Մեղադրվում է ԱԱծ-ում աշխատանքի տեղավորելու համար 3000 դոլար պահանջելու մեջ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց խարդախության դեպքի առիթով հարուցված քրեական գործի քննությունը:

Հայկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ Արիստակես Քալաշյանին վստահեցրել է, որ ՀՀ ԱԱԾ համակարգում աշխատող իր ծանոթ բարձրաստիճան պաշտոնյաններին կաշառք տալու միջոցով նրան աշխատանքի կտեղավորի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հ. Վարդանյանն իրականում մտադրություն չի ունեցել կատարել խոստացածը, նշված պատրվակով Արիստակես Քալաշյանից պահանջել և ստացել է 1.231.230 դրամին համարժեք 3000 գումար: Հ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ նա խոսատցել է գումարի դիմաց կազմակերպել Հնդկաստանի 7 և Նեպալի 2 քաղաքացիների՝ շենգենյան վիզա ստանալը:

Դատարանում այսօր հարցաքննվեց գործով տուժող ճանաչված Արիստակես Քալաշյանը: Վերջինս ասաց, որ ոչ Հ. Վարդանյանի, ոչ էլ Հնդկաստանի և Նեպալի բնակիչների հետ, ովքեր տուժող են ճանաչվել, ազգակցական կապեր չունի:

Կարդացեք նաև

Նա նաև ասաց, թե Հ. Վարդանյանին չի ճանաչել, իր ծանոթներից մեկից է լսել, որ նա աշխատանքի է ընդունում գումարի դիմաց: Տուժողի խոսքով՝ Հ. Վարդանյանն իրեն երկու աշխատանք է առաջարկել՝ սահմանապահի և օպեր գծով տեղակալի. օպեր գծով տեղակալ աշխատելու հանգամանքն ինքը բացառել է, քանի որ բարձրագույն կրթություն չունի, իսկ ԱԱԾ-ում աշխատելու ցանկություն ունեցել է: Ա. Քալաշյանի խոսքով՝ Հ. Վարդանյանն առաջարկել է 3000 դոլար՝ Ազգային անվտանգության ծառայությունում աշխատանքի տեղավորելու համար:

«Մի տեսակ մեջս կասկած է հարուցել, որ կարող է հնարավոր չլինել գումարով Ազգային անվտանգություն ընդունել, Էրեբունու բաժնում հաղորդում եմ տվել եղածի վերաբերյալ, որպեսզի հասկանանք՝ այդպիսի տարբերակ կա՞, թե՞ ոչ»,- ասաց տուժող Արիստակես Քալաշյանը:

Նա նշեց, որ ինքը Հ. Վարդանյանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ աշխատանքի ընդունվելուց մի քանի ամիս հետո դուրս գա աշխատանքից. սակայն Հ. Վարդանյանը ասել է, որ կծանոթացնի ԱԱԾ-ում աշխատող անձանց հետ, ովքեր իրեն ամեն ինչ կասեն, «տիրություն կանեն»:

Ամբաստանյալ Հայկ Վարդանյանի պաշտպան Արտավազդ Փարսադանյանի հարցին՝ արդյոք նա կամավո՞ր է հաղորդում տվել, թե՞ որևէ մեկն իրեն ստիպել կամ խնդրել է Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում տալ, տուժող Արիստակես Քալաշյանը պատասխանեց. «Իմ կամքով»:

Արտավազդ Փարսադանյանն ասաց նաև, որ 3000 դոլարը, որն ինքը փոխանցել է ամբաստանյալ Հայկ Վարդանյանին, իրենը չէ, իրեն դա տրամադրել է ԱԱԾ-ն: Տուժողը պատմեց, որ Հ. Վարդանյանին հանդիպել է, գումարը դրել ավտոմեքենայի «բորդաչոկի մեջ»:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ դատարան է ստացվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմարկի պետի գրությունը (այս ՔԿՀ-ում է պահվում ամբաստանյալ Հ. Վարդանյանը): Դատավորի խոսքով՝ ՔԿՀ-ի պետը գրությամբ տեղեկացրել է, որ Հայկ Վարդանյանը հերթական հաշմանդամության կարգ ստանալու համար կարիք ունի ենթարկվելու հետազոտման «Մալայան» բժշկական կենտրոնում: Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ «Կալանավորված և ձերբակալված անձանց պահելու մասին» օրենքի համաձայն՝ նշված հարցերը ենթակա են լուծման  այն ՔԿՀ-ի կողմից, որտեղ նա պահվում է:

Գործով վկաները, ինչպես նաև տուժող ճանաչված Հնդկաստանի 7 և Նեպալի 2 քաղաքացիները չէին ներկայացել դատական նիստին: Դատական նիստն այդ պատճառներով հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս