Դավիթ Տոնոյան. Մեր համագործակցությունը պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի հետ է՛լ ավելի է զարգանալու և խորանալու
Հայաստանը դարձել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող GPOI ծրագրի գործընկեր: Նախաձեռնության շրջանակում ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել մոտ 1.5 մլն դոլար խաղաղապահ կարողությունների զարգացման համար: Այսօր լրագրողները ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Մաքսային Միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը կսառեցնի՞ իր ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ:
Ի պատասխան, նա ասաց. «Չկա ոչ մի խոչընդոտ, և դա բազմիցս ասվել է և´ մեր Հանրապետության նախագահի, և պաշտպանության նախարարի, և արտաքին գործերի նախարարի կողմից, որևիցե խոչընդոտ, որևիցե փոփոխություն ռազմական, անվտանգային համագործակցության շրջանակներում այս կամ այն տնտեսական դաշինքի մեջ մտնելուն, այս կամ այն տնտեսական ֆորմատների մեջ մտնելուն չի սահամանափակում Հայաստանին: Եվ ընդհակառակը, մեր համագործակցությունը պաշտպանության ոլորտում Միացյալ Նահանգների հետ է՛լ ավելի է զարգանալու և խորանալու»:
Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ արդյո՞ք դա նշանակում է, որ Ռուսաստանը չի խանգարում բանակում բարեփոխումներ անցկացնել և գործակցել այլ երկրների հետ, Դ. Տոնոյանը պատասխանեց, որ նման բան գոյություն չունի. «Այդպիսի սահմանափակումներ չկան և չեն էլ կարող լինել: Մեր համագործակցությունը մեր առաջնահերությունների շրջանակում է իրականացվում: Իսկ առաջնահերությունները սահմանելը մեր սուվերեն իրավունքն է»: