Արևիկի լավաշը` գյուղի բրենդ
«Վայ, մեր գյուղի լավաշի մասին չե ՞ք լսել: Լրիվ բրենդ է, սաղ աշխարհ գիտե»,-ահա առաջին նախադասությունը, որը լսեցինք արևիկցիների հետ զրուցելիս: Արևիկ գյուղը գտնվում է Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից 5 կիլոմետր հեռավորության վրա: Արևիկը նախկինում կրել է Թափադալիկ, Թափադոլլակ անվանումները, 1945 թվականին վերանվանվել է Արևիկ:
Գյուղի կլիման լեռնային է, ձմեռները` երկարատև, ցուրտ և ձյան առատ տեղումներով: Ունի կանգուն եկեղեցի: Գյուղացիների հետ զրույցում առաջին հիմնախնդիրը, որը նրանք նշեցին, դա գյուղի գլխավոր փողոցի անմխիթար, քանդված լինելն է: Գյուղամիջյան ճանապարհները ևս չեն փայլում իրենց վիճակով: Գյուղի հարևանությամբ գործում է շաքարի գործարան, որն էլ որոշ չափով գյուղի բնակիչներին ապահովում է աշխատատեղերով:
Ընդհանուր առմամբ Արևիկում ևս արտագնա աշխատանքով ապրուստի փող վաստակողների թիվը մեծ է. «Դե ինչպես բոլոր տեղերը, այնպես էլ մեր մոտ, երիտասարդների մեծ մասը գյուղում չէ, երկրում էլ չէ, արտագնա աշխատանքների են»,-նշում են բնակիչները: Վերջիններիս խոսքով՝ գյուղում գործող գործարաններ չկան: Գյուղն ունի գործող դպրոց և մանկապարտեզ: Գյուղացիներն ասում են, որ ժամանակին գյուղում գործել է նաև բուժկետ, սակայն հիմա գործող բուժկետ ընդհանրապես չկա: Գյուղը գազիֆիկացված է: Գյուղմթերքներից մշակվում է կարտոֆիլ, ցորեն, գարի:
Արևիկցիներն առանձնակի կերպով նշեցին գյուղում թխվող լավաշի մասին. «Ցորենը լինում է կարմրահատ ու սպիտակահատ, մեր գյուղը հայտնի է իր կարմրահատ ցորենով ու դրանից պատրաստվող լավաշով, շատ յուրահատուկ համ ունի` շնորհիվ ալյուրի ու թոնրի մեջ փայտով թխելու տեխնոլոգիայի», -նշում են գյուղացիները: Ապա, թե՝ «Մենք գյուղում հայտնի լավաշ թխողներ ունենք, մարդիկ հատուկ գալիս են մեր մոտ լավաշ գնելու, բացի դրանից, որ արտասահման են գնում՝ անպայման մեր Արևիկի լավաշից են իրանց հետ տանում, կամ էնտեղ ապրողներին են ուղարկում, որ ուտեն մեր երկրի հողի ու ջրի համն առնեն»:
Գյուղացիները նշեցին նաև, որ գյուղը չունի հակակարկտային կայան. «Շատ լավ կլիներ, որ հակակարկտային կայան ունենայինք, թե չէ՝ տանջվում-մշակում ենք, հետո արածներս ջուրն է լցվում»,-նշեցին նրանք:
Գյումրի