Բաժիններ՝

Ինչո՞ւ աբորիգենները կերան Կուկին

Աշոտի տոմսը` Երևան-Մոսկվա, ապա Մոսկվա-Չելյաբինսկ, սեպտեմբերի 21-ի համար է: Ուրախությունն այնքան մեծ է, որ Աշոտը չի էլ նկատել, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության տոնն է: Անկախ Հայաստանից նա մեկնելու է եղբոր մոտ՝ շինարարության վրա աշխատելու: Աշոտն ամենևին տխուր չէ, որ այդ օրը առիթ չի ունենա լսելու Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը և Հանրապետության հրապարակում անվճար չի լսի Նունե Եսայանին: Աշոտը ակտիվ երիտասարդ է, մասնակցել է նախագահական ընտրություններին, քվերակել հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի: Նրա ընտրությունը չի հարգվել: Հետաքրքիր զուգադիպությամբ նրա նախընտրած թեկնածուներից ոչ մեկը 95-ից այսկողմ ո՛չ նախագահ են դարձել, ո՛չ քաղաքապետ, ո՛չ պատգամավոր: Ի՞նչ կապ կա ընտրությունների և արտագաղթի միջև:

Անցած դարի 50-ական թվականներին մի խումբ անթրոպոլոգներ մեկնել են Ավստրալիա ու ուսումնասիրել այնտեղ բնակվող աբորիգեններին: Ու պարզել են, որ աբորիգենները ոչ մի կապ չեն տեսնում սեռական ակտի ու երեխայի ծնունդի միջև: Վերջիններիս ընկալմամբ` սրանք երկու տարբեր, միմյանց հետ որևէ առնչություն չունեցող գործողություններ են: Հայաստանի իշխանություններն էլ ոչ մի կապ չեն գտնում կեղծված ընտրությունների ու տնտեսական անկման, թանկացման, արտագաղթի, կոռուպցիայի միջև: Ինչպես աբորիգենների համար, մեզ մոտ էլ վստահ են, որ սրանք երկու` միմյանց հետ ոչ մի կապ չունեցող գործընթացներ են:

Անկախության տարեդարձին երկրի ղեկավարը շնորհավորական ուղերձ է ընթերցում: Այն պիտի որ հիմնավորի, թե ինչ ձեռքբերումներ է ունեցել մեր երկիրը անկախության այս 22 տարիների ընթացքում: Մեր ամենամեծ ձեռքբերումը Ղարաբաղն է: Հրաշալի է: Հետո՞:
Անհարմար պաուզան կարելի է լցնել տնտեսական երկնիշ աճի մասին պատումներով: Այդ թիվը հավատ չի ներշնչում: Քանի որ նման թվերը ստանում են, ինչպես հիվանդանոցում ստանում են հիվանդների միջին ջերմաստիճանը. մեկը, ավաղ, մահացած է և, ինքներդ հասկանում եք, սառցարանում է: Մյուս հիվանդն այրվում է 40 աստիճան ջերմությունից: Մյուսի ջերմությունը 38,6 է: Սակայն միայն վերջացած սրիկան չի նկատի, որ եթե միջինացնում ենք բոլորի վիճակը, ստացվում է 36,6:
Սակայն «հարգելի հայրենակիցները, քույրերն ու եղբայրները» ցանկանում են լսել նոր ձեռքբերումների ցանկը:

Բանակը: Երբ ասում ենք «բանակ»` հասկանում ենք «տարածաշրջանի ամենամարտունակ բանակը»: Բանակից կարելի է կաշառքով ազատվե՞լ, գեներալիտետը կոռումպացված է և ֆիզիկական միակ ծանրաբեռնվածությունը ճաշի սեղանից ավտոմեքենա հասնելու ճանապա՞րհն է: Մեզ հավատացնում են, թե նման երևույթներ կան գրեթե բոլոր երկրների բանակներում:

Սակայն, ինչպես աբորիգենների դեպքում, այստեղ էլ կա պատճառահետևանքային մի կարևոր կապ, որն ուղղակի ուսումնասիրված չէ: Համեմատեք այն ծնողների կյանքի տևողությունը, ում զավակները ծառայել են բանակում, և այն ծնողներինը, ովքեր հաջողացրել են կաշառքով ազատել իրենց զավակներին: Կամ բնությունը «բարեհաճ» է գտնվել և նրանց միայն դուստրեր է պարգևել: Բանակի վիճակի մասին սա ամենախոսուն վիճակագրությունը կլինի:

Իսկ գուցե, որպես անկախության հիմնական խորհրդանիշ և ձեռքբերում դիտարկենք հայոց լեզվի՞ վիճակը: Մեր քաղաքական էլիտան միմյանց հետ շփվում է ռուսերենով: Այնպես չէ, որ հայոց լեզուն չեն գործածում: Գործածում են, սակայն կենցաղում: Բարձր մատերիաների թեմաներով զրույցը` միայն ռուսերեն: Այդ մասին կարող է վկայել մշակույթի նախարարը: Մյուս բարձրաստիճան պաշտոնյաները` ևս:
Ի դեպ, պաշտոնյաների մասին: Հայաստանի անկախության հռչակումից անցել է ավելի քան 20 տարի, սակայն քաղաքական ասպարեզում բառացիորեն նույն դեմքերն են` արդեն տարիքն առած, ճերմակած, հոգնած: Նույնն է նաև իշխանության մեջ ամեն գնով մնալու եռանդը` անգամ ամենանվաստացուցիչ կարգավիճակով:

Հայաստանում փոփոխություններ իրականացնելու էներգիա այլևս քչերն ունեն: Աշխատել են բոլոր գործիքները, որոնք մարդուն մի քանի ժամվա մեջ կարող են դարձնել ուղղակի կենդանի: Երբ մարդ ֆիզիոլոգիական մի քանի գործողություններից ավելի չի ցականում անել` ցանկանում է ուտել, քնել, որ իրեն չծեծեն, որ ոչ մի տեղը չցավի: Նման պայմաններում արդեն գրքերը անհրաժեշտ չեն, չես տխրում, որ չկարողացար գնալ դասական երաժշտության համերգի:

Առհասարակ, գուցե սխալ եմ, Հայաստանում իրական անկախություն ոչ ոք չի ուզում: Ո՛չ իշխանությունները, ո՛չ շարքային քաղաքացիները: Երկրի առաջին դեմքերին անկախությունն անգամ խանգարում է. լինել անկախ` նշանակում է` ստանձնել պատասխանատվություն: Սերժ Սարգսյանը երկրի անվտանգությունը, այժմ նաև` տնտեսական անվտանգությունը, վերահասցեագրել է Ռուսաստանին: Ավելի ցածր կարգի պաշտոնյաների համար անկախության ու անվտանգության երաշխավորը անձամբ Սերժ Սարգսյանն է:

Իսկ պատասխանատվությունից խուսափելը վարակիչ գայթակղություն է: Չելյաբինսկ մեկնող Աշոտն իր բաժին պատասխանատվությունը վերահասցեագրումն է նրանց, ովքեր մնում են Հայաստանում:

Նրանք, ովքեր մնում են Հայաստանում, կրում են Հայաստանից տարբեր պատճառներով հեռացած իրենց հայրենակիցների պատասխանատվությունը: Եվ հենց ա՛յդ մարդիկ են անկախ Հայաստանի ամենաարժեքավոր ձեռքբերումը,,,
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս