«Մահից հետո ծնվածները» (ֆոտոշարք)
Գերման Ավագյանի ցուցահանդեսը` «Ֆոտոնալ»-ում
Այս օրերին անվանի լուսանկարիչ Գերման Ավագյանի` «Մահից հետո ծնվածները» նախագիծը ցուցադրվում է Ֆրանսիայում, Ամիեն քաղաքի (Պիկարդիա) «Բրիքեթերի» մշակութային կենտրոնում) «Ֆոտոնալ» (PHOTAUMNALES) միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակներում:
Պիկարդիայի «Ֆոտոնալը» լուսանկարչության ասպարեզում մի պատկառելի միջազգային նախաձեռնություն է, որն այս տարի բոլորում է իր տասնամյակը, և նրա խորագիրն է` «Ծնունդ»: Այն կազմակերպվում է «Դիաֆան» լուսանկարչական ասոցիացիայի կողմից, որի նպատակն է` սատարել ոչ կոմերցիոն պրոֆեսիոնալ լուսանկարչությանը:
Գերման Ավագյանն առաջին հայ լուսանկարիչն է և առայժմ միակը հետխորհրդային տարածքում, ով հրավիրվել է մասնակցելու այդ փառատոնին: Հայ լուսանկարչի ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գրիգորյանը, հայկական դեսպանատան այլ ներկայացուցիչներ: Վիգեն Չիտեչյանն իր խոսքում բարձր գնահատական տվեց Գերման Ավագյանի աշխատանքին` շեշտելով դրա մարդասիրական, խաղաղասիրական բովանդակության կարևորությունը: Գերման Ավագյանը հետխորհրդային շրջանի Հայաստանի առաջատար վավերագրող լուսանկարիչներից է: Նա մի շարք տեղային և միջազգային ցուցահանդեսների և փառատոների մասնակից է, քանիցս արժանացել է լուսանկարչության ասպարեզում նշանավոր պարգևների և դրամաշնորհների: Աշխատում է հիմնականում սոցիալական լուսանկարի ասպարեզում:
Ահա թե ինչպես է հեղինակը մեկնաբանում իր ներկայացրած նախագծի գաղափարը. «Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից անցել է 18 տարի: Այդ ժամանակաշրջանում տիրող «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակը վկայում է, որ ազգայնականության ալիքով իշխանության եկած և այս պատերազմը սանձազերծած քաղաքական գործիչների ներկա սերունդն ի զորու չէ գալ փոխզիջման և տարածաշրջանում խաղաղություն հաստատել:
«Սառեցված հակամարտությունն», ըստ ամենայնի, կփոխանցվի հաջորդ սերնդի ուսերին: Անցած ժամանակահատվածում երկու երկրներում էլ մեծացել են սերունդներ, որոնց անծանոթ է իրենց երկրների խաղաղ համակեցությունը: Նրանցից շատերն այդ պատերազմում կորցրել են իրենց հարազատներինգ Շատերը ծնվել են այդ զինված հակամարտության մեջ իրենց հայրերի զոհվելուց հետոգ Արդյոք պատրա՞ստ են նրանք հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Ժամանակաշրջանի վայրիվերումների համատեքստում Հայաստանի սոցիալ-քաղաքական իրականությունը լուսանկարչի գլխավոր թեման է: Լուսանկարչությունն` իբրև ժամանակակից վիզուալ մշակույթի անբաժանելի մաս, համատեղում է վավերագրական, սոցիալական և գեղագիտական բովանդակությունները: Իր վավերագիր պատումների առանցքում
Գերման Ավագյանը միշտ տեղավորում է Մարդուն` իբրև իր ժամանակի նշան, պատմության արտացոլում կամ մշակութային խորհրդանիշ: Նա, ըստ էության, լուսանկարի միջոցով հասարակական-մարդասիրական առաքելություն է իրականացնում: Համամարդկային ուղերձներն են, որ նրա նախագծերը հրատապ ու ընթեռնելի են դարձնում ոչ միայն հայրենիքում, որտեղ նա հիմնականում քաղում է իր նյութը, այլև համընդհանուր խնդիրներով համակված հետխորհրդային տարածքում և միջազգային համատեքստերում:
Արցախյան պատերազմից ի վեր, երբ Գերման Ավագյանը ֆոտոռեպորտաժներ էր պատրաստում ռազմական գործողությունների վայրերում, մինչև մեր օրերը նա պարբերաբար անդրադառնում է պատերազմի և հետպատերազմյան իրականության թեմային: Այդուհանդերձ, նրա գործերը հեռու են տեղային-ազգայնական պաթոսից և քաղաքական ուղերձներից: Գերման Ավագյանը վեր է հանում հասարակության և իշխանության ուշադրությունից վրիպած սոցիալական, իրավական խնդիրներ, դրանք տեսնել տալով առավել նուրբ` բարոյահոգեբանական շերտերի միջով: Նա ֆոտոդիմանկարի միջոցով թեման ընդհանրացնում է` մինչև համամարդկային հնչեղություն:
«Մահից հետո ծնվածները» նախագիծը Արցախյան պատերազմի թեմային նվիրված Գերման Ավագյանի եռապատումի մի մասն է, որ լուսանկարիչը սկսել է 2009 թվին: Այն ներկայացնում է երեխաներին, ովքեր ծնվել են Արցախյան պատերազմում (1991-1994թթ.) իրենց հայրերի զոհվելուց հետո: 36 դիմապատկերներից բաղկացած այս ֆոտոշարքն առաջին անգամ ներկայացվել է Շուշիում (Արցախ) 2012 թ. հոկտեմբերին կայացած «Շուշի արտ փրոջեքթ» ժամանակակից արվեստի փառատոնին:
Իրական մարդն` իրական ճակատագրով, բայց ոչ` մասնավոր ու եզակի: Այս նախագծում կողք կողքի են հայտնվում ծնունդն ու մահը. մահվան խորհրդանիշ դարձած զոհված հոր դիմանկարն իր ձեռքում է բռնել կյանքի խորհրդանիշ զավակը:
Ի համալրումն լուսանկարների, ներկայացվում են սուղ փաստագրական մակագրություններն` իբրև կենդանի արխիվային վկայություններ. հոր և զավակի անուն-ազգանունները (զավակի և հոր անունները հաճախ նույնն են), զավակի ծննդյան և հոր մահվան տարեթվերըգ Պատկերների և թվերի ետևում մարդկանց ու երկրի ճակատագրերն են, և երրորդ թաքնված գործոնը` այրիացած երիտասարդ մայրը, ով կյանք է տվել իր զավակին ամուսնու մահվանից հետո ու մեծացրել նրան հետպատերազմյան դժվարին պայմաններում: Հետպատերազմյան իրողությունները բարձրաձայնելիս` Գ. Ավագյանը միշտ բարձրացնում է կնոջ խնդիրը` ընթերցել տալով նրա անտեսանելի հերոսությունը:
Ընդունված է համարել, որ լուսանկարն իբրև մշակութային ֆենոմեն` հաղորդակից է երկու արքետիպերի` մահվանը և հիշողությանը: Բայց Գ. Ավագյանն ասես հակազդում է Ս. Զոնտագի այն հաստատմանը, թե «կյանքում ամեն ինչ գոյություն ունի լուսանկար դառնալու համար»: Նրա նպատակն է` ցույց տալ յուրատեսակ ինկարնացիան` հոր կյանքի շարունակությունը զավակի մեջ: Մահացածի պատկերը հնագույն ժամանակներից ի վեր թե՛ կրոնական պատկերացումներում, և թե՛ առօրյա սովորույթներում կատարում է տեսանելի կաղապարի դերը, որում բնակվելու կգա նրա հոգին:
Գերման Ավագյանի լուսանկարներում զավակը ձեռքում է պահել իր հոր հենց այն լուսանկարը, որը, սովորույթի համաձայն, դարձել է տան անբաժանելի ատրիբուտը: Իր դեգերումների ընթացքում բացահայտելով բազմաթիվ իրար նման ճակատագրեր և շոշափելով անձնական ողբերգության թեման, Գերման Ավագյանը մեծ քաղաքականությանն ու պաշտոնական հռետորություններին հակադրում է մասնավորն ու աննկատը: Այդպիսով նա արժևորում է իր հերոսներին ու նրանց ճակատագրերը` յուրաքանչյուրի մեջ տեսնելով համընդհանուրը: Նրա լուսանկարների հերոսները լռելյայն վկայում են պատերազմի և նրա հետևանքների մասին: Նրանք են հիշողության կրողներն ու ժառանգորդները և, ըստ լուսանկարչի, նրանք են արցախյան հիմնախնդրի հարցում կողմնորոշիչը:
«168 ԺԱՄ»