Բաժիններ՝

ԱՄՆ-ում գանձեր որոնողների ընտանիքն օվկիանոսի հատակին հայտնաբերել է 300.000 դոլարի ոսկեղենով սնդուկ

Ամերիկյան Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Շմիտների ընտանիքը, ով տարված էր Ֆլորիդայի ծովափին գանձերի որոնմամբ, օվկիանոսի հատակին հայտնաբերել է գանձերով լի սնդուկ՝ մոտ 300.000 դոլար արժողությամբ իսպանական ոսկի:

Գանձերով սնդուկը հայտնաբերվել է Ֆորտ Պիրս քաղաքի ծովափից մոտ 135 մետր հեռավորության վրա՝ իսպանական նավատորմի 11 նավերի բեկորներում: Իսպանական նավերը խորտակվել են 1715 թվականին՝ Կուբայից Իսպանիա մեկնելիս:

Հայտնաբերված սնդուկում գտնվել է 5 ոսկեդրամ, ոսկյա մատանի և ոսկյա շղթաներ, որոնց ընդհանուր երկարությունը կազմել է մոտ 20 մետր: Հեռուստաալիքն ընդգծում է, որ Ֆլորիդայի ափերի մոտ հանգչող այդ նավերում պահվող գանձերի ընդհանուր արժեքը կարող է հասնել մինչև 400 միլիոն դոլարի:

Ներկա դրությամբ դրանցում արդեն իսկ հայտնաբերվել է 175 միլիոն դոլարի գանձ: Շմիտների ընտանիքը վաղուց է զբաղվում գանձերի որոնմամբ: 2002 թվականին նրան հաջողվել էր ծովի հատակից հանել հին արծաթյա սպասք, որը գնահատվել էր 25.000 դոլար:

300.000 դոլար արժողությամբ գանձ գտնելուց հետո ընտանիքը պետք է ստանա մոտ 120.000 դոլար, քանի որ գանձի 1/5-ը բաժին է ընկնում Ֆլորիդայի իշխանություններին, որոնք հայտնաբերված արժեքավոր իրերը կարող են տեղադրել տեղի թանգարաններից մեկում:

Մնացյալ մասը հավասարաչափ բաժանելու են Շմիտների ընտանիքը և վերոնշյալ նավերում գանձերի որոնման իրավունքի տեր 1715 Fleet — Queens Jewels LLC ընկերությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս