Հնարավոր է չեղյալ համարել համաձայնագիրը

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև դեկտեմբերի 2-ին ստորագրված համաձայնագիրը վտանգավոր է համարվում ոչ այնքան նրանով, որ Հայաստանը Ռուսաստանին պարտքի դիմաց հանձնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 20 տոկոս բաժնեմասը (Հայաստանը դրանից ավելի լուրջ գույքային ակտիվներ է հանձնել Ռուսաստանին, այդ թվում` «ՀայՌուսգազարդի» 80 տոկոսը), այլ այն, որ այդ համաձայնագրում կան կետեր, որոնք էականորեն սահմանափակում են Հայաստանի ինքնիշխանությունը:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է համաձայնագրի այն կետերին, ըստ որոնց` Հայաստանի խորհրդարանը չի կարող ընդունել օրենքներ, որոնք կարող են հակասել այդ համաձայնագրի դրույթներին: Եվ այդ պայմանները գործելու են 30 տարի շարունակ՝ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը: Արդյո՞ք ամեն ինչ այդքան միանշանակ է. արդյո՞ք Հայաստանի իշխանությունը պարտավորված է լինելու 30 տարի շարունակ ապահովել այդ համաձայնագրի դրույթների իրագործումը, թե՞ այն, այնուամենայնիվ, հնարավոր է լուծարել:

«Հնարավորություններ ոչ միայն կան, այլ դրանք բազմաթիվ են, ուղղակի դրա իրականացման համար մի քանի նախադրյալներ են անհրաժեշտ»,- անդրադառնալով վերը նշված խնդրին՝ 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, ՀՀՇ խորհրդի նախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը։

«Երբ նոր իշխանություն կձևավորվի, ապա այն անպայման պետք է ուսումնասիրի համաձայնագրի կնքման քրեական բաղադրիչը. պարտքի գոյացումը, ինչ սխեմաներ են օգտագործվել դրա կուտակման և հետագա մարման համար: Համոզված եմ, որ ի հայտ կգան բազմաթիվ քրեական մոտիվներ պարունակող փաստեր, կլինեն այսօրվա իշխանության ներկայացուցիչներ, ովքեր ցուցմունք կտան այն մասին, որ եղել է ուժի կիրառման սպառնալիք, եղել է կոռուպցիոն բաղադրիչ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ միջազգային իրավունքին ծանոթ ցանկացած մարդ կարող է հավաստել, որ նման հոդվածներ պարունակող համաձայնագիրը կարող էր կնքվել միայն ճնշման արդյունքում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս