Երևանը բարձր է գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունները. փորձագետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ հայտարարությունը նշանակում է, որ Երեւանը նախկինի պես բարձր է գնահատում Մոսկվայի հետ հարաբերությունները եւ չի ցանկանում հօգուտ Եվրոպայի դրանք ռիսկի ենթարկել,  հայտարարել է МГИМО-ի Կովկասի եւ տարծաշրջանային անվտանգության կենտրոնի աշխատակից, Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի փորձագետ Վադիմ Մուխանովը, տեղեկացնում է РИА Новости-ն:

Նա Սարգսյանի այցը Մոսկվա ուղենիշային է համարել: «Վերջին ամիսներին որոշակի խուճապ էր հայտնվել երկկողմ հարաբերություններում, քանի որ Հայաստանը գտնվում էր պատմական քառուղու վրա: Մի կողմից` Վիլնյուսի գագաթնաժողովը եւ Եվրոպայի հետ համագործակցության խորացումը, մյուս կողմից`  Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր վեկտորի ռուսական ուղղվածությունը»,-նշել է փորձագետը:

«Հասկանալի է, որ Հայաստանի համար  առանցքայինը ոչ թե տնտեսական, այլ անվտանգության հարցն է: Ներկայումս միայն Մոսկվան է իրական երաշխիքներ տալիս, ինչի վկայությունը Գյումրիում ռուսական ռազմաբազայի առկայությունն է»,-հայտարարել է փորձագետը:

Նա նշել է, որ Հայաստանը նաեւ տնտեսական առումով է Ռուսաստանի հետ կապված: «Ռուսաստանյան ներդրումները Հայաստանում մեծ ծավալ են կազմում: Ասոցացված համաձայնագիրը մարդկանց կյանքի համար որոշակի թեթեւացում է նշանակում, սակայն  այն երկարժամկետ եվրոպական ներդրումների երաշխիք չի տալիս»,-վստահություն է հայտնել նա:

Այսպիսով, ըստ փորձագետի, Սերժ Սարգսյանի հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանի համար «նախկինի պես թանկ են երկկողմ հարաբերությունները, եւ  նա չի ցանկանում դրանք ռիսկի ենթարկել` հանուն Եվրոպայի կողմից ինչ-ինչ պոտենցիալ շահերի»:

«Դեպի Եվրոպա կողմնորոշումը հասկանալի է, սակայն իրական դիվիդենտներ առայժմ բերում է միայն Մոսկվայի հետ սերտ համագործակցությունը: Սարգսյանը պրագմատիկ ընտրություն է կատարել»,-եզրափակել է փորձագետը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս