
Հայաստանն այսօր չի քննարկում ռուսական ռազմաբազան մեր երկրից հանելու հարց. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ խաղաղության օրակարգի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումները շարունակվում են:
«Չեմ բացառում, որ այդ քննարկումները մոտ ապագայում կշարունակվեն երկրի ղեկավարների ձևաչափով, ինչպես նաև՝ արտաքին գործերի նախարարների: Դա լավ նորություն է: Նման գործընթացները խաղաղության պայմանագրի ստորագրման տեղի և ժամի շուրջ են: Ե՛վ հայկական կողմը, և՛ միջազգային բազմաթիվ գործընկերներ աշխատանքներ են տանում, որպեսզի իրականություն դարձվի խաղաղության պայմանագրի կնքումը»,- շարունակել է նա՝ վստահեցնելով, որ այս առումով իրավիճակը փակուղային չէ, հատկապես, երբ հայկական կողմն Ադրբեջանին առաջարկներ է արել, և դրանք քննարկվում են, և, որ այդ առաջարկները որևիցե ձևով չեն կարող խոչընդոտել խաղաղության պայմանագրի կնքմանը:
«Այն մտավախությունները, որոնք հնչեցնում է Ադրբեջանը, իրավական դաշտի մեջ գոյություն չունեն»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ տարածքից ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը՝ որպես երրորդ ուժ, ինչի մասին խոսում են ընդդիմադիր շրջանակներում, մամուլում, ԱԺ նախագահը վստահեցրել է.
«Չկա նման բան: Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում ռուսական ռազմաբազայի՝ ՀՀ տարածքից հանելու հարցն այսօր»:
Մանրամասները՝ տեսանյութում