Լափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը
«Ես ծնվել եմ այս դրոշի տակ և իմ ամբողջ կյանքն ապրելու եմ՝ հայացքս դեպի այս դրոշը, բայց ձեր և ձեր բարեկիրթ ընկերոջ պատճառով հարյուր-հազարավոր հայեր այլևս չեն կարողանում ապրել այս դրոշի տակ, ավելին՝ հազարավոր տղաներ այս դրոշի տակ հանգչում են Եռաբլուրում»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ իր հարցից առաջ այս արձանագրումն արեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ դիմելով Փաշինյանին, որն Արցախի դրոշները հեռացնելու մեջ էր մեղադրել ընդդիմադիրներին։
Արեգա Հովսեփյանը հարցն ուղղեց Սրբուհի Գալյանին՝ նրան հիշեցնելով, որ մի իշխանության ներկայացուցիչ է, որը հիմա հակահայկական գործունեությամբ է զբաղված։
«Դուք փաստացի Ալիևի թելադրանքով սահմանադրություն եք գրում և այդպիսով Ալիևի ոտքի տակ եք փռում Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը, որը հայ ժողովուրդը ձեռք է բերել արյամբ և քրտինքով։ Մեր Սահմանադրությունը՝ իր նախաբանով հանդերձ, ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով, որտեղ դրական եզրակացություն է եղել, այսինքն՝ կոնֆլիկտածին որևէ դրույթ եզրակացության մեջ չկա։ Հիմա հարցս՝ դուք՝ որպես իրավաբան, արդյո՞ք կասկածի տակ եք դնում Վենետիկի հանձնաժողովի անդամների պրոֆեսիոնալիզմը, կամ չգիտեմ, վարչապետը, ով որ, կարծեմ, բարձրագույն կրթություն չունի, ավելի բարձր պրոֆեսիոնալիզմով իրավաբան է իրեն համարում՝ մեր Սահմանադրությունը համարելով կոնֆլիկտածին։ Առհասարակ, ձեր վերաբերմունքը Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ և նրա եզրակացության՝ ինչպիսի՞նն է»,- նշեց Արեգա Հովսեփյանը։
Սակայն Գալյանի փոխարեն՝ ամբիոնին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը և ասաց․ «Որ ասում եք՝ հարյուր-հազարավոր հայեր չեն կարողանում ապրել իրենց տներում, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ, ըստ էության, հարյուր-հազարավոր հայեր, եթե ոչ ավել՝ գուցե միլիոն հայեր, կոնֆլիկտի պատճառով չեն կարողացել ապրել իրենց տներում, և Հայաստանն այդ կոնֆլիկտի պատճառով կիսադատարկվել է։ Դրա արդյունքում ձեր խոսույթի նման խոսույթներով հանդես եկող բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ Ղարաբաղի բարձրաստիճան ղեկավարներ, Երևան քաղաքի կենտրոնում ունեն շենքեր, սեփականություններ և այլն․․․։
Տիկի՛ն Հովսեփյանը խի՞ չի հիշում, որ Հայաստանի ժողովուրդն էլ յոթ-ութ տարի սոված մնացել ա, բա ո՞նց է՝ չե՞ն հիշում, որ հարյուր-հազարավոր քաղաքացիներ ստիպված են եղել փախնել իրենց երկրից Մանվելների, Ռոբերտների, Սերժերի, Ծառուկյան Գագոների, Նեմեց Ռուբոների ձեռից, ստիպված են… խի՞ չեք հիշում, որովհետև այդ լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում յոթ տարի։
Բա պիտի ծիծաղես, բա պիտի ծիծաղես, բա ի՞նչ պիտի անես, որովհետև դուք այդ սովը չեք տեսել, դուք այդ սովը չեք տեսել, ձեզ համար Ղարաբաղը բիզնես է եղել, հիմա զրկվել եք այդ բիզնեսից»։
Մանրամասները՝ տեսանյութում

