Արաբական երկրները սկսել են իրականացնել Սիրիայի հանդեպ սեփական ռազմավարությունը՝ անկախ ԱՄՆ-ից. The Washington Post
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ Պարսից ծոցի արաբական երկրները սկսում են ընդլայնել սիրիական ընդդիմությանը հատկացվող ռազմական օգնությունը: Այս մասին թերթին հայտնել են Պարսից ծոցում գոտու երկրների բարձրաստիճան անձինք, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունները:
Վերջիններիս համաձայն, Պարսից ծոցի տարածաշրջանի միապետները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ փաստացիորեն սկսում են իրականացնել Սիրիայի հանդեպ սեփական ռազմավարությունը՝ անկախ ԱՄՆ-ից:
Դրա համար հիմք է ծառայել այն, որ արաբ դաշնակիցները դժգոհ են Վաշինգտոնից, ով համաձայնվել է Սիրիայի կառավարության քիմիական զինանոցի ոչնչացման պլանին և զերծ է մնացել Սիրիայի դեմ սահմանափակ բնույթի ռազմական գործողություն սկսելուց:
Սաուդյան Արաբիան մասնավորապես պլանավորում է ընդլայնել սիրիական ընդդիմության զինյալների նախապատրաստման իր օբյեկտները, որոնք գտնվում են Հորդանանում, ինչպես նաև մեծացնել զինված ընդդիմությանը հատկացվող սպառազինության ծավալը:
Թերթի տվյալներով՝ Պարսից ծոցի գոտու արաբական երկրներն ԱՄՆ-ին այլևս չեն դիտարկում որպես սիրիական ընդդիմության ջոկատների ուսուցման ու սպառազինման հարցում գործադրվող ջանքերի կոորդինատոր:
Սաուդյան Արաբիաի հետ հարաբերությունները կարգավորելու համար երեկ երեկոյան Էր-Ռիյադ է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով այսօր կհանդիպի այդ երկրի թագավոր Աբդալլահ իբն Աբդել Ազիզի հետ: