Շարմազանով. Համաներումը փաստում է ներողամտության, հանդուրժողականության մասին

Համաներումը փաստում է երկրում ներողամտության, հանդուրժողականության և քրիստոնեական արժեքների ամրապնդման մասին: Այս մասին ԱԺ-ում համաներման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը: Վերջինս նշեց, թե համաներման ակտը միայն ու միայն դրական է թե քաղաքական թե հասարակական շրջանակների համար: Է. Շարմազանովը հարց ուղղեց հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Նա նախ կարևորեց նախագծի երկրորդ կետի հինգերորդ և վեցերորդ ենթակետերը, որոնք վերաբերում են Հայրենական, ինչպես նաև ՀՀ-ի և ԼՂՀ-ի պաշտպանության համար մղված պատերազմի մասնակիցներին պատժից ազատելուն:

Ըստ նրա՝ համաներումը պետք է տարածվի նաև նրանց ընտանիքների վրա, ովքեր զոհվել են ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգության համար մղված պատերազմներում: «Արդյոք կա՞ վիճակագրություն, թե այս կետերով քանի՞ ազատամարտիկներ են ազատ արձակվելու»,- հարցրեց Էդուրադ Շարմազանովը: Ի պատասխան Հրայր Թովմասյանն էլ նշեց, թե այս պահին Հայրենական պատերազմի մասնակից չկա ձերբակալվածների թվում: Նրա խոսքով` չկա վիճակագրություն, սակայն շեշտեց, թե կփորձի վիճակագրություն ստանալ ու ներկայացնել խորհրդարանին:

Ի դեպ, համաներման մասին նախագծի քննարկումն անցնում է գրեթե դատարկ դահլիճում: Հրայր Թովմասյանի ելույթի ժամանակ դահլիճում ներկա էր մոտ տասը պատգամավոր, ընդդիմությունից` Արծվիկ Մինասյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, իսկ ՀՀԿ խմբակցությունից ներկա չորս-հինգ պատգամավորներն էլ զրուցում էին իրար հետ:

Տեսանյութը` շուտով:

 

Տեսանյութեր

Լրահոս