Բաժիններ՝

Երբ սատանան, այնուամենայնիվ, ավելի ճիշտ է

Թերևս, բոլորն են դիտել պարտադիր կուտակայինի գովազդային հոլովակը` հրեշտակի ու սատանայի մասնակցությամբ։ Դրանցում հրեշտակն աշխատում է գիտակցության մեջ «մեխել» այն միտքը, որ` որքան դուք վճարեք կենսաթոշակային հիմնադրամին, նույնքան էլ կտրամադրի պետությունը։

Իսկ իրականում պետությունը ոչինչ էլ չի տրամադրում։ Կամ` առայժմ չի տրամադրում։ Այո, բյուջեով նախատեսված է մոտ 20 միլիարդ դրամ` Կենսաթոշակային հիմնադրամին ուղղելու համար, սակայն այդ գումարը պետական գանձարանից դուրս չի գալու։
Ինչպե՞ս։ Պարզաբանենք։
Եվ այսպես, 1974-ից հետո ծնված աշխատողներին առաջարկվում է ընտրել 3 ֆոնդերից մեկը` պահպանողական, կայուն կամ հավասարակշռված։ Կայուն եկամտային ֆոնդում պորտֆելի 60%-ը կներդրվի դրամով արտահայտված պետական պարտատոմսերում։ Մյուս երկու ֆոնդերում` պետական պարտատոմսերում ներդրումը կկազմի 50%։ Այսինքն, կառավարիչը մեր վճարած և պետության կողմից հավաքված ընդհանուր գումարի կեսով գնելու է պարտատոմսեր:
Որպեսզի առավել հասկանալի լինի, պարզ օրինակ բերենք։
Ենթադրենք` կոնկրետ ֆոնդին մասնակցում է երեք հոգի` Պողոսը, Պետրոսը և Մարտիրոսը։ Նրանք միասին կուտակային հիմնադրամին վճարում են ամսական 30 հազար դրամ (յուրաքանչյուրը` 10 հազար դրամ)։ Եվս 30 հազար իր կողմից «մեծահոգաբար» տրամադրում է պետությունը։ Հիմնադրամում կուտակվում է 60 հազար դրամ։ Իսկ կառավարիչն այդ 60 հազարի կեսն ուղղում է պետբյուջե` նրանից գնելով պետական պարտատոմսեր։ Այսպիսով, պետության տրամադրած 30 հազարը կրկին ետ է գնում պետությանը։
Սա ոչ թե գաղտնիք է, այլ ֆիքսված կանոն։ Ֆինանսների նախարարը մի առիթով ասել է, որ կենսաթոշակային հիմնադրամները կներկայացնեն մոտ 20 միլիարդ դրամի պահանջարկ պետական պարտատոմսերի նկատմամբ։ Ու թեև բյուջեով նախատեսված է նույնքան գումար` Կենսաթոշակային հիմնադրամ վճարելու համար, պարզ է, որ իրականում ոչ մի գումար էլ պետական գանձարանից դուրս չի գալու։ Պետբյուջեն լրացուցիչ ծախսի տակ չի մտնում։
Հիմա շարունակենք։ Վերը նշվածի արդյունքում ստացվում է, որ պետությունը նշված 30 հազարը (պայմանական) ոչ թե ուղղում է Կենսաթոշակային հիմնադրամին, այլ պարտք է մնում այդ գումարը։ Նա պարտավորվում է այդ գումարը վերադարձնել` ֆիքսված տոկոսով։ Պարզ ասած` պետությունը պարտքով մեզանից գումար է վերցնում։ Ու այս տեսանկյունից` պետության համար ձեռնտու է, որ պարտքը վերցնի հնարավորինս ցածր տոկոսադրույքով։
Իսկ հիմա ուշադրություն դարձրեք` ինչ է կատարվում պետական պարտատոմսերի շուկայում։ Վերջին ամիսների ընթացքում դրանց տոկոսադրույքը շարունակաբար նվազում է։ Ֆինանսական բլոկի պատասխանատուները չեն էլ թաքցնում, որ վարում են պետական պարտատոմսերի տոկոսադրույքների նվազման քաղաքականություն, ու, որ դրանք ավելի են իջնելու։ Այսինքն, եթե Սահմանադրական դատարանը չբավարարի ոչ իշխանական ուժերի հայցը, և պարտադիր բաղադրիչը մնա ուժի մեջ, ապա Կենսաթոշակային հիմնադրամների «լցմանը» զուգահեռ` տոկոսադրույքներն իջնելու են։ Պետությունը մեզանից պարտադրաբար պարտք է վերցնելու` շատ ցածր տոկոսադրույքներով։
Այսքանը` պետության ու պետական գանձարանի մասով։ Մեծ հաշվով, այստեղ որևէ մեքենայություն չկա։ Պետական գանձարանը սրանից չի շահում։ Պարզապես սրանով ցույց տվեցինք, որ պետական մեծահոգության «լեգենդը» խիստ ուռճացված է։
Իսկ ո՞վ է շահում։ Բանկերը։ Որովհետև կուտակային հիմնադրամների պորտֆելի 10-15%-ը ներդրվելու է ՀՀ առևտրային բանկերում` որպես ավանդ։ Ընդ որում, բավականին երկար ժամկետով։ Սա հենց այն է, ինչի կարիքն ունեն Հայաստանի բանկերը` երկար փողեր։ Այսինքն` պետությունն օրենքի ուժով մեր հաշվին միջոցներ է ապահովում ՀՀ բանկերի համար։
Այդ առումով որոշ տեսակետներ են հնչում, որ դրանում որևէ վատ բան չկա։ Բանկերը կունենան ազատ միջոցներ` երկար ժամանակով։ Արդյունքում` հնարավոր կդառնա վարկավորում իրականացնել ավելի լավ պայմաններով` երկար ժամկետով և ցածր տոկոսով, որից բիզնեսը կշահի։
Սա էլ հերթական «լեգենդն» է։ Որովհետև բանկերի վարկավորման էֆեկտը շատ ավելի քիչ է, քան այսօրվա ծախսերի մուլտիպլիկատիվ էֆեկտը։ Պարզաբանենք։
Եթե նույն Պողոսը, Պետրոսը և Մարտիրոսն ամսական այդ 30 հազարը ոչ թե տան հիմնադրամին, այլ դրանով գնումներ կատարեն, ծախսեն տնտեսության մեջ, ապա տնտեսությունը դրանից ավելի շատ կշահի, քան դրա մի մասով բանկերի ռեսուրսներն ավելացնելու միջոցով։
Այս մեխանիզմը գոնե ինչ-որ տեղ արդարացված կլիներ, եթե Հայաստանում աշխատավարձերը բարձր լինեին, և աշխատող բնակչության մոտ կուտակվեր ազատ փող։ Այդ դեպքում այս մեխանիզմի միջոցով փողը «բարձի տակից» կուղղվեր տնտեսություն։ Մինչդեռ Հայաստանում ուսուցիչը ստանում է 50-60 հազար դրամ աշխատավարձ։ Նրա մոտ ոչ միայն բարձի տակ դնելու փող չի ավելանում, այլև հարկ է լինում ինչ-որ լրացուցիչ աղբյուրներից գումար հայթայթել` գոյատևելու համար։ Ու նման պայմաններում պետությունը ոչ թե փորձում է մեծացնել այս մարդկանց գնողունակությունը, այլ եղած չնչին գումարն ավելի է պակասեցնում։
Իսկ ընդհանուր առմամբ, պարտադիր համակարգը պարզապես ծաղր է աշխատող հայ մարդու նկատմամբ։ Զավեշտ է, երբ դու մարդուն փորձում ես համոզել, որ իր ապահով ծերության մասին ավելի շատ ես մտածում, քան ինքը։ Ու նաև զավեշտ է, երբ խելոք դեմքով փորձում ես ապացուցել, որ նրա գումարներն ավելի լավ կկառավարի ինչ-որ հիմնադրամ` պետության խիստ հսկողության տակ։
Ու քառակի զավեշտ է` մարդուն ինչ-որ բան պարտադրել, երբ գոյություն ունի տոտալ անվստահություն` իշխանությունների նկատմամբ։
Այս ամենից հետո սկսում ես մտածել, որ վերը նշված հոլովակում սատանան, այնուամենայնիվ, ավելի ճիշտ է, քան հրեշտակը, և միգուցե ավելի ճիշտ կլիներ, եթե հոլովակում նրանց դերերը փոխվեին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս