Տիգրան Սարգսյանը, Արթուր Բաղդասարյանը և եվրոպացի գործընկերները տեղյակ են եղել

ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Մաքսային միությանը միանալու հարցում «Հայաստանի վրա որևէ ճնշում չի գործադրվել»: Նա նաև նշել է, որ երեկ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ներկայացվել են Մոսկվայում ստորագրված երկու փաստաթղթերը:  «Քաղաքական որոշումը կայացված է, և այն բխում է ՀՀ շահերից, մեր ազգային անվտանգության գերակայության շահերից: Անդամակցությունն այս կառույցին հնարավորություն կտա և տնտեսապես շահել, և ամրապնդվել մեր անվտանգությունը»,-Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին ասել է  նա՝ հիշեցնելով, որ Մաքսային միության երկրները նաև ՀԱՊԿ անդամներ են:

Իսկ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ԱԱԽ քարտուղարը համարում է քաղաքական նշանակություն ունեցող որոշում և վստահեցնում, որ այն անպայմանորեն կստորագրվի և Հայաստանը Եվրոպայի հետ իր քաղաքական ինտեգրումը պետք է շարունակի:

Նա նաև նշել է, որ մինչ այս որոշումը կայացնելը լուրջ ուսումնասիրություններ են կատարվել, ուսումնասիրվել են  տարիֆները, արտահանման հնարավորությունները, այդ ամենի շրջանակներում՝ տնտեսական առավելությունները. «Այս ուսումնասիրությունները կատարվել են ու սրանց արդյունքում քաղաքական որոշումներ են կայացվել»,-ասել է նա:

Մեկնաբանելով տեղեկությունները, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման մասին հայաստանյան պաշտոնյաները տեղյակ չեն եղել՝ ԱԱԽ քարտուղարը հայտարարել է. «Բազմիցս այդ հարցը քննարկվել է իրավասու պետական պաշտոնայների հետ, աշխատանքային խմբեր են աշխատել, փոխայցելություններ են եղել, հազար անգամ ծանր ու թեթև է արվել, մասնագիտական ու փորձագիտական վերլուծություն է արվել: Բացի այդ, ՌԴ-ն ու ՀՀ ունեն մեկ շատ կարևոր պայմանագիր, որ ստորագրվել է ՌԴ նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ, երբ երկարաձգվեց ռուսական բազաների ներկայությունը Հայաստանում»,-ասել է նա՝ նշելով, որ այդ պայմանագրով Ռուսաստանը ստանձնում է  Հայաստանի անվտանգության ապահովումը, պաշտպանում է Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրիքա սահմանների պաշտպանությունը:  Լրագրողի հարցին, թե ինքը տեղյա՞կ է եղել, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայում նման հայտարարություն է անելու, ԱԱԽ քարտուղարը պատասխանել է. «Ես ոչ միայն  տեղյակ եմ եղել, ես այդ փասթաթղթերի վրա աշխատել եմ»:  Մյուս հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն տեղյակ եղել մյուսները, Ա. Բաղդասարյանը պատասխանել է. «Ի՞նչ, Հայաստանում ինչքան պաշտոնյա կա հո բոլորին չէի՞նք տեղեկացնելու»:

Կարդացեք նաև

Ա. Բաղդասարյանն ասել է, որ հարցը բազմիցս քննարկվել է նաև ԱԱԽ-ում. «Սա առաջին քննարկումը չէր ԱԱԽ-ում, մենք պարբերաբար քննարկում ենք հայ-ռուսական հարաբերության, ԵՄ-ի հետ, և ընդհանրապես միջազգային հարաբերութուների հարցերը: Մենք ձեռնամուխ ենք լինելու իրականացնելու ՀՀ-ի` Մաքսային միությանը միանալու Մոսկվայում ստորագրված հռչակագրի իրագործմանը»:

Ա. Բաղդասարյանը նկատելով, որ Ադրբեջանը կատաղի տեսքով ընդլայնում է իր ռազմատեխնիկական բազան, ասել է, որ այժմ արդեն կկատարելագործվի նաև Հայաստանի անվտանգության համակարգը:

ԱԱԽ քարտուղարը տեղեկացրել է նաև, որ  ՀՀ կառավարությանը հանձնարվել է վեցամսյա ժամկետում մշակել ռազմավարության ծրագիր, հաստատել և սկսել կյանքի կոչել ՀՀ Էներգետիկ անվտանգության և տրանսպորտային անվտանգության ռազմավարությունները։ Նրա համոզմամբ՝ այսօր էներգետիկ անվտանգության խնդիրներն ունեն առաջանային նշանակություն: ԱԱԽ նիստում քննարկվել են նաև գործող ատոմակայանի գործունեությունը զարգացնելու, և, զուգահեռաբար, նոր ատոմակայանի կառուցման հարցերը։ Տրանսպորտի զարգացման ոլորտում քննարկվել են աբխազական երկաթգծի բացման հնարավորությունների, ինչպես նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ուղղությամբ բանակցությունների ինտենսիվացման հարցերը։  Իրանը իր տարածքում շինարարության ֆինանսավորման մասին համաձայնություն արդեն իսկ տվել է: «Երկաթուղային տրանսպորտի զարգացումը  Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի»,- ասել է Ա. Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ կշարունակվի նաև Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունը, աշխատանքներ կտարվեն Ստեփանավանի օդանավակայանը բացելու, զարգացնելու ուղղությամբ։

Ի դեպ, ըստ Արթուր Բաղդասարյանի՝ Հայաստանի եվրոպացի գործընկերները տեղյակ են եղել, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը. «Մեր եվրոպացի գործընկերները պատշաճ կարգով տեղեկացվել են այդ որոշման մասին»:

Լրագրողների այն դիտարկմանը, որ եթե Մաքսային միությունն առավել հարմար տարբերակ է Հայաստանի շահերի համար, և նրան անդամակցելու որոշումը գաղտնի չի եղել, ապա ինչո՞ւ էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել, որ Մաքսային միությանը Հայաստանը չի կարող անդամակցել, քանի որ անդամ երկրների հետ ընդհանուր սահմաններ չունի հարցին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը պարտասխանել է. «Հայաստանի սահմանադրության համաձայն՝ նման որոշումների կայացումը վարչապետի մանդատի մեջ չի մտնում: Վարչապետը չի կայացնում որոշումները, որոշումներ կայացնելու մանդատ ունի նախագահը: Վարչապետն ունեցել է իր տեսակետը, դրա մեջ ի՞նչ վատ բան կա, նա ժամանակին ունեցել է մի կարծիք, այսօր  ունի մի այլ կարծիք: Քննարկումներին մասնակցել է նաև վարչապետը: Նա ունեցել է իր կարծիքը և դրանում որևէ ահավոր բան չկա: Մենք պետք է սովորենք, որ իշխանության ներսում կարող են լինել նաև տարբեր կարծիքներ»։

Հարցին, թե նման զարգացումներից հետո արդյոք սպասվո՞ւմ է ՀՀ վարչապետի հրաժարականը, Բաղդասարյանը պատասխանել է. «Վարչապետն իր պաշտոնում հանգիստ աշխատում է, թողեք թող աշխատի էլի»:

Տեսանյութեր

Լրահոս