Թրամփի ու Հանրապետական կուսակցության շռայլ դոնորը՝ TRIPP+ ֆոնդի ղեկավար. Hetq.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող MAGA կոմիտեին անցյալ տարի 11 մլն դոլար նվիրաբերած Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է ամերիկյան պետական TRIPP+ Enterprise Fund-ի ղեկավար, որը պատրաստվում է 201 մլն դոլար ներդնել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում։ Ի՞նչ կապ ունի այս նշանակումը Հայաստանի հետ, եւ ովքե՞ր են իրականում թաքնված շարժական կապի ոլորտում հայկական խոշորագույն ակտիվի հետեւում։

Կ. Սոկոլովը հրեական ծագումով ԱՄՆ քաղաքացի, ծնունդով պետերբուրգցի գործարար է: Մարդ, որի անունը օրերս կրկին դարձավ լայն քննարկման թեմա հատկապես մամուլում: Բայց այս անգամ խոսքը ոչ այնքան բիզնեսի, որքան քաղաքականության մասին էր:

201 մլն դոլար՝ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի մասնավոր հատվածին

Բրիտանական The Guardian-ը, հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակին, հայտնել է, որ TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը (Enterprise fund), որն իր անունը ստացել է TRIPP նախագծից (Trump Route for International Peace and Prosperity կամ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման), լիազորված է 201 մլն դոլարի ներդրումներ կատարել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, այսինքն՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում:

Ներդրումների նպատակը լինելու է այս երկրների մասնավոր հատվածի ռազմավարական զարգացման խթանումը, իսկ ներդրումներ ասելով՝ պետք է հասկանալ վարկերի տրամադրում, բաժնետիրական ներդրումներ եւ դրամաշնորհներ:

TRIPP+ ֆոնդը TRIPP նախագծի կառավարիչը չէ

Տարակարծություններից խուսափելու համար անհրաժեշտ է շեշտել, որ TRIPP+ ֆոնդը կապ չունի TRIPP նախագծի կառավարման հետ:

2026-ի հունվարի 13-ին Հայաստանի ու ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հրապարակած փաստաթղթից պարզ դարձավ, որ կողմերը հիմնելու են TRIPP-ի ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումն ապահովող ընկերություն՝ TRIPP Development Company («ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն»): Դրա 26 %-ի բաժնետերը լինելու է ՀՀ-ն, իսկ 74 %-ինը՝ ԱՄՆ-ն, ավելի կոնկրետ՝ TRIPP Development Company US-ը, որը հիմնադրվելու է ԱՄՆ Դելավեր քաղաքում եւ լինելու է այդ երկրի պետական գործակալության՝ ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ կամ DFC- US International Development Finance Corporation) դուստր ընկերություն: TRIPP-ի իրականացման վերաբերյալ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն ռազմավարական համագործակցության համաձայնագիր նախաստորագրեցին այս տարվա մայիսի 26-ին Երեւանում, իսկ ստորագրումը եղավ հունիսին հեռավար կարգով:

Հուլիսի 16-ին կայացած Կառավարության նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ «ծրագրի իրականացման համար ներդրումներ ներգրավելու նպատակով ստեղծվում է ամերիկյան ներդրումային ընկերություն, որի անունը TRIPP+ է։ Իրավական առումով սա մեր «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» հետ միջնորդավորված եւ անուղղակի կապ ունի։ TRIPP+ կոչվող ամերիկյան ներդրումային ընկերության ղեկավարը նշանակված անձ է (նկատի ունի Սոկոլովին – հեղ.)»:

Ինչու՞ է ֆոնդի ղեկավար նշանակվել հենց Կոնստանտին Սոկոլովը

The Guardian-ը, հղում անելով ԱՄՆ արտաքին աջակցության 4 փորձագետների, նշել է, որ ձեռնարկատիրական ֆոնդերի տնօրենների խորհրդի անդամներին ընտրելը սովորական պրակտիկա է Սպիտակ տան համար: Ընդ որում՝ նշանակված անձինք հաճախ կապեր են ունեցել ԱՄՆ վարչակազմի հետ:

Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ ձեռնարկատիրական ֆոնդերի ծրագրի նախկին աշխատակից Դոն Նիսը նկատել է, որ ԱՄՆ կառավարության նման մոտեցումը տրամաբանական է, փոխարենը խնդիր է, երբ քաղաքական կապեր ունեցող այդ մարդիկ փորձ չեն ունենում ներդրումային բանկային գործունեության, մասնավոր կապիտալի կամ այն ոլորտներում, որոնց առնչվող ներդրումների հետ պետք է գործ ունենան:

Այս առումով Սոկոլովի անցյալը, ըստ էության, խոսում է նրա օգտին: 51-ամյա գործարարի անձնական կենսագրության մեջ նշվում է, որ ղեկավարել է պետական հարստության ֆոնդերի եւ կենտրոնական բանկերի վերակազմավորման նախագծեր, աջակցել է ընկերությունների ցուցակագրմանը աշխարհի խոշոր ֆոնդային բորսաներում եւ հանդես եկել որպես ռազմավարական խորհրդատու կառավարությունների ու խոշոր ընկերությունների համար։

Բայց կա մի բան, որի մասին Սոկոլովի անձնական կենսագրության մեջ չի ասվում, չնայած հայտնի է բաց աղբյուրներից: Ըստ ԱՄՆ ֆեդերալ ընտրական հանձնաժողովի՝ 2025-2026 թթ. Սոկոլովը բավական ակտիվ է եղել տարբեր քաղաքական արշավների նվիրատվություն կատարելու հարցում: Եթե 2008 թ. հոկտեմբերին Սոկոլովն ընդամենը 3600 դոլար է փոխանցել նախագահի թեկնածու Բարաք Օբամայի ընտրարշավին, ապա 2025-ին 11 մլն դոլար է նվիրաբերել ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող MAGA (Make America Great Again) կոմիտեին: 2026 թ. մարտին էլ Սոկոլովը 443 հազար դոլար է փոխանցել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնին՝ Հանրապետական ազգային կոմիտեին:

Կ. Սոկոլովի ամենախոշոր նվիրատվությունները ԱՄՆ քաղաքական արշավներին. ամբողջական ցանկը՝ այստեղ.

Հատկանշական է, որ, ըստ ԱՄՆ ֆեդերալ ընտրական հանձնաժողովի, Սոկոլովը քաղաքական արշավներին նվիրատվություններ է արել միայն 2008-ին (Օբամայի արշավին փոխանցված 3600 դոլարը) եւ 2025-ից հետո:

Բացի նրանից, որ Սոկոլովը բավական շռայլ է Հանրապետական կուսակցության եւ նախագահ Թրամփի համար նվիրատվություններ անելու հարցում, նա նաեւ մեկն է այն 36 դոնորներից, որոնք գումար են փոխանցել Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի կառուցման համար: Թե որքան է եղել Սոկոլովի ներդրումը, հայտնի չէ, բայց, ըստ Թրամփի, դոնորներն իր այս նախագծին հատկացրել են ավելի քան 350 մլն դոլար:

Ամբողջական հոդվածը Hetq.am-ում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031