Թունիսի իշխող կուսակցությունը երկրի զարգացումները որակել է որպես «ներքին հեղաշրջում»
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թունիսի մայրաքաղաքում երեկ երեկոյան բողոքի ակցիայի է դուրս եկել մոտ 40.000 մարդ: Ցուցարարները պահանջել են գործող կառավարության հրաժարականը:
Թունիսում բողոքի ակցիաները չեն դադարում նախորդ շաբաթվանից, երբ սպանվեց ընդդիմադիր քաղաքական գործիչ և իսլամիստների քննադատ Մոհամմեդ ալ-Բրահմին: Դրանից հետո ցուցարարները շարունակ պահանջում են երկրի քաղաքական ղեկավարության հրաժարականը:
Իր ձախ հայացքներով ընդդիմադիր ալ-Բրահմին, ով հանդես էր գալիս իսլամիստների դեմ և կոչ էր անում տապալել իշխանության ղեկին գտնվող իսլամական «Ան-Նահդա» կուսակցությանը, նախորդ հինգշաբթի սպանվել է սեփական տան մոտ՝ անհայտ անձի հրազենային կրակոցից:
Իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկը «ներքին հեղաշրջում» է որակել երկրի Ազգային հիմնադիր խորհրդի գործունեության դադարեցումը, ինչի մասին հայտարարել է խորհրդի նախագահ Մուսթաֆա բեն Ջաֆարը:
Վերջինս երեկ հայտարարել է, որ Ազգային հիմնադիր խորհուրդը դադարեցնում է իր աշխատանքներն այնքան ժամանակ, մինչև որ երկրի իշխանությունները բանակցություններ չսկսեն ընդդիմության հետ՝ կապված երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու և անկարգությունների դադարեցման հետ: