Սերժ Սարգսյանը չի կարողացել համոզել Ցաբրնոխին
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխն ԱԺ-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ պատմում էր, որ երեկ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և հանգամանալից զրույց է ունեցել նրա հետ:
Զրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը եվրոպացի խորհրդարանականին հանգամանալից ներկայացրել է այն պատճառները, որոնց ազդեցության տակ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձը: 168.am-ի հարցին, թե կարո՞ղ է պարոն Ցաբրնոխը նշել նախագահ Սարգսյանի կողմից ներկայացված գեթ մեկ հիմնավորում, որն իրեն համոզիչ է թվացել, Միլան Ցաբրնոխը պատասխանել է. «Եթե ընդամենը մեկը, ապա՝ ազգային անվտանգությունը»:
Ի պատասխան մեր ճշտող հարցի, թե այդ հիմնավորումն իրեն համոզի՞չ է թվացել, այսինքն՝ ԵՄ-ի հետ ասոցիացվելու պարագայում Հայաստանը չէ՞ր ապահովում կամ վտանգո՞ւմ էր իր ազգային անվտանգությունը, պարոն Ցաբրնոխը միանգամից սկսեց բացականչել. «Ո՛չ, ո՛չ, ես ասում եմ այն, ինչ ինձ ներկայացրել է նախագահ Սարգսյանը»:
Այնուամենայնիվ մենք կրկնեցինք հարցը, թե ո՞ր հիմնավորումն է իրեն համոզիչ թվացել, որի պատճառով Հայաստանը կարող էր հրաժարվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից և հայտարարել Մաքսային Միությանը միանալու որոշման մասին: Պարոն Ցաբրնոխը հայտարարեց, որ իր խնդիրը չէ՝ գնահատել, թե որն է համոզիչ կամ անհամոզիչ:
Եվրոպական տարբեր պատվիրակություններ են սեպտեմբերի 3-ից հետո այցելել Հայաստան: Նրանք բոլորը խոսում են նույն բանի մասին. ափսոսանք են հայտնում, որ Հայաստանը շրջադարձ կատարեց իր արտաքին քաղաքական կուրսում, հարգանքով են վերաբերվում Հայաստանի որոշմանը և ընդգծում, որ Մաքսային Միությանն անդամակցումը անհնարին է դարձնում Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Հայաստանի ներկայացուցիչներն էլ շարունակում են պնդել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակում է մնալ առաջնահերթություններից մեկը, որ Հայաստանը շարունակելու է Եվրամիության հետ համագործակցության հետագա շարունակումը:
Այս կոնտեքստը երկուստեք շատ հասկանալի է. Հայաստանն առանց Եվրամիության հետ համագործակցության՝ կարող է դառնալ ռուսական գավառ: Եվրամիությունն էլ կշարունակի Հայաստանի հետ համագործակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն է տեսնում Հայաստանին հեռու պահել այդ հեռանկարից: