Լյուդմիլա Սարգսյանը շնորհավորում է գործող իշխանություններին

Սերժ Սարգսյանի իշխանության տարիները կարելի է գնահատել որպես անկումների, հետընթացի և տնտեսական գահավիժման տարիներ: Այս մասին այսօր Վանաձորում ՎՍԴՀ հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց ՎՍԴՀԿ անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա նշեց, թե իր հնչեցրած գնահատականի վառ ապացույցը Սերժ Սարգսյանի կողմից վերանշանակված և առ այսօր գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի փաստն է:

«Վերջինս մի բացառիկ ցինիզմով հայտարարել էր, թե անզիջում պայքար է մղելու կոռուպցիայի, մենաշնորհների և կառավարության ներսում ձևավորված ատկատների համակարգի դեմ, սակայն ինքն էլ համակարգում ու տնօրինում է ատկատների բաշխումը»,- ասաց նա:

Լյուդմիլա Սարգսյանը շեշտեց, թե մենաշնորհների դեմ իշխանության «աննկուն պայքարի, փոքր ու միջին բիզնեսի իբր խրախուսման արդյունքում», այսօր Հայաստանում շուրջ 50 հազար փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտներ ոչնչացվել են:

«Այսպիսով` կարելի է փաստել, որ Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան զույգի թեթև ձեռքով Հայաստանում ոչնչացվեց միջին խավի ձևավորման հնարավորությունը: Հիշեցնեմ, որ ցանկացած երկրի զարգացման չափորոշիչը պայմանավորված է միջին խավի տոկոսային աճով»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:

Նա անդրադարձավ նաև Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, թե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ինչ-որ «հրաշքով պետք է շրջանցեր Հայաստանը».

«Հետագայում պարզվեց, որ այդ ճգնաժամից ամենաշատ տուժած երկրների ցանկում Հայաստանն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ արձանագրելով ընդամենը 14.4 տոկոս տնտեսական անկում: Իսկ բոլորովին վերջերս պարզ դարձավ, որ այդ անկումն իրականում 18.5 տոկոս է եղել, որը իրենց հատուկ աճպարարությամբ նպատակային նվազեցրել են: Այսինքն, մենք աշխարհում գոնե տնտեսական անկման հարցում առաջատարն ենք, որի համար շնորհավորում եմ գործող իշխանություններին»:

Տեսանյութեր

Լրահոս