Իրանը ԱՄՆ-ին սպառնացել է անցնել «լիակատար ոչնչացման փուլի»՝ հարվածների շարունակման դեպքում

Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ն առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին: Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։

Նա ընդգծել է, որ ամերիկյան հարձակումների պահպանման դեպքում Իրանի զինված ուժերը կփոխեն իրենց գործողությունների բնույթը։

«Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը զսպման և պատասխան գործողությունների փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- Իրանի հեռուստատեսության եթերում հայտարարել է Ռեզային, նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։

Նա նշել է, որ այդ դեպքում Իրանի սահմաններից դուրս տեղակայված ամերիկյան ռազմաբազաներն ու զինծառայողները կդառնան ուղիղ հարվածների թիրախ։

«Մինչ այժմ Իրանի զսպվածության պատճառը եղել է անվտանգության խնդիրների և միջազգային հակամարտությունների (մասնավորապես՝ թուրք-իսրայելական, չին-թայվանական և ռուս-եվրոպական ճգնաժամերը) սրումը կանխելու ցանկությունը, սակայն Վաշինգտոնի նոր սխալ հաշվարկը տարածաշրջանը տանում է հենց այդ ուղղությամբ»,- ասել է խորհրդականը։

Ռեզային հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի այն ռազմավարությունից, որը ենթադրում է ռազմական հարվածների և բանակցությունների հերթագայություն։ Նա նշել է, որ Թեհրանը մտադիր է առաջիկա օրերին մեծացնել իր հարձակումների ուժգնությունը։

Իրանցի պաշտոնյայի հայտարարությունը հնչել է Իրանին հասցվող հարվածների նոր շարքի մեկնարկի մասին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարությունից կարճ ժամանակ հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031