«Մեծ կաշառքը» կրոնական դպրոցների փակման դիմաց և խորքային պետության ճշտած սահմանները
Ներթուրքական հարթության վրա արձանագրվող մագլցումների քաղաքական մեկնաբանությունը պարզ չէ, չասելու համար, որ բավական բարդ է: Հարցը իհարկե վերաբերում է «մեծ կաշառք» գործողության շարժառիթին, ապրող հոլովույթին, «մեծ կաշառքի» և «Գեզի այգու» առաջացրած մակընթացությունների տարբերություններին, տեղ-տեղ նրանց հետապնդած նպատակների համատեղմանը և շատ ավելի՝ նրանց ուղղակի հակասությանը:
Մեծ հարցականներ է ստեղծում ի՛նքը Ֆեթհուլլահ Գյուլենը: Նա իսլամական վարչակարգի հոգևոր աղբյուրն է, միաժամանակ, աշխարհիկ կարգերի լուռ և երբեմն ուղղակի աջակցությունը վայելողը: Թուրքական օրվա վարչակարգից փախուստ տված, սակայն հեռակառավարումով Թուրքիայի նկատառելի գերատեսչություններ ղեկավարողը: Վարչակարգի խորքային հանգամանքը ունեցած լինելու համոզումը սփռողը և ուժային կառույցների կողմից մերթ ընդունելի և մերթ մերժելի նկատվողը: Վարչակարգի ամբողջական իսլամականացման ջատագովը և Արևմուտքում հսկայական կառույցների և առևտրական ընկերությունների սեփականատերը:
Հակասական այս երևույթները, ինքնին առաջնորդում են «մեծ կաշառքի» հսկայածավալ գործողությունների շարքի ձեռնարկման և դրա հետ կապված զարգացման երևույթների տարատեսակ մեկնաբանությունների մասին:
Նախ փորձենք ճշտել, թե ի՞նչ ժամանակահատվածի զուգադիպեց «մեծ կաշառքի» ձեռնարկումը: Գյուլենի շարժման կողմից լուրջ նախահարձակումը սկսել է այն պահին, երբ իշխող կուսակցության շարքից դուրս է եկել Հաքան Շուքուրը: Նա հայտարարել էր, որ անընդունելի է նկատում Ֆեթհուլլահ Գյուլենին ուղղված իր կուսակիցների վիրավորանքները և դուրս կգա կուսակցությունից: Հենց այս հրաժարականին էլ հաջորդեցին դեկտեմբերի 17-ին սկսված «մեծ կաշառք» գործողությունները, որոնք ամբողջ աշխարհի հայացքը սևեռեցին Թուրքիայի վրա:
Վիրավորանք էր հասցվել Գյուլենին, երբ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը որոշում էր կայացրել փակել Գյուլենի շարժման հատուկ դպրոցները: Այնուհետև, բացահայտումներ, գայթակղություններ, հարցապնդումներ, փախուստներ և մեծածավալ գայթակղության դիմաց ստեղծված իրավիճակի բոլոր երևույթների պարզում:
Իսլամականության և ժողովրդավարության համակարգման խորհրդանիշի հռչակ վայելող Ֆեթհուլլահ Գյուլենի վառած կանաչ լույսի պահը հետևյալ երևութական տրամաբանությունը ունի: Գյուլեն տիրապետում էր Էրդողանի գլխավորած կառավարության բոլոր ներքին ծալքերին: Այդ տեղեկությունների բացահայտումը սպասում էր հարմար պահի: Այդ պահը առերևույթ իր հովանավորած կրոնական դպրոցները փակելու Էրդողանի կայացրած որոշումն էր: Այլապես կարելի էր հանգիստ դիտել կաշառքի և Գյուլենի շարժման համաժամանակյա զարգացումները:
Արևմուտքի բարիքներն ու շնորհները վայելող իսլամական այս առաջնորդը հավանաբար միայն ներթուրքական ներշնչումներ չուներ Էրդողանի հեղինակությունը հարվածելու: Միացյալ Նահանգներից թուրքական քաղաքական և տնտեսական դաշտի վրա ազդեցության գործոններ բանեցող այս իսլամական առաջնորդի առած քայլը, Թուրքիայի նախագահության գլխավոր թեկնածուին դեպի նախագահական պալատ տանող ճամբան հստակորեն նեղացնում է:
Բնապահպանական, գաղափարախոսական, կարծիքի ազատության առաջադրանքներով ծայր առած շարժման զանգվածայնացումը և հիմա էլ կաշառազերծման կարգախոսերով կատարվող բացահայտումների առաջացրած իրավիճակը նախանշում են թուրքական պետական և հասարակական գետինների անհանգիստ վիճակը: Տակավին շարժումները չեն անցնում ինքնության խնդիրների սահմանը, ինչը որ կարող է կտրուկ շրջադարձով և բեկումնայնությամբ հատկանշել Թուրքիայի ընդհանուր կացության փոփոխութինները: Վերջին գործողությունների ծայր առած օրերին, թեև հերքված, այնուամենայնիվ պետք չէ մտահան անել Անկարայում ամերիկացի դեսպանին վերագրված այն հայտարարությունը, որի համաձայն «շուտով ականատես պիտի լինենք ինչ որ կայսրության փլուզմանը»:
Ֆեթհուլլահ Գյուլեն մի առիթով մերժեց իրեն վերագրվող պետության մեջ պետություն լինելու հանգամանքը: «Մեծ կաշառքի» ձեռնարկատերը ենթադրաբար գիտի, որ հակառակ իսլամաժողովրդավարության անհաջող սինթեզներին, Թուրքիան շարունակվում է ղեկավարվել խորքային պետությամբ, ուր գերիշխող է աշխարհիկ կարգերի անվան տակ թուրք ազգայնականությունն ու ռազմականությունը: Մնացյալ կարգախոսային բաղադրիչները բնապահպանությունից մինչև խոսքի ազատություն, ապակաշառեցման գործողոթյուններից մինչև ևրոպականացման ուղիներ, իսլամականությունից մինչև ժողովրդավարություն կամ նրանց համատեղման փորձերը, բոլորը իրենց սահմաններն ունեն, գծված խորքային պետության ճարտարապետների կողմից: Եթե Ֆեթհուլլահ Գյուլենը այդ սահմանազանցումը կատարի, «մեծ կաշառքի» գործողությունները կփոքրանան և Գյուլենի դպրոցները կփակվեն ամուր կողպեքներով:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր