Հարցն այն չէ, եղել է վենդետտա, թե ոչ: Հարցն այն է, թե արդյո՞ք «վենդետտան» չի բերվել «անհրաժեշտ հուն». Հակոբ Բադալյան

Ներքին գործերի նախարարն ասում է, թե Փարաքարի համայնքապետի սպանությունը համայնքում փետրվարին կաատարված սպանության շարունակություն է: Դե, ինչպես հիշում ենք, այստեղ «վենդետտայի» վարկածը սպանությունից ընդամենը ժամեր անց՝ վաղ առավոտյան իր գրառումով շրջանառության մեջ է դրել վարչապետ Փաշինյանը: Հաջորդիվ, ամեն ինչ գնացել է ըստ այդ վարկածի:

Ես իհարկե չունեմ վենդետտայի տարբերակը կասկածի տակ դնելու որեւէ հիմք: Բայց, այստեղ կա այլ հարց: ՆԳ նախարարը ասում է, որ փետրվարի սպանությունից հետո գիտեին, որ կա լարվածություն, եւ հատուկ ոստիկանական հսկողության ռեժիմ էր համայնքում, սակայն չէին կարող ամիսներ շարունակ ռեսուրսներ կենտրոնացնել այդ ռեժիմի համար: Նաեւ ավելացնում, որ օպերատիվ աշխատանքի մակարդակում էլ չեն ստացել սպանության ծրագրման մասին ինֆորմացիա:

Առերեւույթ թվում է, որ ռեժիմի մասով ասվում է տրամաբանական մի բան՝ ամիսներ շարունակ չէինք կարող պահել: Բայց, եթե կա շատ կոնկրետ գնահատում՝ լարվածության եւ վրեժխնդրության ռիսկի, ապա հարկ եղած դեպքում պետք է պահպանվի հատուկ ռեժիմը ոչ միայն ամիսներ, այլ նաեւ տարիներ: Տրամաբանությունը, նաեւ թերեւս մասնագիտական հանգամանքները հուշում են, որ հատուկ ռեժիմը չեն հաստատում կամ չեղարկում պարզապես ըստ ժամանակի, այլ ըստ իրավիճակի շատ հստակ գնահատման՝ ռիսկերի նվազման հստակ չափման:

Հետեւաբար հարց է առաջանում, ոստիկանական հատուկ հսկողությունը չեղարկել են, որովհետեւ մտածել են՝ «դե լավ հերիք է արդե՞ն», թե՞ չեղարկել են, որովհետեւ հստակ չափել են, որ այլեւս չկա վրեժխնդրության ռիսկ: Եթե եղել է այդպիսի «չափում», ապա հարց է առաջանում՝ դրա «հեղինակները» անցնու՞մ են սպանության գործով, հարցաքննվու՞մ են, ցուցմունք տվե՞լ են: Որովհետեւ, միայն դժգոհության պատճառով որոշ պաշտոնյաների աշխատանքից ազատելը մեղմ ասած հարցի լուծում կամ սպառիչ արձագանք չէ: Չէ՞ որ միանգամայն հնարավոր է, որ հենց հանցակցության նպատակով էլ հավաստիացրել են ռիսկերի նվազման եւ հսկողության հատուկ ռեժիմը չեղարկելու մասին:

Չէ՞ որ, ի վերջո, տվյալ դեպքում ոչ միայն հրազենն է վրեժխնդրության գործիք, այլ վրեժխնդրությունն էլ կարող է լինել ավելի մեծ հարցեր լուծելու գործիք:

Հետեւաբար՝ հարցն այն չէ, եղել է վենդետտա, թե ոչ: Հարցն այն է, թե արդյո՞ք «վենդետտան» չի բերվել «անհրաժեշտ հուն»: Այս հարցին է, որ պետք է սպառիչ պատասխանի քննությունը, եթե իհարկե դիտարկում ենք կանխավարկած, որ քննությունը կունենա բոլոր հարցերին լիարժեք եւ սպառիչ պատասխանելու բավարար կոմպետենտություն եւ կարեւորը՝ ինստիտուցիոնալ ինքնուրույնություն:

Հակոբ Բադալյան

Տեսանյութեր

Լրահոս