Բաժիններ՝

ԱՊՊԱ-ն կդառնա՞ ԱՊԿԱ

Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունն ապահովագրական շուկայի զարգացման հայեցակարգում (մինչև 2020 թվականը) առաջարկել է փուլ առ փուլ հրաժարվել պարտադիր ապահովագրության բոլոր տեսակներից: Այդ մասին «Պրայմ» գործակալությանը տեղեկացրել է ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեևը: Նա նշել է, որ խնդիրների և սկանդալների մեծ մասը ծագում է հենց նման տիպի ապահովագրության տեսակների դեպքում, երբ կողմերից մեկը բավարարված  չի լինում տարիֆներով կամ հատուցման չափով: Փոխնախարարը նշել է, որ իրենք առաջարկում են պարտադիր ապահովագրության փոխարեն՝ զարգացնել ապահովագրության հասարակական մշակույթը, որպեսզի քաղաքացիներն իրենք կամավոր ապահովագրեն իրենց պատասխանատվությունը:

Մոիսեևն ընդգծել է, որ իրենց առաջարկը չի վերաբերում միայն առողջության պարտադիր ապահովագրությանը: Իսկ, օրինակ, ավտոմեքենաների շահագործումից բխող պարտադիր ապահովագրությունը (ԱՊՊԱ-ն) առաջիկայում կարող է վերանալ:
Ռուսաստանում ԱՊՊԱ-ն ներդրվել է 2003 թվականին: Այսինքն՝ ունի արդեն 10 տարվա պատմություն: Իսկ պարտադիր բժշկական ապահովագրության մասին օրենքն ընդունվել է 2010 թվականին։
Հայաստանում պարտադիր ապահովագրության մեխանիզմը համեմատաբար նոր է: ԱՊՊԱ-ն ներդրվել է 2011 թվականի հունվարի 1-ից: Ավելի ուշ ներդրվեց նաև սոցիալական փաթեթը՝ պետական հիմնարկների աշխատողների համար, որը կարելի է անվանել մասնակի առողջապահական ապահովագրություն:
Սակայն պարտադիր ապահովագրությունն արդեն իսկ հասցրել է արմատավորվել հայ իրականության մեջ: Չհաշված այն, որ այս մեխանիզմը միանգամից միլիարդավոր դրամներով ավելացրեց ապահովագրական ընկերությունների շրջանառությունը, ԱՊՊԱ-ի ծառայություններից օգտվում են բոլորը՝ անգամ այն մարդիկ, ովքեր ի սկզբանե դեմ էին դրա ներդրմանը,  անգամ այն դեպքում, երբ մեքենայի վնասն աննշան է:
Ի սկզբանե ոլորտի պատասխանատուները նշում էին, որ պարտադիր սկզբունքին այնուհետև կփոխարինի կամավորը. դա տեղի կունենա այն ժամանակ, երբ հասարակության մեջ ձևավորվի ապահովագրական մշակույթը: Արդյո՞ք հասունացել է այդ պահը, և հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀ իշխանությունները նույնպես հետևեն այս օրինակին և աստիճանաբար վերացնեն ապահովագրության պարտադիր բնույթը:  Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ԱՊՊԱ-ին (նշենք, որ 2012 թվականի տվյալներով՝ ԱՊՊԱ-ին բաժին է ընկնում ընդհանուր ապահովագրավճարների 42.7%-ը)։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը կարծում է, որ այդ պահը Հայաստանում դեռ չի հասունացել: «Ապահովագրությունը ենթադրում է ապահովագրական մշակույթ: Միգուցե Ռուսաստանում այդ մշակույթը հնուց գովազդվել ու կերտվել է, ու գտնում են, որ կամավորը կբերի նույն արդյունքը, ինչ պարտադիրը: Մեզ մոտ էլ որոշ ժամանակ անց նման անցում կստացվի, բայց ինձ թվում է՝ դեռ վաղ է»,- ասում է Ա. Խուրշուդյանը: Պարտադիր ապահովագրությունից կամավորի անցում կատարելու վաղաժամ լինելու մասին վկայող լավագույն ցուցանիշը, ըստ փորձագետի, ամբողջական ապահովագրությունն է, երբ բացի ԱՊՊԱ-ից՝ կատարվում է մեքենայի ամբողջական ապահովագրություն (կասկո)՝ կամավոր հիմունքներով: «Հայաստանում այս ցուցանիշը դեռ շատ ցածր է, երբ այն մեծանա, ապա կարելի է խորհել կամավոր ապահովագրության մասին»,- ասում է Ա. Խուրշուդյանը (նշենք, որ ցամաքային տրանսպորտի ապահովագրությանը բաժին է ընկնում ապահովագրական շուկայի ընդամենը 5.7%-ը):
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Էդվարդ Սանդոյանը նույնպես դեմ է պարտադիր ապահովագրությունը վերացնելուն: Ավելին՝ նա գտնում է, որ պետք է անել ճիշտ հակառակը՝ ընդլայնել պարտադիր ապահովագրության դաշտը՝ կենսաթոշակային, ԱՊՊԱ, անշարժ գույքի, բժշկական, ժամանակավոր անաշխատունակության, մասնագիտական (բժիշկ, վարորդ, օդաչու, ոստիկան և այլն), ընդհանուր քաղաքացիական պատասխանատվության: Թեպետ Էդվար Սանդոյանն այս ամենը զուգակցում է մի կարևոր նախապայմանով՝ անհրաժեշտ է նախապես զգալիորեն բարձրացնել նվազագույն աշխատավարձի նորմատիվային չափը: «Կամավոր ապահովագրության տեսակները կզարգանան զուգահեռաբար ռիսկերի առավել որակյալ, ներառյալ՝ VIP ապահովագրության նպատակով, ինչը կապահովի թանկարժեք ապահովագրական դեպքերի փոխհատուցումը (օրինակ՝ սրտի վիրահատություն, թանկարժեք ախտորոշում, դեղորայքով և այլ բժշկական պարագաներով ապահովում, հիվանդին արտասահմանում բուժման գործուղում, բոլոր տեսակների ապահովագրական գումարների ավելացում և այլն): Պարտադիր ապահովագրության միջոցով անհրաժեշտ է իրականացնել բնակչության համար նվազագույն անհրաժեշտ ծառայությունների մատչելիությունը, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ձևավորումը: Այս ճանապարհով, այլ միջոցառումների հետ համատեղ (օրինակ. գույքահարկի պրոգրեսիվ սակագնային սանդղակի կիրառում), կիրականացվի գերկարևոր հիմնախնդրի՝ բնակչության եկամուտների և ծառայությունների հասանելիության համահարթեցման հարցի լուծումը: Ավելին, ապահովագրական շուկայի զարգացումը զգալիորեն կնպաստի նաև ֆինանսական համակարգի զարգացմանը, երկար փողերի ձևավորումից՝ մինչև բազմաթիվ ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի որակի բարձրացմանը և այլն»,- ասում է Էդ. Սանդոյանը:
Տնտեսագետ Հայկ Բալանյանը նույնպես կարծում է, որ պարտադիր ապահովագրությունը պետք է մնա՝ իհարկե, խթանելով այդ շուկայի մրցակցությունը և բարձրացնելով սպասարկման որակը, հատկապես աշխատանքի արագությունը: «Նկատի ունեմ վթարի դեպքում դեպքի վայր ժամանելը, հետագայում վնասի գնահատումը և վճարումը… Հայաստանի շուկան առանց այդ էլ փոքր է, իսկ նկատի ունենալով փողոցային և արտաօրենսդրական առկա մշակույթը, կարծում եմ՝ կամավոր սկզբունքով ոլորտը չի զարգանա»,- ասում է Հ. Բալանյանը: Ընդ որում, նպատակահարմարությունից բացի՝ Հ. Բալանյանը շեշտում է ևս մի հանգամանք, որի պատճառով ՀՀ իշխանությունները չեն գնա պարտադիր ապահովագրությունը վերացնելու ճանապարհով: «Մերոնք չեն գնա, քանի որ այդ ապահովագրական ընկերությունները հենց իրենցն են»,- ասում է Հայկ Բալանյանը։
Ավելացնենք, որ եթե հավատանք ապահովագրական ընկերությունների կողմից ներկայացված ցուցանիշներին՝ նախանձելու բան առանձնապես չկա: Օրինակ, ԿԲ տվյալների համաձայն՝ 31.12.2012 թ. դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեության լիցենզիա է ունեցել 9 ապահովագրական ընկերություն, որոնցից շահույթով են աշխատել ընդամենը 3-ը: Շահութաբերությունն էլ կազմել է ըստ ակտիվների՝ ընդամենը 1.2%, իսկ ըստ կապիտալի՝ 3%: Այսինքն՝ մեր ապահովագրական ընկերությունները գրեթե բարեգործական կազմակերպության դեր են կատարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս