Հրանտ Բագրատյանը՝ Իշխան Զաքարյանին. Ինչի՞ բյուջեն 10 տարի ոչ մի կոպեկ չի ստանում ԿԲ-ից

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության տարեկան ծրագիրը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ  ծրագրում ներառված չեն բանկերի ուսումնասիրության խնդիրները:

«ԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահը անցյալ նիստում ամբախ-զամբախ բաներ ասաց, հայտարարություններ արեց…»,- ասաց Հրանտ Բագրատյանը, սակայն նրան ընդհատեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ հորդորելով նման արտահայտություններից զերծ մնալ: Շարունակելով իր խոսքը ՀԱԿ պատգամավորն ասաց. «Ձեզնից հետո մենք քննարկել ենք բյուջեն: Հիմա պետության տնտեսությունը աճել է 3.2 տոկոսով, պետության մեջ 15 տոկոս ավել է եկել վարկավորումը, փողի զանգվածը 19.7 տոկոսով աճել է, դրամը արժեզրկվել է: ԿԲ-ն գալիս է ԱԺ, ասում է՝  եկամուտ չունեմ, բայց ահռելի եկամուտ ունի: Մենք ընդդիմություն ենք, չենք կարող հասնել ըտեղ, բայց ահռելի, իմ կարծիքով, ահռելի հանցագործություններ կան այս ոլորտում, մեծագույն հանցագործության ռիսկեր կան պետական անվտանգության տեսակետից: Մենք ոչ մի կոպեկ չենք տեսնում սրանից: Ինչի՞ ՀՀ բյուջեն տասը տարի ոչ մի կոպեկ չի ստանում ԿԲ-ից»:

Ի պատասխան Իշխան Զաքարյանն էլ ասաց, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքից ելնելով իրենք բանկային համակարգերի գործունեությունը չեն ուսումնասիրում: «Մենք չենք կարող ընդգրկել սա: Կարծեմ՝ նախորդ խորհրդարանում մեզ առաջարկեցին ռուսական վարկի հետ կապված խնդիրը  ուսումնասիրել, առաջարկեցին, որ նայենք ռուսական վարկը ու մենք ընդունեցինք դա, սկսեցինք ուսումնասիրել, բայց հասանք այնտեղ, ու մեզ շատ սիրուն կանգնեցրին ու թույլ չտվեցինք «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի պատճառով շարունակել մեր գործը ու մեր գործունեությունը սահմանափակվեց կես էջանոց մի հաշվետվությամբ, որտեղ ընդամենը նկարագրեցինք մինչև գումարները բանկ մտնելու ընթացքը»:

Իշխան Զաքարյանը նաև նշեց, որ խոսքը ոչ միայն Կենտրոնական բանկի, այլև՝ առևտրային բանկերի մասին է: Ըստ նրա՝ այն շատ լավ, խորքային թեմա է, բայց ՎՊ համար անհասանելի է. «Խորքային առումով հասկանում եմ՝ ինչ եք ասում, բայց գալու ենք հասնենք բանկերի շեմն ու կանգնենք. սա՛ է օրենքը՝ բանկային գաղտնիք և վերջ»:

Իշխան Զաքարյանը հիշեցրեց. «Թոշակների հետ կապված էլ, որ մենք նայում էինք ԱԺ ամբիոնից հայտարարվեց, որ մոտ 80.000 թոշակառու բանկային համակարգից էին ստանում թոշակները ու մենք չկարողացանք նայենք դրանք, ու հաշվետվության մեջ գրեցինք, որ ադ ռիսկերը մենք չենք կիսում, որովհետև մեզ ասում են մարդու հաշիվն է, համալրվում է ու իրավունք չկա տրամադրելու: Էս խնդիրներին մենք միշտ ենք բախվում»:

Տեսանյութեր

Լրահոս