«Կոշ» քրեակատարողական հիմնարկի 104 դատապարտյալների բաց նամակը Հրայր Թովմասյանին
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի 104 դատապարտյալներ «168 ժամին» են ուղարկել բաց նամակ, որով դիմել են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Նամակում մասնավորապես ասվում է.
«Հարգարժա՛ն արդարադատության նախարար,
Հենց սկզբից ցանկանում ենք Ձեզ իրազեկել, որ դատապարտյալներիս կողմից Ձեզ ներկայացվող բաց նամակի պահանջը բոլորովին ինքնանպատակ չէ: Դիմելով Ձեզ՝ Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ձեր կողմից ղեկավարվող արդարադատության նախարարության և Ձեր ենթակայության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկներում տիրող այն աբսուրդ վիճակը, որը հետևանք է օրենքի պահանջների շրջանցման, անտեսման կամ անուղղակի ոտնահարման, կապված պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու գորդյան հանգույցի հետ:
Դատապարտյալներիս վաղաժամկետ պայմանական ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասսայական մերժումները գնալով հանգեցնում են այն տխուր իրավիճակներին, որ դատապարտյալներիս մեծ մասի մոտ բացահայտորեն նկատվում են ներքին հոգեկան շեղվածության ախտանշաններ: Օրենքով սահմանված և ամրագրված պահանջների անհիմն, անհեթեթ, անօրինական պատճառաբանություններով մասսյական մերժումները հիմնավորվում են ներքին կարգով վերևներից տրված բանավոր հրահանգների կտրուկ մեկնաբանությամբ: Մինչ այսօր մեզ անհայտ է, թե ով կամ ովքեր են այն պաշտոնատար անձը կամ անձինք, որոնք իրենց օրենքից դուրս և բարձր են դասում և հրահանգում բանավոր կարգով իրականացնել մասսայական մերժումները: Որևէ արդյունքի չենք կարողանում հասնել վերը նշված հարցի լուծման խնդրում այս կամ այն պաշտոնատար մարմիններին և անձանց դիմելով, ներկայացնելով խնդրի անօրինական ընթացքի և մերժման փաստերը:
Բոլորովին անիմաստ բնույթ է կրում անգամ դատական կարգով այն վիճարկելու գործընթացը: Առավել անհասկանալի, անբացատրելի, անըմբռնելի է մեր կողմից ՀՀ նախագահի հրամանագրով գործող և իր ենթակայության ներքո գործող «անկախ հանձնաժողովի» գործելաոճը վաղաժամկետ պայմանական ազատման կամ պատժի մնացած մասը (չկրած մասը) ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու գործընթացների իրականացման ուղղությամբ տարվող պրոցեսները: «Հանձնաժողով, որը իրեն վերապահված լիազորությունները իրականացնում է կամայականությունների դրսևորմամբ այս կամ այն դատապարտյալի նկատմամբ՝ հասարակությանը ներկայանալով որպես կոռուպցիայի դեմ պայքարի կամ որ միևնույնն է հակակոռուպցիոն իր յուրիօրինակ գործողություններով»: Բացահայտ խաբկանք, իսկ ավելի ստույգ՝ ինքնախաբկանք, որից և հաճույք են ստանում և հարստանում հանձնաժողովի անդամները:
Փաստական ապացույցները թվարկելու անհրաժեշտության դեպքում ցանկացողները կարող են դիմել «անկախ հանձնաժողովի» նախկին նախագահին: Բացարձակապես մտադրություն չունենալով անդրադառնալ Հայաստանյան իրականությունում տիրող անօրինական դատավարություններին կամ դատաիրավական համակարգում տիրող այլանդակություններին, թողնելով այն զուտ հասարակությա գնահատականին և դատին, փակ «անկախ հանձնաժողովը» վարչական հանձնաժողովների աշխատանքներին հետևելու փոխարեն իր կամայականություններով ստիպում է վերջիններիս մերժումների առյուծի բաժինը վերցնել իրենց վրա՝ իրեն թողնելով միայն մերժումների 10 տոկոսը:
Վաղաժամկետ պայամանակն ազատման մերժման առաջին իսկ պահից սկսած, որը հետագայում կրում է շարունակական բնույթ և շղթայական ռեակցիա, յուրաքանչյուրիս մոտ սկսվում է պարզապես բարոյահոգեբանական խոշտանգման մի անվերջանալի պրոցես, որը կարող է ցանկացած դատապարտյալի հոգեկան շողվածության պատճառ դառնալ և հանդիսանալ: Ոչ ոքի չեն հետաքրքրում դատապարտյալի կարգավիճակում հայտնված մարդկանց հասարակություն վերադարձնելու և այդ նույն հասարակության հետ ադապտացնելու բոլորովին ոչ պարզունակ, այլ ընդհակառակը չափազանց բարդ խնդիրների լուծման կամ լծորդման երևույթները: Էլ չենք խոսում օրենքի այն պահանջների մասին, որոնց անհապաղ կիրառումը կնպաստի դատապարտյալներիս աստիճանաբար հասարակությանը մոտեցնելու գործընթացների (առանց ուղեկցողի տարեկան 2 անգամ կարճաժամկետ մեկնելու հնարավորություն, արտաքին աշխարհի հետ կապի օրաթերթերից և ամսագրերից օգտվելու հնարավորությունների ընձեռում և այլն, և այլն), ոչոնք առհասարակ և ընդհանարապես անտեսված են և որևէ կիրառության չեն արժանանա երբևէ նմանատիպ գործելաոճի պայմաններում:
Տպավորություն է ստեղծվում, որ այսօր դատապարտյալի կարգավիճակում հայտնված քաղաքացին վաղը կարող է հայտնվել հասարակական ընդհանուր գործողություններից դուրս, և նույնիսկ հնարավոր է մեզ զերծ պահեն հասարակության հետ առհասարակ շփվելուց անգամ մենք ինքներս՝ որպես ուղղված անհատականություններ մեզ դրսևորելու դեպքում: Հիմնարար եզրահանգման ենք հանգում նաև առ այն, որ դատապարտյալներիս թվաքանակի ավելացումը և պահպանումը ձեռնտու և շահավետ աղբյուր է մի խումբ շահագրգիռ պաշտոնատար անձանց համար: Սա արդեն ոչ թե սոսկ հիմնարար եզրահանգման արդյունք է, այլ բացարձակ և բացահայտ ճշմարտությունդատապարտյալներին օգտագործելով, որպես թրաֆիկինգի առարկիաներ հանդիսացող շրջանառու միջոցներ, մյուս կողմից փոքր ինչ հայացք ձգելով կամ թեթևակի ուսաումնասիրելով կատարված հանցագործությունների բնույթը և դինամիկան կարելի է հանգել այն պարզ ճշմարտությանը, որ նրանք մեծամասամբ սոցիալ-տնտեսական ուղղվածության դրդապատճառներ ունեն, հետևաբար կատարվող հանցագործությունների խթանմանը նպաստողը (կանխե;ու և պայքարելու փոխարեն) հենց ինքը պետությունն է, այլ ոչ թե ինքը՝ քաղաքացին կամ ինքը՝ հասարակությունը:
Ինչևէ, մեր նման գնահատականները հիմնավորված են նաև այնքանով. որքանվող մեր նկատմամբ պետության և հասարակության ունեցած անտարբերության գործակիցն է կազմում: Անտարբերություն, որը կարող է հետևանք դառնալ ողջ հասարակության ինքնաքայքայման:
Հարգարժան Արդարադատության նախարար, մեր անհանգստությունների պատճառը սոսկ մեր՝ ազատության մեջ հայտնվելու պարզ մարդկային ձգտումների և զգացմունքների թելադրանքը չէ, այլ, հասարակություն վերադառնալով, մեր խարխլված ընտանեկան պայմանների և հարաբերությունների վերականգնումն ու վերանորոգումն է, հասարակության զարգացմանը նպաստելու մեր քաղաքացիական պարտականություններ էլեմենտարիրականացմանը, անմիջապես մասնակցություն ունենալն է՝ որպես հայ մարդ-անձնավորություն, մեր գենետիկ արմատներից չկտրվելը և նույն գենետիկ ֆոնդի զարգացմանը օժանդակելը, մասնակցելը և նպաստելն է:
Այնպես որ` վաղաժամկետ պայմանական ազատման գորդյան հանգույցը քանդելու փոխարեն առավել պինդ ձգելը բոլորովին չի բխում ոչ պետության, ոչհասարակության, ոչ էլ առավել ևս բուն քաղաքացու շահերից, հետևաբար ելնելով ստեղծված իրավիճակից՝ առկա երևույթը պրոբլեմատիկ ասպեկտի ոլորտից դուրս բերելու անհրաժեշտությունից, դատապարտյալներիս միահամուռ ձայնն ենք հղում Ձեզ, որպեսզի անվստահորեն և վերջնականապես ուժի մեջ դրվի և գործածվի ընդունված և հրապարակված օրենքների ողջ համակարգը, որը վերաբերվում է դատապարտյալներիս վաղաժամկետ պայամանակն ազատմանը, մասնավորապես օրենքի ու օրենքների կիրառությանը, ինչպես նաև օրինականությունների վերահսկմանը ընդհանրապես:
Հարկ ենք համարում նաև իրազեկել պաշտոնատար անձանց, այն տեսակին, որ օրենքի կամ օրենքների պահանջների անտեսումը, արհամարհումը կամ ուղղակի միտումնավոր խախտումը քրեորեն ավելի վտանգավոր արարք է և հանցանք է հանդիսանում, որի համար քրեորեն ավելի խիստ պատիժ է նախատեսվում: Մեզանից ոմանք դիմել են Ձեզ այս հարցով, սակայն այս խնդիրը լուծում չի ստացել»: