Մրցակցային և ներդրումային փուչիկները
Այս օրերին Ազգային ժողովում քննարկվում էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հաշվետվությունն ու այս տարվա ընթացիկ անելիքները։
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, բնականաբար, ներկայացնում էր ձեռքբերումները` նշելով, որ հակամենաշնորհային, գերիշխող դիրքի առումով Հայաստանը վերջին 3 տարիներին լրջորեն բարելավել է դիրքերը` Համաշխարհային տնտեսական ֆորումի և Դավոսի տնտեսական ֆորումի ցուցանիշներով։ «Իրականում այս փոփոխությունը մեծ չափ է կազմում, սակայն, քանի որ նախորդ տարիներին մշտապես հետ ենք եղել, մեծ առաջընթացի պարագայում էլ դեռևս ցածր դիրքերում ենք գտնվել: Հիմա բացարձակ դիրքերով, ոչ թե փոփոխություններով առաջընթաց ենք ապահովել: Որոշ Արևելյան երկրների ու Մերձբալթյան երկրների հետ համեմատած` նույնիսկ առաջատար ենք»,- ասել էր նա։
Իհարկե, Ա. Շաբոյանը հայտնվեց աննախանձելի վիճակում, քանի որ ընդդիմադիր պատգամավորները հիշեցրին Համաշխարհային բանկի զեկույցը` ՀՀ տնտեսության մոնոպոլացվածության մասին, և բազում այլ տհաճ փաստեր։ Թվում է` ինչ պետք էր` ասվեց։ Սակայն, կարծում ենք, չի խանգարի ևս մեկ անգամ անդրադառնալ Հայաստանի մրցակցային դաշտին և դրա բարելավման մասին տեսակետներին։
Մրցակցային փուչիկը
Նախ` մրցակցային միջավայրի բարելավումն ինքնանպատակ չէ։ Այն պետք է բարելավվի ոչ թե տարբեր զեկույցներում վեր բարձրանալու համար, այլ պետք է նպաստի տնտեսության և, մասնավորապես, ներդրումների աճին։ Ներդրումներ և, մասնավորապես, օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարվում են այնտեղ, որտեղ կա նորմալ մրցակցային միջավայր, և որտեղ աշխատելու համար «տանիքներ» պետք չեն։
Այսինքն` եթե Արտակ Շաբոյանը ճիշտ է, և Հայաստանում վերջին 3 տարիների ընթացքում մրցակցային միջավայրը բարելավվել է, ապա դա պետք է թեկուզ աննշան չափով նպաստեր ներդրումների աճին։ Հիմա տեսնենք, թե օտարերկրյա ներդրումների առումով ի՞նչ տեղաշարժ է գրանցվել վերջին տարիներին (Նկար 1.)։
Նկար 1. Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը ՀՀ-ում 2008-2012թթ., մլն դոլար
Աղբյուրը՝ համաշխարհային բանկ
Օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ամենամեծ ներհոսքը գրանցվել է 2008 թվականին` 935.4 միլիոն դոլար։ 2009-ին ՕՈՒՆ-ների ծավալը նվազել է մինչև 770.4 միլիոն։ Այն ժամանակ ընդունեցինք, որ դա ճգնաժամի հետևանք է։ 2010-ին ներդրումները շարունակեցին նվազել` հասնելով 570 միլիոն դոլարի։ Այս դեպքում էլ համարվեց, որ ճգնաժամի հետևանքները դեռ ամբողջությամբ հաղթահարված չեն։ 2011-ին ներդրումներն աճ արձանագրեցին` հասնելով 663.4 միլիոնի։ Մի պահ թվաց, թե անկման փուլն անցանք, և հիմա սկսվելու է վերելքը։ Մանավանդ, որ «դուինգբիզնեսներ»-ում և այլ զեկույցներում Հայաստանում բիզնեսով զբաղվելն ավելի ու ավելի հեշտ էր դառնում։
Սակայն 2012 թվականին օտարերկրյա ներդրումները պարզապես գահավիժեցին` նվազեցին 26%-ով և կազմեցին 489.4 միլիոն դոլար։ Իսկ 2013 թվականի պատկերն ավելի տխուր է։
Տարվա ամփոփ ցուցանիշները դեռ չկան, սակայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2012 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել էին 62.1% տոկոսով (շուրջ երեք անգամ)։ Ինքներդ համեմատեք, եթե 2012 թվականի հունվար-սեպտեմբերին ՕՈՒՆ ծավալը կազմել էր 409.6 միլիոն դոլար, ապա 2013-ի հունվար-սեպտեմբերին այն նվազել էր մինչև 155 միլիոն դոլար։ Այսինքն` ցավով պետք է արձանագրենք, որ 2013-ի տվյալներով` օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը խայտառակ անկում է ապրել։
Եթե այս ցուցանիշները համադրում ենք մրցակցային միջավայրի բարելավման վերաբերյալ հայտարարությունների հետ, ստացվում է երկու հնարավոր տարբերակ։
Կամ` այդ հայտարարությունները, մեղմ ասած, իրականությունից հեռու են, կամ էլ` Հայաստանի դեպքում տնտեսական օրենքները հակառակ ձևով են գործում. որքան բիզնես միջավայրը բարելավվում է, այնքան թուլանում է օտարերկրյա գործարարների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ։ Այսքանը, պայմանական ասած, մրցակցային փուչիկի մասով։ Սակայն այս ամենը ստիպեց անդրադառնալ նաև մեկ այլ` ներդրումային փուչիկին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի տարեվերջյան հայտնի ասուլիսում լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ են նվազում օտարերկրյա ներդրումները (կրկին հիշեցնենք, որ նախորդ տարվա առաջին 9 ամիսների կտրվածքով` ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումները նվազել էին շուրջ ավելի քան 30%-ով, իսկ այդ թվում ուղղակի ներդրումները` ավելի քան 60%-ով)։
Հենց այդ հարցը պատճառ դարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետի միջև հեռակա բանավեճին` «շինարարության փուչիկի» թեմայով։ Վարչապետն իր պատասխանում նշել էր, որ օտարերկրյա ներդրումների նվազման խնդիրները պետք է փնտրել շինարարության մեջ։ Հիշեցնելով, որ մինչև ճգնաժամը տնտեսական աճի հիմնական շարժիչը շինարարությունն էր, Տիգրան Սարգսյանն ասել էր.
«Շինարարության փուչիկը, որ փչվեց և պայթեց, առաջացրեց բացասական երևույթ: Գների աճ էր կատարվում 15-20 տոկոսով, և տարբեր ճյուղեր դառնում էին ոչ մրցունակ շինարարության հետ: Ֆինանսական միջոցներն արդյունաբերությունից դուրս էին մղվում շինարարության ոլորտ, որովհետև արդյունաբերության մակարդակը միայն գների աճի պատճառով բարձր էր: Ձեռնտու էր փակել գործարանը, գնել բնակարան և մեկ տարի հետո վաճառել: Այսինքն` սպեկուլյացիայի էֆեկտը շինոլորտում շատ մեծ էր: Երբ փուչիկը պայթեց, ֆինանսական միջոցները հայտնվեցին սեփականատերերի մոտ, և նրանք որոշեցին, թե որտեղ և ինչպես ներդրում անեն: Շինարարության անկման պատճառով տնտեսության աշխուժացման կարևորագույն պրոբլեմն է, որը շարունակվեց այս տարի»:
Փուչիկի թեման շատ է քննարկվել, սակայն այն չի քննարկվել հետևյալ տեսանկյունից` ի՞նչ կապ ուներ վարչապետի պատասխանը ներդրումների, առավելևս` ուղղակի ներդրումների հետ։ Ոչ մի կապ։ Որովհետև բնակարանների առուծախը, սպեկուլյացիան օտարերկրյա ներդրում չէ և դրա հետ կապ ունենալ չի կարող։ Այո, միգուցե շատերը գործարանը փակում էին և բնակարան գնում, սակայն դա տեղի էր ունենում մեծ մասամբ ներքին ռեսուրսների հաշվին։
Այստեղ պետք է հստակ նշել, որ խոսում ենք ուղղակի ներդրումների մասին, ինչն առավել կարևոր է։ Օրինակ, եթե օտարերկրացին Հայաստանում շենք է գնում, դա օտարերկրյա ներդրում է, սակայն, ոչ ուղղակի ներդրում։ Ուղղակի ներդրում կհամարվեր այն, երբ այդ օտարերկրացին գումար ծախսեր և զրոյից շենք կառուցեր։
Եվ որպեսզի հասկանանք, թե ի՞նչ դեր ուներ շինարարությունն օտարերկրյա ուղղակի ներդրումների մեջ, պետք է դիտարկել մի պարզ ցուցանիշ` օտարերկրյա ուղղակի ներդրումների ո՞ր մասն է ուղղվել շենքերի շինարարության ոլորտ (որտեղ փչվում էր փուչիկը)։ Ավելի պարզ ասած` որքա՞ն շինարարություն է իրականացվել օտարերկրյա կապիտալի հաշվին։
Այդ ցուցանիշները կարելի է գտնել Ազգային վիճակագրական ծառայության կայքում: Օտարերկրյա ներդրումների բաժնում առանձին տողով առանձնացված են շենքերի շինարարության ոլորտում կատարված ներդրումները։ Երկրորդ նկարը կազմել ենք այդ ցուցանիշների հիման վրա (Նկար 2.)։
Նկար 2. Շենքերի շինարարության ոլորտում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումները (միլիոն դոլար, %)
Աղբյուրը՝ Ազգային վիճակագրական ծառայություն
Դրանից երևում է, որ, օրինակ, 2004 թվականին շենքերի շինարարությանն ուղղվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդամենը 0.5%-ը` շուրջ 1 միլիոն դոլար։ Ռ. Քոչարյանի ժամանակաշրջանի ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է 2006 թվականին, երբ դրսի միջոցների հաշվին կատարվել է 14.4 միլիոն դոլարի շինարարություն։
Ընդհանուր առմամբ, 2004 թվականից մինչև 2013 թվականի սեպտեմբեր ամիսը օտարերկրյա ներդրումների հաշվին իրականացվել է ընդամենը 45.3 միլիոն դոլարի շենքերի շինարարություն։ Ասում ենք` ընդամենը, որովհետև դա վերջին 10 տարիներին ՀՀ տնտեսություն մտած ուղղակի ներդրումների մոտավորապես 1%-ն է։
Սա էլ նշանակում է, որ շինարարության անկումն օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա չնչին ազդեցություն ունի, քանի որ օտարերկրյա կապիտալը, պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում մեծ ծավալի շինարարություն չի իրականացրել անգամ շինարարական բումի տարիներին։
Կարճ ասած` «ինչո՞ւ են նվազում ներդրումները» հարցին համոզիչ պատասխան դեռ չի հնչել ոչ մի պաշտոնատար անձի շուրթերից։