Բաժիններ՝

Իվանիշվիլին պատմել է, թե ինչպես է ժամանակին օգնել Սաակաշվիլիին, ապա՝ զղջացել և դարձել նրա հակառակորդը

Forbes պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պատմել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ իր հարաբերություններին և մասնավորապես այն մասին, թե ինչպես է ժամանակին օգնել նրան, սակայն հետագայում զղջացել է և որոշել է դառնալ նրա գլխավոր քաղաքական հակառակորդը.

«Նրա (Սաակաշվիլիի) հետ ես հանդիպել եմ «Վարդերի հեղափոխության» ժամանակ՝ նրա նախագահ դառնալուց (2004 թվականի հունվար) քիչ առաջ: Ես կարծում էի, որ եկել է այն թիմը, որը երկիրը կտանի դեպի Եվրոպա: Ես գիշերները չեմ քնել, պլաններ եմ մշակել, թե ինչպես օգնեմ նրանց:

Սաակաշվիլիի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ ես ասացի, որ անհրաժեշտ է առաջին հերթին բարձրացնել չինովնիկների աշխատավարձը: Այն ժամանակ նախարարներն ու պատգամավորներն ամսական ստանում էին 10-ական դոլար աշխատավարձ:

Եթե նախարարի որդին մնում է քաղցած, չի կարողանում գնալ դպրոց, իսկ նա ստորագրում է միլիոնավոր դոլարների պայմանագրեր, ապա շատ բարդ կլինի կոռուպցիան կանգնեցնելը»:

Իվանիշվիլին ընդգծել է, որ վճարումներ է արել «Սորոսի հիմնադրամից» և ավելի քան 2.5 տարի վրացի չինովնիկները ստացել են բարձր աշխատավարձեր, ընդ որում՝ ոչ ոք չի իմացել ու չի էլ հետաքրքրվել, թե որտեղից են այդ փողերը: Իվանիշվիլիի խոսքերով՝ մեկ այլ հիմնադրամ ստեղծվել է բանակի օգնությամբ.

«Հիմնադրամի փողերով կառուցվել են զորանոցներ, հանդերձանք է գնվել զինվորների համար, որոնք անգամ չունեին ծածկոցներ: Ես հետևել եմ, որ իմ փողերով չգնվի զենք: Այդ ժամանակ ես օգնել եմ նաև ոստիկանությանը»: Իվանիշվիլին ընդգծել է, որ այդ ժամանակ հանդիպել է միայն Սաակաշվիլիի հետ, իսկ Վանո Մերաբիշվիլիի հետ չի հանդիպել.

«Քանի որ ես փակ մարդ էի, գործնականում չէի դիտում հեռուստացույց, ուստիև վերջում իմացա, որ ժողովրդավարություն կառուցելու փոխարեն նրանք կառուցել են ինքնակալություն և իրենց ձեռքում են կենտրոնացրել ողջ բիզնեսը:

Քանի դեռ չէր գրանցվել 2007 թվականի նոյեմբերի 7-ի խաղաղ ակցիայի կոշտ ցրումը, ես ոչինչ չէի հասկացել, սակայն պարզվեց, որ ժողովուրդն արդեն իսկ բավական ուժեղ տառապում էր նրանցից:

Սաակաշվիլիի իշխանության ժամանակ ողջ փողերն իրենց մոտ են կենտրոնացրել հիմնականում 4 անձինք. ինքը՝ Սաակաշվիլին, Վանո Մերաբիշվիլին (Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար ու նախկին վարչապետ), Զուրաբ Ադեիշվիլին (արդարադատության նախկին նախարար) և Գիգի Ուգուլավան (Թբիլիսիի քաղաքապետ, որի գործառույթները ներկայումս կասեցված են):

Նրանց եկամուտներն ամսական կազմել են 40-50 միլիոն դոլար: Սարսափելի մեծ թվեր են՝ հատկապես Վրաստանի համար: Գործնականում վերահսկվել են դրամական բոլոր փոխանցումները: Գլխավոր դատախազն ունեցել է մոնիթորինգային խումբ, որը դիտարկում է անցկացրել 1000 դոլարից ավելի գումարի փոխանցումների նկատմամբ:

Ամեն ինչ կազմակերպվել է այնպես, որ դրամական բոլոր հոսքերը բաժին հասնեն իրենց: Մարդկանց հարկադրել են վերաձևակերպել ունեցվածքը: Դատախազությունը պետք է պարզի պետության օգտին կատարած նվիրատվությունների հարցը: Իսկ այդպիսի դեպքերի քանակը կազմում է 9800:

Այդ ժամանակ ես հասկացա, որ աջակցել եմ մի մարդու, ով կառուցում է ոչ թե ժողովրդավարություն, այլ՝ բռնապետություն: Աստիճանաբար իմ տրամադրությունն ընդհանրապես ընկավ, ես փորձեցի խուսափել նրանից, կինս էր հեռախոսով պատասխանում նրան, որ ես վատառողջ եմ: Հրաժեշտ տալիս ես չպարզեցի իմ ձեռքը նրան՝ ասելով, որ եթե հրաժարական տաս, ապա ինչ-որ կերպ կշփվեմ հետդ, հակառակ դեպքում կդառնամ քո թշնամին:

Երկու օր անց նա զանգահարեց և ասեց, որ հրաժարական կտա, եթե ես օգնեմ նրան, խորհուրդներ տամ: Եվ նա հրաժարական տվեց: 2008 թվականի հունվարին տեղի ունեցան արտահերթ ընտրություններ: Սաակաշվիլին հաղթեց, սակայն իմ կարծիքով՝ ընտրությունները կեղծվել էին: Իրականում հաղթել էր պարզ և ոչ հայտնի երիտասարդը (Լևան Գաչեչիլաձեն)»:

2011 թվականի հոկտեմբերի սկզբին վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հասարակության համար անսպասելիորեն հայտարարեց, որ մտադիր է ստեղծել քաղաքական ուժեղ թիմ և Վրաստանում գալ իշխանության գլուխ՝ ընդգծելով, որ իշխանության գալու դեպքում իշխանության ղեկին կմնա մոտ 2 տարի, և որ իր գլխավոր նպատակը (առաքելությունը) քաղաքական ասպարեզից Սաակաշվիլիին հեռացնելն է:

Իվանիշվիլին կատարեց իր խոստումը՝ նրա թիմը («Վրացական երազանք») դաշինք հաղթեց նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում, իսկ նրա թեկնածուն (Գեորգի Մարգվելաշվիլի) հաղթանակ տարավ այս տարվա հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների առաջին իսկ փուլում: Դրանից հետո Իվանիշվիլին հրաժարական տվեց, և Վրաստանի վարչապետ դարձավ Իրակլի Գարիբաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս