Բաժիններ՝

Ամերիկյան «ԿոնտուրԳլոբալը» գնում է Որոտանի հէկ-երի համալիրը

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկվա նիստում համաձայնություն է տվել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերության գույքն ամերիկյան «ԿոնտուրԳլոբալ Հիդրոկասկադ» ՓԲ ընկերությանը վաճառելուն: Վերջինս վճարելու է մոտ 180 մլն դոլար:

Ամերիկյան ընկերությանն են անցնելու Սպանդարյանի (կառուցված 1989-ին, բաղկացած երկու բլոկից, 76 ՄՎտ հզորությամբ), Շամբի (կառուցված 1979-ին, բաղկացած երկու բլոկից, 171 ՄՎտ հզորությամբ), Տաթևի հէկ-երը (կառուցված 1970-ին, բաղկացած երեք բլոկից, 157.2 ՄՎտ հզորությամբ), և դրանց շահագործման համար անհրաժեշտ շենքեր, շինություններ ու այլ օժանդակ սարքավորումներ:

Սյունիքի մարզում գտնվող Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի էլեկտրակայաններում արտադրված 1 կվտ/ժամ էլեկտրական էներգիայի ինքնարժեքն ամենացածրն է Հայաստանում: Սակայն համալիրը բավականին «մաշված» է և արդիականացման խիստ կարիք ունի: Դրա վերազինման համար ՀՀ կառավարությունը դեռ 2010-ին գերմանական KfW բանկի հետ համաձայնագիր էր կնքել, որի շրջանակներում բանկը պետք է հատկացներ 51 մլն եվրո վարկային միջոցներ, և մինչև 2015-ը հէկ-երը պետք է արդիականացվեին: Վարկը տրամադրվելու էր պետական երաշխիքով և շատ արտոնյալ պայմաններով՝ 40 տարով, տարեկան 2 % տոկոսադրույքով:

Մինչ այժմ համալիրում արդիականացման աշխատանքները դեռ չէին սկսվել: Այս տարի ավարտվել էր KfW-ի հետ փաստաթղթավորման փուլը: Ընդ որում, այդ վարկի «հույսով», 2014 թ. պետական բյուջեի նախագծով Որոտանի հէկ-երին հատկացվելու էր 5 մլրդ 188 մլն դրամ: Այս մասին նոյեմբերի սկզբին հայտարարել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ նաև հայտնելով, որ 2013-ին հէկ-երի համար 5 մլրդ 59 մլն դրամ էր առանձնացվել:

Ներկայումս, «ԿոնտուրԳլոբալ Հիդրոկասկադին», վաճառքի որոշում կայացնելուց հետո, պարզ չէ, թե ինչ է լինելու գերմանական բանկի վարկի հետ: Մի բան հստակ է՝ պետական երաշխիք մասնավորին չի կարող տրվել: Թեև չի բացառվում, որ ՀՀ կառավարությունն այդքան «բարի» կլինի ու տարբերակ կգտնի պետական երաշխիք տալու՝ դրանով գուցե փորձելով խրախուսել ամերիկյան ընկերության մուտքը Հայաստան:

Մինչ օրս Որոտանի հէկ-երի համալիրը ՀՀ էներգետիկ համակարգի միակ պետական կառույցն էր: Որոտանը դիտարկվել է՝ որպես բանակցային օբյեկտ հայ-ռուսական գազային հարաբերություններում, բայց, ըստ ամենայնի, ռուսների համար գրավիչ չի եղել:

Որոշ փորձագետներ ամերիկյան կողմի ակտիվացումը ՀՀ-ում պայմանավորում են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմամբ: Չնայած, հաշվի առնելով, թե ինչ մանրակրկիտ են ամերիկացի ներդրողները ծրագրում իրենց գործողությունները, ամենայն հավանականությամբ, «ԿոնտուրԳլոբալ Հիդրոկասկադն» այս որոշումն ընդունել է սեպտեմբերի 3-ից շատ ավելի շուտ: Ամերիկյան ընկերությունները որևէ զարգացող երկրում ներդրում իրականացնելու համար խորհրդակցում ու երաշխիքներ են ստանում ԱՄՆ կառավարությանն առընթեր գործող Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայից (Overseas Private Investment Corporation, OPIC), իսկ դրանից երաշխիքներ ստանալու համար առնվազն 2-3 տարի հարկավոր է՝ նախապատրաստական աշխատանքների համար։ Չի բացառվում, որ ամերիկացիների որոշման վրա ազդել էին ՀՀ-ի եվրաինտեգրման ջանքերը, և քաղաքական կուրսի այս փոփոխությունից հետո ապագայում համալիրը վաճառեն ռուսներին ու հեռանան ՀՀ-ից:

Ի դեպ, OPIC-ի երաշխիքով՝ սա ՀՀ-ում ամերիկյան կողմի երկրորդ ծրագիրն է լինելու. առաջինն «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս