ընդվզեց Ադրբեջանի խորհրդային գաղութատիրության դեմ ու բարձրացրեց Հայրենիքին վերամիավորվելու հարցը:

Հաշված օրերի ընթացքում ազգային-ազատագրական պայքարի ալիքը ծավալվեց Արցախում, ամբողջ Հայաստանում և արտերկրի հայկական գաղթօջախներում` վերածվելով հուժկու համազգային շարժման:

Ավելի քան վեց տարի տևած պայքարի ընթացքում մեր ժողովուրդը մեծ զրկանքների ու բազում զոհերի գնով պատմական Արցախի մի զգալի մասն ազատագրեց և փաստացի միացրեց Հայրենիքին:

Այդ ազատագրումն ընթանում էր աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարի համատեքստում, ինչի հետևանքով փլուզվեց Խորհրդային Միությունը, իսկ այն կազմող հանրապետությունները, այդ թվում` Խորհրդային Հայաստանը, «դե յուրե» դարձան անկախ պետություններ:

Սակայն, եթե մեր ժողովուրդը քաջ գիտակցում էր Արցախի ազատագրության համար անհրաժեշտ զորահավաքի և զոհողությունների կարևորությունը և վեհանձնորեն լուծեց խնդիրը, ապա «դե յուրե» և «դե ֆակտո» անկախության միջև գոյություն ունեցող ճանապարհի հաղթահարման խնդիրը ոչ միայն չձևակերպվեց, այլև դարձավ այն փորձաքարը, որի վրա սայթաքեց Հայաստանի նորանկախ պետությունը և իր ժողովուրդը:

Վերջինս դեռ նոր պիտի ճաշակեր նորգաղութային և հետգաղութային գայթակղությունների ու ճնշումների այն ողջ տեսականին, որին ծանոթ էին ավելի վաղ գաղութային ճնշումներից ազատագրված Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի երկրները և, որոնք այս մարտահրավերներին դիմագրավելու դրական և բացասական մարտավարությունների հարուստ փորձ էին հասցրել կուտակել:

Ըստ էության, Արցախի ազատագրման գաղափարով սկսված ազգային-ազատագրական շարժումը նոր է թևակոխում պայքարի այդ փուլը:

Ազգի արժանապատիվ և մարտնչող մասը խաղաղության պայմաններում բավարար չափով զգոնություն և հասունություն չցուցաբերեց, և թույլ տվեց, որ իշխանությունը երկրում զավթվի ստրկամիտ ու խամաճիկային կոմպրադորային խավի կողմից, որը հանուն անձնական ու կլանային շահի երկիրը հասցրեց սնանկացման եզրագծին:

«Դե ֆակտո» անկախությունն այդպես էլ իրականություն չդարձավ` յուրային, այն է` ազգային շահերով առաջնորդվող վարչակազմի բացակայության պատճառով: Փոխարենը մենք գործ ունենք ապազգային և անմարդկային մի համակարգի հետ, որը օտար զավթիչի կրքոտությամբ ու նպատակասլացությամբ կեղեքում է երկիրն ու ժողովրդին` ստիպելով նրան զանգվածաբար արտագաղթել Հայրենիքից:

Յուրային ժողովրդի դեմ աշխատող հանցավոր այս համակարգի գործունեությունն այժմ արդեն հանգում է իր տրամաբանական ավարտին: Այլևս ի վիճակի չլինելով պահել անկախ պետականության վերջին մնացորդները, նա հապշտապ կերպով նախաձեռնել է Հայաստանը Մաքսային, իսկ դրանից հետո` նաև Եվրասիական Միությանը միացնելու սին փորձերը:

Ռուսական կայսրությանը նորացված տեսքով վերականգվելու գործընթացը, անխուսափելի տրամաբանությամբ նորից հանգեցնելու է Արցախի հարցի նորովի սրմանը՝ Հայաստանից նրա «դե ֆակտո» օտարման միակ լուծման հեռանկարով:

Նախախորհրդարանը, ի տես հայկական պետականության կորստի ռեալ վտանգի, այս հիշարժան ու տոնական օրվա կապակցությամբ ոգեկոչելով արցախյան պայքարը և հաղթանակը, իր վստահ համոզմունքն է արտահայտում, որ մեր տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական պայքարի նոր փուլում Արցախի հարցի հերթական սրումը ավարտվելու է ազգադավ վարչախմբի տապալմամբ և ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման նոր համակարգի ստեղծմամբ, որի միջոցով էլ հնարավոր կլինի ապահովել հայկական պետության ինքնիշխանությունը և Արցախի հարցի «դե յուրե» լուծումը՝ Հայաստանի հետ միավորումը:

Մենք ե՛նք տերը մեր երկրի…

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս