Բիզնեսում «սկելը»՝ կորցնելը, հերոսություն է. գնացե՛ք և կրկնե՛ք այդ հերոսությունը՝ առանց վախենալու տանուլ տալուց. ինքն իր բրենդի դեմքը դարձած Արեգ Գևորգյանի հաջողելու բանաձևը

«Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրը գործարար, «Քամանչա» ռեստորանի, «Պիդեհ», «Տոկա-Բոկա» արագ սննդի կետերի հիմնադիր Արեգ Գևորգյանն է։

Հարցազրույցի կարևորը թեզերը՝ ստորև.

– Ես մարդ եմ, սովորական մի մարդ, որն ուզում է գումար վաստակել և դա անում է իր սիրած գործով։ Սիրահարված եմ գործիս։

– Ես բիզնես սկսելիս ոչինչ չունեի. ընտանիքիս մեծն էի։ 15 տարեկանից ընտանիքի պատասխանատվությունն ինձ վրա էր։ Հիշում եմ՝ այն ժամանակ վարձով էինք ապրում։ Իմ առաջին գործը, որը հիմնեցի, եղել է լավաշի փուռը։ 22 տարեկանում այդ բիզնեսով սկսեցի զբաղվել, բայց չսիրեցի, իմը չէր։ Այն գիշերային աշխատանք էր պահանջում։

Կարդացեք նաև

– Հացի փուռ բացելու գումարը կուտակվեց հարսանիքի նվերների գումարից։

– Հաջորդ բիզնեսն «Արմատ» ռեստորանն էր։ Դրանից առաջ սուրճի ապարատներ էի դրել Երևանի մի քանի հատվածներում, այդ փոքր բիզնեսը վաճառեցի, տունը դրեցի գրավ ու բացեցի «Արմատը»։ Ռեստորան բացելը թանկ հաճույք է։

– «Արմատ» ռեստորանը բացելու համար ծախսեցի 180.000 դոլար. դա հետ բերեցի 5 տարի անց:

– Բիզնեսը շուկայի էքսպանսիայի մասին է՝ ծավալվելու. եթե դու չես ծավալվում, ուրեմն բիզնեսով չես զբաղվում՝ բզբզում ես։

– Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում հասկացա, թե ինչ է կատարվում աշխարհում։ Աշխարհում կատարվում էր հետևյալը՝ հյուրընկալությունն այլևս սկսում է թվային հարթակներից՝ սոցիալական ցանցերում։ 21-րդ դարում պետք է քո հաճախորդի հետ սկսես էմոցիոնալ կապը հենց թվային հարթակներում։

– Եթե ուզում ես բիզնեսով զբաղվել, լավագույն մեկնարկային պայմանները դու ունես քո հայրենիքում՝ այնտեղ, որտեղ ձևավորվել ես. դա անքննելի է։

– Չի կարելի ամաչել բիզնես «սկելուց»։ Անգամ բիզնեսում «սկելը»՝ կորցնելը, հերոսություն է. գնացե՛ք և կրկնե՛ք այդ հերոսությունը՝ առանց վախենալու տանուլ տալուց։ Հեծանիվ քշելու բաղկացուցիչ մասը հեծանիվից ընկնելն է. ուրախացե՛ք ամեն անգամ հեծանիվից ընկնելուց, որովհետև ամեն ընկնելով՝ մոտենում եք քշելուն։

– Բիզնեսում կարևորն ինձ համար էֆեկտիվությունն է։ Ես աշխատում եմ այն մարդկանց հետ, որոնք պոզիտիվ են ու հաճելի։ Ըստ իս՝ այս երկու որակները չունեցող մարդիկ չեն կարող լինել որակյալ մասնագետներ։

– Այո՛, սպասարկման ոլորտում կա աշխատակիցների հոսունության խնդիր։ Այստեղ ինձ համար կարևոր է, որ դուրս գանք՝ աշխատավարձը բարձրացնել և աշխատողին կողքիդ պահելու մտայնությունից։ Դա միֆ է։ Շատ կարևոր բաներ կան, քան աշխատավարձը։ Մեր կյանքի հսկայական ժամանակն ենք տրամադրում աշխատանքին, հետևաբար՝ աշխատանքի մեջ մարդիկ ավելի էֆեկտիվ են աշխատում, երբ ունենում են ընկալում, որ իրենք մեծ գործի մասն են կազմում։


– Երբ բիզնեսի ղեկավարը հիվանդ է կամ սիրահարված իր բիզնեսին, հենց այդ դեպքում է ինքը կարողանում վարակել իր թիմակիցներին։ Այս հարցում կարող եմ գլուխ գովել։

– Եթե ստացածս կյանքի ապտակներ էին, ապա դրանք ընկալում եմ՝ որպես ուսուցողական ապտակներ։

– Սխալները ռեսուրսներ են։

– Չկա մրցակցի հետ համագործակցություն. մրցակցին պետք է հաղթել՝ սեփական բիզնեսը զարգացնելով։ Նույն շուկան է, և բոլորս աշխատում ենք նույն շուկայի, նույն շուկան գրավելու վրա, հետևաբար՝ ի՞նչ համագործակցություն, ձևական բաներին չեմ հավատում։

Վերջում ներկայացնում ենք Արեգ Գևորգյանի հարցը հաղորդաշարի հաջորդ հյուրին։

«Իսկ ինչպե՞ս եք Դուք դուրս գալիս ֆինանսական ճգնաժամերից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս