Երևանում բացվեց եվրոպական չափանիշներին համապատասխան գալերեա
Դեկտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում՝ Սպենդիարյան 5 հասցեում գտնվող «Ոսկե դար» գալերեան (www.hi-artonline.com, aa.auction.am) բացեց իր դռները՝ ներկայացնելով համաշխարհային այնպիսի մեծությունների, ինչպիսիք են՝ Ե. Քոչարը, Մ. Սարյանը,
Լ. Թութունջյանը,
Ժ. Ժանսեմը, Ե. Թադևոսյանը, ինչպես նաև ժամանակակից աբստրակցիոնիստ նկարիչների, քանդակագործների և այլ հեղինակների ստեղծագործություններ:
Հայ հասարակության համար անսպասելի էր ամբողջական մի սրահում տեսնել, ուսումնասիրել իմպրեսիոնիստ (նաև ռեալիստ) Եղիշե Թադևոսյանի հանճարեղ էտյուդները, գրաֆիկական աշխատանքներն ու արխիվային նյութերը, որոնք կոլեկցիոներ Վահագն Գրիգորյանը ձեռք է բերել Թիֆլիսից: Ի դեպ, այցելուների համար անակնկալ էր «Ոսկե դարում» տեսնել Լևոն Թութունջյանի երկու շեդևր նկարներից բացի, նաև նրա հանճարեղ քանդակը:
Այս ցուցահանդեսի ինքնատիպությունը կայանում է նաև նրանում, որ գալերեայի տարածությամբ մեծ և բազում սրահները թույլ են տալիս գեղանկարչության ուղղություններն ու հեղինակներին տարանջատելով, նրանց հատկացնել մեծ սրահներ: Ժան Ժանսեմի Հայաստանում երբևէ չցուցադրված ստեղծագործություններն, օրինակ՝ ունեն իրենց առանձին ցուցասրահը, որոնք ընդհանուր էքսպոզիցիայի մեջ և՛ շարունակություն են, և՛ իրենցից ներկայացնում են մի առանձին յուրահատուկ էքսպոզիցիա: Առանձին մի մեծ սրահ հատկացվել է նաև մինիմալիստ երեք աբստրակցիոնիստների` Աշոտ Հարությունյանին, Գարիկ Կարապետյանին և Խաչատուր Մարտիրոսյանին:
Առանձին հեղինակների հետ հարցազրույցներ «168 Ժամը» կներկայացնի առաջիկայում՝ տոներից հետո: Իսկ մինչ այդ նշենք, որ վերջապես Երևան քաղաքն ունեցավ եվրոպական չափանիշներին համապատասխան, քաղաքակիրթ մի ցուցասրահ, որտեղ համաշխարհային մեծության նկարիչների կողքին ներկայացվում են ժամանակակիցներ և, որտեղ կարելի է գտնել գեղանկարչական բովանդակություն, ձեռագիր և ասելիք:
Մինչդեռ, այս ամենի հետ մեկտեղ, չենք կարող չնշել, որ այս կարևորագույն մշակութային իրադարձությունը պետք է արժանանա արվեստաբանական գնահատականի՝ քննադատության: Մասնագիտական վերլուծությունները, քննադատությունները Հայաստանում իրականացվող ցուցահանդեսներում պակասում են, որն օդի պես անհրաժեշտ է արվեստի ոլորտին, հակառակ դեպքում՝ զարգացում ապահովելն ուտոպիա է: Այն, որ Հայաստանում նման ձևաչափով, գեղանկարչության մեջ ընդունված կարծրատիպերը կոտրող ցուցահանդեսն արդեն մեծ իրադարձություն է՝ փաստ է, սակայն տպավորություն է, որ մեր երկրում արվեստաբաններն ասելիք չունեն, մանավանդ, որ նրանցից շատերի ներկայությունը ցուցահանդեսում չնկատեցինք: Մենք կփորձենք ցուցահանդեսի բացմանը ներկա արվեստաբան, նկարիչ Արա Հայթայանից (ով նաև մասնակից է), ինչպես նաև՝ արվեստաբան Շահեն Խաչատրյանից առաջիկայում «քննադատական» խոսք «խնդրել»:
Վերջին շրջանում Հայաստանում իրականացվող ցուցահանդեսները «ցավալիորեն» միայն արժանանում են գովեստի խոսքերի, իսկ քննադատությունները հնչում են պատերի տակ, մասնավոր զրույցներում և հեղինակների թիկունքում: Մինչդեռ, կրկնում ենք՝ արվեստի զարգացման հեռանկարը մեծապես կախված է մասնագիտական քննադատությունից: