Վիլնյուսից հետո լինելու է Գյումրին
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Վիլնյուս՝ մասնակցելու Եվրամիության Արևելյան գործընկերության՝ այդքան սպասված ու գրեթե տապալված գագաթաժողովին: Ընդ որում, Հայաստանը այդ միջոցառման տապալողներից մեկն է, առաջինը՝ ըստ ժամանակագրության: Ու նախագահի մակարդակով մասնակցությունը վիլնյուսյան գագաթաժողովին, ըստ էության, Եվրամիության ձախողումը «բարձր մակարդակով» ամրագրելու նպատակ ունի:
Հասկանալի է, որ սեպտեմբերի 3-ից հետո վիլնյուսյան գագաթաժողովին Հայաստանի մասնակցել-չմասնակցելու հարցը որոշվել է ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում: Ընդ որում, մեծ հավանականությամբ, այդ որոշումը կայացվել է վերջին օրերին, միայն ՈՒկրաինայի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման գործընթացը կասեցնելուց հետո: Մինչ այդ, նույնիսկ իշխանական ամենաբարձր օղակներում չգիտեին՝ Սերժ Սարգսյանը մեկնելո՞ւ է Վիլնյուս, թե՞ ոչ: Ըստ ամենայնի, Ուկրաինայի «հարցը լուծելուց» հետո Ռուսաստանում մտածել են, որ բավական ազդեցիկ տեսարան կլինի, երբ Արևելյան գործընկերության կուլմինացիան համարվող գագաթաժողովում կողք կողքի կանգնեն Արևելյան գործընկերությունը տապալած երկրների առաջնորդները:
Ինչ վերաբերում է Վիլնյուսյան գագաթաժողովին Սերժ Սարգսյանի մասնակցության ներհայաստանյան մոտիվացիաներին, ապա, բնականաբար, այդ քայլն իշխանության կողմից կներկայացվի` որպես «և-և»-ի քաղաքականության հաջողություն, հատկապես, որ հնարավոր է՝ Վիլնյուսում ինչ-որ հռչակագրային, ընդհանուր բնույթի փաստաթուղթ ստորագրվի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շարունակության վերաբերյալ: Ի դեպ, իշխանության ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, հայտարարում են, թե կարևոր է ոչ այնքան վիլնյուսյան գագաթաժողովը, այլ այն, թե ինչ կլինի Վիլնյուսից հետո: Իրականում այդ հայտարարությունները ոչ թե քաղաքական հեռատեսության, այլ իշխանության ներկայացուցիչների ենթագիտակցական դատողությունների արդյունք են: Քանի որ Վիլնյուսից հետո լինելու է Գյումրին, այսինքն՝ Հայաստան է ժամանելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեղում «հիանալու» Արևելյան գործընկերության տապալման արդյունքներով: