Մահվան դեպք Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նախորդ շաբաթ խեղդամահ է եղել հիվանդներից մեկը` 84-ամյա Լ.-ն:
hetq.am-ի փոխանցմամբ՝ խեղդամահ անողը ինտերնատի մեկ այլ հիվանդ է, սակայն տուն-ինտերնատի ղեկավարությունը փորձում է «գաղտնի» պահել դեպքը, որպեսզի այն հնչեղություն չստանա և պատասխանատվության ենթարկվողներ, ի դեմս տուն-ինտերնատի անձնակազմի և տնօրենի, չլինեն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ում ենթակայության տակ է գործում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը, նույնպես լռում է: Կայքը փորձել է հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանից ճշտել դեպքի մանրամասները: Վերջինս խոստացել է պարզել և տեղեկացնել, սակայն արդեն երկրորդ օրն է` նրա հետ կապ հաստատել չեն կարողանում. չի պատասխանում թե աշխատավայրի հեռախոսահամարին, թե բջջայինին:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, կայքի հարցմանն ի պատասխան, հաստատել է, որ նյարդահոգեբանական տուն-ինտերնատում մահվան դեպք եղել է: Սակայն նշել է, որ խեղդամահ լինել-չլինելը դեռ պարզ չէ, քանի որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որի պատասխանը դեռևս չկա: «Երբ կլինի եզրակացությունը, նոր կարելի է որոշակի բան ասել»,- հայտնել է Արմեն Մալխասյանը:
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մասին «Հետքը» մի քանի հոդվածներ է հրապարակել: Տնօրեն Նվեր Հովհաննիսյանը ինտերնատի հիվանդներին տանում էր Ներքին Շորժա, որպեսզի նրանք պահեին իր անասուններին: Հրապարակվել են փաստեր` լուսանկարներ և տեսանյութ:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները, ըստ ոստիկանության հաղորդագրության, 2012 թ. հոկտեմբերի 3-ին պարզել էին, որ Նվեր Հովհաննիսյանը 2011-ի ապրիլից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3.100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս: Նրան կալանավորել էին:
Մանրամասները կարդացեք այստեղ՝