Արմեն Գևորգյանը սկսել է մարզային խորհրդակցությունների շարքը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր սկսեց մարզային խորհրդակցությունների շարքը, որոնց ընթացքում կամփոփվեն մարզերում 2013թ. կատարված աշխատանքները եւ կներկայացվեն 2014թ. ծրագրերն ու անելիքները:
Խորհրդակցություններն անցկացվելու են հետեւյալ օրակարգով.
- Մարզային զարգացման ծրագրերի կատարման ընթացքի ներկայացում
- 2013թ. մարզերում իրականացված կապիտալ ծրագրերի արդյունավետությանը վերաբերող հարցեր
- 2013թ. իրականացված եւ 2014թ. իրականացվելիք վարչական հսկողության գործընթացին առնչվող հարցեր
- 2013թ. մարզի տարածքում իրականացված ստուգումների արդյունքների ամփոփում
- 2013թ. գյուղատնտեսության ոլորտի ամփոփում եւ 2014թ. նախատեսվող աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր
- 2013թ. հանրակրթական դպրոցների գործունեության ամփոփում եւ 2014թ. արդյունավետ գործունեությանն առնչվող հարցեր
- 2013թ. առողջապահական հիմնարկների գործունեության ամփոփում եւ 2014թ. արդյունավետ գործունեությանն առնչվող հարցեր
- ինֆոտեխնոլոգիաների բնագավառում 2013թ. իրականացված աշխատանքներ եւ 2014թ. կանխատեսումներ
- 2013թ. համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին առնչվող հարցեր
- 500.0 հազ. դրամ եւ ավելի հողի ու գույքի հարկի, ինչպես նաեւ վարձակալության գծով պարտավորություններ ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից գումարների գանձման գործընթացին առնչվող հարցեր
- համայնքների 2014 թ. բյուջեների կազմման եւ հաստատման գործընթացին առնչվող հարցեր
- 2014թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքների աշխատակազմերում ձևավորված աշխատավարձերի պարտքերին առնչվող հարցեր
- համայնքներում 2008-2012թ.թ. մատուցված ծառայություններին վերաբերող հարցեր
- համայնքային ծառայության բնագավառի խնդիրներ
Առաջին խորհրդակցությունն այսօր անցկացվեց Տավուշի մարզում, որին մասնակցում էին մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուներ:
Նշվեց, որ 2013 թ. մարզի համայնքների բյուջեների կատարողականը կազմել է 99.2.%: 2012 թ. համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 8.2 %-ով կամ 182,7 մլն դրամով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 90.7 %-ով, գույքահարկինը` 107.8 %-ով: Փոխվարչապետն ընդհանուր առմամբ դրական գնահատելով ցուցանիշները` միաժամանակ ներկաների ուշադրությունը հրավիրեց հողի հարկի հավաքագրումների տվյալների վրա` նկատելով, որ թերի հավաքագրումներից առաջին հերթին տուժում է հենց համայնքային բյուջեն:
Ա. Գեւորգյանն առանձնահատուկ անդրադարձավ խոշոր հարկատուների կողմից հողի հարկի, գույքահարկի եւ վարձակալության մասով ունեցած պարտավորությունները ժամանակին կատարելու հարցին: Նշվեց, որ հունվարի 10-ի դրությամբ հողի հարկի եւ գույքահարկի մասով միայն խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը կազմում է 8,7 մլն դրամ: Փոխվարչապետը ներկաներին եւ, մասնավորապես, համայնքների ղեկավարներին հորդորեց գործնական քայլեր ձեռնակել, որպեսզի հատկապես խոշոր հարկատուների կողմից համայնքի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորություններն ամբողջությամբ կատարվեն եւ անթույլատրելի համարեց պարտքերի առկայությունը:
Առանձնահատուկ անդրադարձ եղավ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերի վարձակալության տրամադրման ընթացակարգերին: Փոխվարչապետը կարեւորեց նշված ընթացակարգերի պարզեցումը, ինչպես արվել էր արոտավայրերի վարձակալության պարագայում:
Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ, որ մարզի համայնքներում արդեն ավարտվել է 2014թ. բյուջեների կազմման գործընթացը: Մարզպետարանի պատասխանատուները նշեցին, որ անհրաժեշտ մեթոդական աջակցություն ցուցաբերվել է համայնքներին, կազմվել են բավականին իրատեսական ֆինանսական փաստաթղթեր:
Ա. Գեւորգյանը խորհրդակցությանը ներկա համայնքների ղեկավարներին առաջարկեց հետեւողական լինել բյուջեների ամբողջական կատարման հարցում, ինչը հնարավորություն կտա ապահովել նախատեսված ծրագրերի իրականացումը:
Քննարկվեցին նաեւ մարզպետարանի եւ համայնքային ենթակայության հիմնարկներում իրավապայմանագրային ընթացիկ խնդիրների հետ կապված հարցեր: Ա. Գեւորգյանն առաջարկեց սեղմ ժամկետներում ավարտել անհրաժեշտ աշխատանքներն ու պայմանագրերի կնքման գործընթացը`հաշվի առնելով, որ կառավարությունն արդեն հաստատել է համապատասխան որոշումները, ինչպես նաեւ հորդորեց հետեւողական լինել, որպեսզի աշխատավարձերի վճարումների ուշացումներ չլինեն:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց նաեւ համայնքների աշխատակազմերի աշխատակիցների առավելագույն թվաքանակի մոդելը, որը մշակվել է Տարածքային կառավարման նախարարության կողմից` հիմք ընդունելով բնակչության թիվը:
Տվյալներ ներկայացվեց նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ մարզի համայնքներում կատարված աշխատանքների մասին: Նշվեց, որ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված մարզի 62 համայնքներից 29-ում, 22 համայնք ունի նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշարժի հնարավորություն: Փոխվարչապետը հորդորեց ակտիվ աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը կարեւոր համարելով ինչպես աշխատանքների արդյունավետության, այնպես էլ թափանցիկության տեսանկյունից:
Օրակարգային մյուս հարցը վերաբերում էր կառավարության կողմից գյուղատնտեսության աջակցության ծրագրերի իրականացմանը: Փոխվարչապետին զեկուցվեց, որ ամփոփվել է 2014թ. համար մարզի հողօգտագործողների` պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի պահանջարկը, եւ համապատասխան տվյալները կներկայացվեն կառավարություն:
Խորհրդակցությանը տեղեկություններ ներկայացվեցին 2013թ. մարզում տարբեր ծրագրերով իրականացված աշխատանքների մասին: Նշվեց, որ ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 26 մլրդ դրամի ներդրում, որոնցից 21,5 մլրդ դրամը` քաղաքաշինության, 840,5 մլն դրամը` ճանապարհաշինության, 810 մլն դրամը` ջրամատակարարման, 1 մլրդ դրամը` գազիֆիկացման, 2 մլրդ դրամը` դրենաժային ցանցի կառուցման բնագավառներում: Փոխվարչապետն անդրադառնալով կապիտալ ծրագրերին ` հատկապես ընդգծեց ճանապարհաշինական ծրագրերի ժամանակին իրականացման կարեւորությունը` հարցն առաջնահերթ համարելով Իջեւանի եւ Բերդի տարածաշրջանի համայնքների տրանսպորտային հաղորդակցության ապահովման տեսանկյունից:
Փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին եւ համայնքների ղեկավարներին հորդորեց նաեւ ամենայն աջակցություն ցուցաբերել Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերի իրականացմանը:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին