Ամենաբարձր գնաճը ծառայությունների ոլորտում է՝ 5.0 %
2013թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գների ընդհանուր մակարդակն աճել է 0.4%-ով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ, իսկ ծառայությունների ոլորտում` սակագների 5.0% հավելաճ:
Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ 2013թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.3% նվազում):
2013թ. հուլիսին 2012թ. հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 8.5%-ով, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 9.9%, ոչ պարենային ապրանքներինը` 4.3%, ծառայությունների սակագները` 8.4%, իսկ հունվար-հուլնիսին 2012թ. հունվար-հուլիսի համեմատ` համապատասխանաբար 4.7%, 5.2, 5.2 և 3.4%:
Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2013թ. հուլիսին հունիսի համեմատ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մարտունիում, մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.5%-ով: