Ֆրանսիան 2013 թվականին արտաքսել է ռեկորդային թվով գնչուների
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները 2013 թվականին իրենց տարածքից արտաքսել են 19.380 գնչուի: Իրավապաշտպանների խոսքերով՝ դա ռեկորդային ցուցանիշ է Ֆրանսիայի համար: Միևնույն ժամանակ ավերվել է 165 ճամբար, որոնցում բնակվում էին այդ անձինք:
Ընդ որում, Ֆրանսիայից արտաքսված գնչուների մեծ մասի դեպքում երկիրը որևէ օգնություն չի ցուցաբերել նրանց, ֆրանսիական իշխանությունները չեն փորձել նրանց տեղավորել ինչ-որ տեղ: 2012 թվականի համեմատ՝ 2013 թվականին Ֆրանսիայից արտաքսված գնչուների քանակն աճել է ավելի քան երկու անգամ:
Իրավապաշտպաների տվյալներով՝ 2012 թվականին Ֆրանսիայից արտաքսվել է ավելի քան 9400 գնչու, իսկ 2011 թվականին՝ ավելի քան 8400 գնչու: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը պնդում է, որ գնչուները չեն ցանկանում ինտեգրվել հասարակությանը, հետևաբար նրանց պետք է արտաքսել:
Ֆրանսիայում անցկացված հարցախույզները վկայում են, որ այդ կարծիքին է նաև երկրի բնակչության մեծ մասը: Պաշտոնական տվյալներով՝ Ֆրանսիայում բնակվում է 20.000 գնչու: Բուլղարիայից ու Ռումինիայից ժամանած գնչուներին արտաքսելու կամպանիան մեկնարկել է դեռևս Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ժամանակ: