Անակնկալ հայտարարությունը հարվածեց մեր պետության հեղինակությանը
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Մաքսային միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները ՀՀ իշխանությունների կողմից վարվել են դեռևս նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից առաջ` 2012 թվականին` Կառավարության կողմից ձևավորված համապատասխան խմբի կողմից: Մաքսային միության անդամակցության շուրջ վերջին զարգացումների առնչությամբ զրուցեցինք ՀԺԿ նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի հետ:
«Պետք է տարվեր բաց քաղաքականություն: Գաղտնի բանակցությունները և անակնկալ հայտարարությունը հարվածեցին մեր պետության հեղինակությանը:
Եթե հիշում եք` վարչապետը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք վերապահումով էին խոսում Մաքսային միությանը անդամակցելու մասին, ավելին` համարում էին դա սխալ ուղի, հայտարարվում էր, որ նոյեմբերին կստորագրվի Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագիրը, բայց տեղի ունեցավ կտրուկ շրջադարձ: Նման գործելակերպն անընդունելի է և քննադատության չի դիմանում»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան` արդյոք կո՞ղմ է ՀԺԿ-ն Մաքսային միությանն անդամակցելուն, թե՞ դեմ, Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Մենք մշտապես հանդես ենք եկել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության օգտին, իհարկե, առանց գույք` պարտքի դիմաց տիպի դրսևորումների: Մաքսային միությանն անդամակցելու շուրջ ավելի առարկայական կարելի է խոսել և դիրքորոշում հայտնել համապատասխան իրավական փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո»:
Տնտեսական այս փաստաթուղթը, Ս. Դեմիրճյանի կարծիքով` չի կարելի դիտարկել միայն տնտեսական տեսանկյունից. «Ակնհայտ է, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունն անելիս հաշվի է առնվել անվտանգության գործոնը: Միաժամանակ չպետք է մոռանալ նաև ներքին սպառնալիքների մասին: Երկրում առկա քրեաօլիգարխիկ համակարգը բացառում է որևէ զարգացում, դատապարտում է մարդկանց արտագաղթի: Ի՞նչ տարբերություն, թե ո՞ր միությանը կանդամակցես, եթե երկրում գործում է այս համակարգը: Այնպես որ, առաջնահերթ խնդիր է մնում ադ համակարգից ձերբազատվելը, ժողովրդավարական ընտրությունների միջոցով ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն ձևավորելը: Երկրի համար կարևորագույն, բախտորոշ որոշումները պետք է ընդունվեն լեգիտիմ իշխանության կողմից»: Մենք հետաքրքրվեցինք նաև, թե արդյո՞ք հիմնավոր են այն տեսակետները, որ «կտրուկ շրջադարձը» պայմանավորված է եղել Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ գործադրված ճնշումներով:
Ի պատասխան` ՀԺԿ նախագահը նկատեց. «Չեմ կարող ասել` ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ, սակայն, Հայաստանի իշխանությունների գործելակերպը նման խոսակցությունների հիմք տալիս է, ինչը նսեմացուցիչ է երկրի համարե: Անդրադառնալով այն հարցին թե արդյոք Հայաստանը պե՞տք է շարունակի երկխոսությունը Եվրոպայի հետ, Ս. Դեմիրճյանը պատասխանեց. «Այո, միանշանակ պետք է շարունակի, բայց անվերջ եվրոպական արժեքներին իր հավատարմությունը հայտնելու փոխարեն` ավելի լավ կլիներ` վարչախումբը կյանքի կոչեր Սահմանադրության 2-րդ անփոփոխ հոդվածը, համաձայն որի` ժողովուրդն իր իշխանությունը հաստատում է ազատ ընտրությունների միջոցով, և հիշեր, որ իշխանության յուրացումը կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:
«168 ԺԱՄ»